Facebook-ն օգտագործում է օգտատերերի տվյալները՝ մանիպուլյացիայի համար. հետազոտություն
Փետրվարի սկզբին անձնական տվյալների պահպանության ոլորտում աշխատող մասնագետ Վիկի Վոյկիսը մեղադրել է Facebook-ին օգտատերերի անձնական տվյալներն օգտագործելու և դրանց միջոցով վերջիններիս մանիպուլյացնելու մեջ:
Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ
Դեռ 2014 թվականին Facebook-ը հայտարարեց, որ ամեն օր հավաքագրվում են ավելի քան 600 տերաբայթ տվյալներ: Համեմատության համար ասենք, որ նույնքան կլիներ, օրինակ, «Պատերազմ և խաղաղություն» գրքի 193 միլիոն օրինակը:
Այս տվյալների մեծ մասի մասին ընկերությունը հաղորդում է, սակայն սոցիալական ցանցը պահպանում է նաև մի շարք տվյալներ, որոնց մասին օգտատերերն անգամ պատկերացնել չեն կարող:
Վիկի Վոյկիսն առաջարկում է հասկանալ, թե ինչ գիտի սոցիալական ցանցը մեր մասին և ինչպես կարող է օգտագործել դա օգտատերերի դեմ:
Facebook-ը հավաքագրում է անգամ այն տվյալները, որոնք դուք չեք նշել
Սոցիալական ցանցը, ամենայն հավանականությամբ, գիտի ձեր էլեկտրոնային փոստը, հեռախոսը կամ հասցեն՝ անգամ այն դեպքում, երբ դուք չեք կիսվել այդ տեղեկատվությամբ: Այդ տեղեկատվությունը հասանելի է դառնում այն ժամանակ, երբ ձեր ընկերները փորձում են կապ հաստատել ձեզ հետ:
Բացի այդ, սոցիալական ցանցը կկարողանա ճանաչել ձեր դեմքը, ֆիզիկական տվյալները: Ամեն անգամ, երբ դուք լուսանկար եք բեռնում, ալգորիթմը կազմում է ձեր դեմքի թվային բիոմետրիկ շաբլոնը:
Ի՞նչ է անում սոցցանցը ձեր տվյալների հետ
Առաջին հերթին՝ ընկերությունը կարող է վաճառել ձեր տվյալները գովազդատուներին: Նկատե՞լ եք, որ նորությունների պատին հայտնված գովազդում նշվում է հենց ձեր տարիքը, հենց ձեր մարզը կամ հենց ձեր հեռախոսի մոդելը:
Բացի այդ, օգտատերերի անձնական տվյալների միջոցով սոցիալական ցանցն անում է ամեն ինչ, որպեսզի նորությունների պատը դառնա էլ ավելի հետաքրքիր ձեզ համար, և դուք ավելի շատ ժամանակ անցկացնեք ցանցում: Օրինակ, երբ դուք մի քանի անգամ մուտք եք գործում որևէ օգտատիրոջ էջ, որը չկա ձեր ընկերների ցանկում, տվյալ օգտատերը հայտնվում է ձեր «Մարդիկ, որ կարող եք ճանաչել» ցուցակում:
Բացի այս, մշակված ալգորիթմը հասկանում է ձեր հետաքրքրությունները և պարբերաբար առաջարկում է այնպիսի նորություններ, որոնք կհետաքրքրեն հենց ձեզ:
Ի՞նչ է պետք հիշել Facebook-ից օգտվելիս
Ձեր բոլոր քայլերը սոցիալական այս ցանցում և բոլոր այն կայքերում, որտեղ դուք մուտք եք գործել Facebook-ի միջոցով, հավաքագրվում են տվյալների արխիվներում:
Ըստ Վոյկիսի՝ բարդ է ասել, թե ինչ կարող է լինել ձեր անձնական տվյալների հետ, սակայն խրախուսում է սոցիալական ցանցերում լինել զգուշավոր, քանի որ հնարավոր է, որ անգամ ընկերության աշխատակիցներից մեկը կարողանա մուտք գործել ձեր հաշիվ:
Վոյկիսը խորհուրդ է տալիս հիշել և հասկանալ, որ սոցիալական ցանցերում անձնական կյանք չկա:
Ի՞նչ անել, եթե դուք ուզում եք կիսվել անձնական տվյալներով Facebook-ում
Վոյկիսն առաջարկում է հետևել մի քանի քայլերի:
- Մի հաղորդեք չափից դուրս շատ անձնական տվյալներ
- Մի հրապարակեք երեխաների նկարները, հատկապես, երբ նրանք անչափահաս են: Facebook-ը կարող է օգտագործել դրանք գովազդի համար:
- Facebook-ի համար օգտագործեք առանձին բրաուզեր:
- Օգտագործեք գավազդն արգելափակող հավելվածներ:
- Մի օգտագործեք Facebook-ի հավելվածը:
- Հրաժարվեք օգտագործել Facebook-ի մեսինջերները:
Սիրարփի Աղաբաբյան