«Հայ ժողովուրդն ինձ ու ընտանիքիս ընդունել է ամենաբարձր մակարդակով». ընտանիքով Ադրբեջանից փախած թալիշ Շահին Միրզոև
Թալիշ բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը, ով օրեր առաջ իր ընտանիքով դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով, «Թալիշ ինֆո» լրատվական գործակալության խմբագրությանը նամակ է ուղարկել, որում ներկայացրել է Երևանում իրեն ու ընտանիքին տրամադրած լավ պայմանները:
Միրզոևը տեղեկացրել է, որ հայ ժողովուրդն իրեն ու ընտանիքին ընդունել է ամենաբարձր մակարդակով: Ակտիվիստի կնոջը, ով ծանր հիվանդ է, բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են հետագա բուժման նպատակով: «Հայաստանի իշխանություններն իրենց հերթին ապահովել են Շահին Միրզոևին և նրա երկու անչափահաս երեխաներին հարմար կացարանով և կապի միջոցներով: Այս պահին ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի հովանու ներքո»,- գրում է «Թալիշ ինֆո»-ն:
Մեջբերելով Միրզոևի նամակի եզրափակիչ հատվածը` գործակալությունը հայտնում է, որ բլոգերի խոսքով` իր ընտանիքին և առհասարակ թալիշներին Հայաստանում վերաբերում են հատուկ հարգանքով: Նա և երեխաները իրենց լավ ու ապահով են զգում, շատ գոհ են իրենց նկատմամբ առկա վերաբերմունքից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին: «Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»,- ասվում է հայտարարության մեջ։