«Օսկանյան-Օհանյան դաշինքում տեղերի գզվռտոց է սկսվել». հնարավոր է՝ ԱԻՄ-ը դուրս գա դաշինքից

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է՝ ԱԻՄ-ը դուրս գա այդ դաշինքից.

«Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում, հատկապես՝ հանրությանը ներկայացվելիք որոշակի հարցերի վերաբերյալ: Երբ դաշինք ես ձևավորում, պետք է որպես նոր երևույթ հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը, իհարկե, ցույց է տալիս, որ այս գործընթացին պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել: Միասնությունն ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ դեպքում՝ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը: Մենք ասում էինք չէ՞, որ սա հերթական խեղկատակությունն է լինելու, և մենք ուզում էինք այս խեղկատակությունն ընտրություն դարձնել՝ միասնական ուժերով այդ միջոցառմանը մասնակցելու ճանապարհով: Եթե չստացվի միասնական ուժերով աշխատել, հզոր միավորում ստեղծել, ապա ամեն ինչ ավելորդ է, և ԱԻՄ-ը կարող է հայտարարել, որ այլևս անելիք չունի այդ դաշինքում»:

Հայրիկյանի խոսքով՝ Օսկանյան-Օհանյան դաշինքում «տեղերի գզվռտոց» է սկսվել. «Երբ կա դիկտատուրա, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մեկ այլ բնույթի, ապա ավելի հեշտ է տեղերի հարցը լուծել, իսկ ժողովրդավարական կառույցներում մի քիչ դժվար է: Բայց ես քննադատելու համար չեմ եկել, իրավիճակն եմ ներկայացնում: Գզվռտոց է սկսվել տեղերի համար, բայց եթե դու գնում ես հաղթելու, ուզում ես երկրում ինչ-որ բան փոխել, այդ ի՞նչ կարևոր է, թե ցուցակի որ տեղում կլինես՝ առաջի՞ն, թե՞ քսաներորդ: Ելնելով դրանից՝ ես ասացի, որ այդ գզվռտոցին ԱԻՄ-ը չի մասնակցի, ես համաձայն եմ լինել տասներորդ տեղում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս