«Գերմանիան ևս իր նպաստը բերեց ապրիլին Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների դադարեցմանը». դեսպան

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ՝ երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Գերմանիայի դիրքորոշման, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ:

-Պարոն դեսպան, այս տարի Հայաստանը և Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը և համագործակցությունը բազմակողմ միջազգային ձևաչափերում:

– 2017 թվականը, իրոք, հատկանշական տարի է մեր երկու երկրների հարաբերությունների պատմության համար. 25 տարի առաջ դրվեցին հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հիմնաքարերը:

Երկուսուկես տասնամյակ անց պետք է արձանագրեմ, որ այդ հարաբերություններն անցել են զարգացման բնականոն ուղի, եւ այսօր կարող ենք խոսել բազմոլորտ համագործակցության եւ քաղաքական երկխոսության համահունչ ընթացքի մասին:

Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Գերմանիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտումը պայմանավորված է միջազգային ասպարեզում այդ երկրի քաղաքական եւ տնտեսական ակտիվ դերակատարմամբ, Եվրամիության մեջ ունեցած նրա ծանրակշիռ դիրքով, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի կողմից ցուցաբերվող հետաքրքրությամբ:

Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցող ամենաակտիվ դոնոր երկրներից է՝ ԱՄՆ-ից հետո` երկրորդը: Զարգացման համագործակցության քաղաքականության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին 1992 թվականից ի վեր հատկացնում է տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության` GIZ-ի եւ Վերակառուցման վարկային բանկի` KfW-ի միջոցով:

Գերմանիան Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում գրավում է առաջին տեղը: Ներկայումս Հայաստանում գրանցված է գերմանական կապիտալի մասնակցությամբ մի քանի տասնյակ   ձեռնարկություն:

Ակտիվ փոխգործակցություն է ծավալվում մշակութային, գիտակրթական, ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական, ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում, առկա է լայն իրավապայմանագրային դաշտ: Հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվել Հայաստանի Ազգային ժողովի եւ Գերմանիայի Բունդեսթագի միջեւ. Բունդեսթագում գործում է Գերմանա-հայկական ֆորում:

Ակտիվ համագործակցություն է ծավալվում ռազմական ոլորտում՝ ռազմական բժշկության, ռազմական կրթության,  փորձի փոխանակման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: 2010-ից Աֆղանստանում անվտանգության ապահովման ուղղությամբ խաղաղապահ առաքելություն  ՀՀ ԶՈւ  ստորաբաժանումը  իրականացնում է ԳԴՀ  ԶՈՒ հրամանատարության ներքո:

Քաղաքական երկխոսության խթանման տեսանկյունից կարեւորվում են բարձրաստիճան այցերը, հատկապես վերջին շրջանում՝ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Գերմանիա անցյալ տարվա ապրիլին, ինչպես նաեւ ԱԳ նախարարների մակարդակով ձեւավորված կանոնավոր երկխոսությունը:

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել են տարբեր ոլորտներում 60-ից ավելի միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրեր:

Այս տարի Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես սկսում է Երեւանում Գյոթեի ինստիտուտի հիմնադրման գործընթացը, մասնավորապես՝ տարվա ընթացքում կբացվի Գյոթեի անվան կենտրոնը, ինչն էլ, ըստ գործող ընթացակարգի, կնախապատրաստի ինստիտուտի հիմնադրումը Հայաստանում: Այսպիսով, արդեն իսկ ակտիվ մշակութային եւ գիտակրթական համագործակցությունը կդառնա լիարժեք:

Վերջին շրջանում Հայաստանը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել տնտեսական դիվանագիտությանը: Ի՞նչ մակարդակի են հայգերմանական տնտեսական հարաբերությունները, մասնավորապես ո՞ր ոլորտներում եք զարգացման հեռանկարներ տեսնում: Ձեր ունեցած ամենաթարմ տվյալներով որքա՞ն է կազմում երկկողմ առևտրաշրջանառության ծավալը:

– Մեր ներկայիս առաջնահերթությունների շարքին է պատկանում մեր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խթանումը, որի համար, կարծում եմ, առկա է նպաստավոր իրավապայմանագրային դաշտ: Հատկապես ՀՀ-ում օրենսդրական վերջին փոփոխությունները լուրջ հնարավորություններ են ստեղծում Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար: Մենք ջանքեր ենք գործադրում այդ մասին իրազեկելու գերմանական տնտեսական շրջանակներին:

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2016-ին կազմել է  325.6 մլն դոլար: Նույն ժամանակահատվածի համար արտահանումը կազմել է 138.9 մլն դոլար, ներմուծումը, ըստ ապրանքի ծագման երկրի, 186.6 մլն դոլար,  իսկ ըստ առեւտուր անող երկրի` 154 մլն դոլար: Այս ցուցանիշներով Գերմանիան Ռուսաստանից եւ Չինաստանից հետո Հայաստանի երրորդ առեւտրային գործընկերն է, իսկ ԵՄ երկրների շարքում` առաջինը:

Գերմանիայից Հայաստան են ներմուծվում հիմնականում ավտոմեքենաներ, ավտոսարքավորումներ, քիմիական ապրանքներ, էլեկտրոնիկա: Հայաստանից Գերմանիա հիմնականում արտահանվում է բնական հումք` երկաթ, պղինձ, մոլիբդեն, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության արտադրանք։

Հայ-գերմանական տնտեսական կապերի զարգացման գործում կարեւոր տեղ է զբաղեցնում գերմանական «Cronimet» ընկերությունը, որը 2004-ին ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 70%-ը (132 մլն. ԱՄՆ դոլար): Սա Հայաստանում իրագործված գերմանական ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, ինչի արդյունքում էլ Գերմանիան հանդիսանում է օտարերկրյա խոշոր ներդրողներից մեկը Հայաստանում:

2016 թվականից Հայաստանում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել  Գերմանական տնտեսության միությունը, որը գործում է աշխարհի տարբեր երկրներում: Երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման, Հայաստանում գերմանական ներդրումները խրախուսելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են  գործարար համաժողովներ ու կլոր սեղանները: Ընթացիկ տարվա փետրվարին եւս Բեռլինում կանցկացվի մեծ տնտեսական համաժողով: Համաժողովի ընթացքում ուշադրությունը կենտրոնացնելու ենք մեր երկու պետությունների համար այնպիսի առաջնային ոլորտների եւ ծրագրերի վրա, ինչպիսին են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության, էներգետիկ ոլորտները, ենթակառուցվածքային կարեւոր ծրագրերը: Ակտիվացել են նաեւ տնտեսական բնույթի փոխադարձ այցերը:

Գերմանիան Եվրոպայում ամենաշատ միգրանտներ ընդունող երկիրն է: 2011թ. ի վեր Հայաստանը ևս առերեսվել է Սիրիայից փախստականների ընդունման խնդրին: Արդյոք այս ոլորտում կա՞ն համատեղ հայգերմանական ծրագրեր: Եթե ոչ, ապա արդյոք ծրագրվում է նման ծրագրերի ներդրում:

– Մերձավոր Արեւելքից, հատկապես Սիրիայից փախստականների ներհոսքն ու իրավիճակով պայմանավորված մարտահրավերները Գերմանիայի պետական, ինչպես նաեւ կուսակցական օրակարգի վերջին շրջանի առաջնահերթություններից են: Փախստականների հարցով Հայաստանի հետ փոքր ծրագիր է իրականացնում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը. այլ հատուկ ծրագրեր այս պահին մշակված չեն: Մենք շարունակում ենք հետեւել զարգացումներին եւ կարծում եմ այս դաշտում անելիքներ կան: Դիվանագիտական մեր լիազորությունների շրջանակում փորձում ենք անհրաժեշտության դեպքում օժանդակել  Գերմանիայում ապաստան խնդրող սիրիահայ փախստականներին:

2016թի հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Հատկանշական է, որ գերմանացի պատգամավորներն ընդունեցին Գերմանական կայսրության մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը: Արդյոք տեսնում եք հեռանկար Հայոց  ցեղասպանության ժխտման քրեականացման համար Գերմանիայում:

-Անցած տարին այս առումով, իրոք, պատմական էր: Գերմանիան հերթական անգամ ապացուցեց համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների հանդեպ ունեցած իր հավատարմությունը, ինչի համար մենք շնորհակալ ենք: Արդեն իսկ խիզախ քայլ է արվել Բեռլինի կողմից. Բունդեսթագը ձայների բացառիկ համամասնությամբ՝ գրեթե միաձայն դատապարտել է մեկ դար առաջ հայերի եւ Օսմանյան Կայսրությունում ապրող այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը:

Պատմական այս բանաձեւի պատրաստմանը մասնակցեցին Բունդեսթագի չորս խմբակցությունից երեքը, նրա օգտին քվեարկեցին բոլոր խմբակցությունները: Իրականում սա երկարատեւ եւ նպատակաուղղված աշխատանքի արդյունքն էր:

Չեմ ցանկանում բանաձեւի հնարավոր զարգացման մասին  կանխատեսումներ անել, քանզի ճիշտ չեմ համարում հատկապես նման զգայուն հարցի շուրջ շահարկումների առիթ տալը: Ասեմ միայն, որ մենք շարունակում ենք աշխատանքներ տանել, որպեսզի Հայոց ցեղասպանության թեման հիշողության քաղաքականության իմաստով վառ մնա գերմանական քաղաքական եւ հասարակական լայն շերտերում, որպեսզի Գերմանիայի նոր սերունդը եւս առերեսվի եւ ճանաչի այս՝ ոչ շատ վաղ անցյալում տեղի ունեցած ոճիրը՝ իբրեւ դաս, իբրեւ խոհ եւ հիշատակ: Այստեղ չպետք է մոռանալ, որ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայե րի ցեղասպանությունը համընդհանուր եվրոպական հիշողության մի մասն է:

Ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ինչպես նաև վերջինիս դերակատարումը որպես ԵԱՀԿ նախագահող երկիր 2016թին

– Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բեռլինի որդեգրած դիրքորոշումը:

Այդ առումով մեզ համար ողջունելի են ինչպես ԵԱՀԿ նախագահության օրոք, այնպես էլ դրանից առաջ Գերմանիայից հնչած հավասարակշիռ հայտարարությունները: Պաշտոնական Բեռլինը բազմիցս է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր մոտեցման մասին: Ապրիլյան պատերազմի օրերին չուշացավ այն ժամանակվա ԱԳ նախարար Շտայնմայերի հայտարարությունն այն մասին, որ ուժի գործադրումն անընդունելի է եւ չի կարող խնդրի լուծում դառնալ: Այսպիսով, Գերմանիան եւս իր նպաստը բերեց ապրիլին Ադրբեջանի հրահրած լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցմանը:

Պարոն դեսպան, ունե՞ք մի բանաձեւ, որով շարժվում եք Ձեր  այս պատասխանատու պաշտոնում

-Երբեք չեմ մտածել շարժվել հատուկ բանաձեւերով, քանզի յուրաքանչյուր իրավիճակ իրեն հատուկ, երբեմն չկրկնվող վերաբերմունք է պահանջում: Սակայն կան սկզբունքներ, որոնց, թերեւս, անփոփոխ կերպով հավատարիմ եմ մնում ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական շատ հարցերում: Այստեղ կառանձնացնեմ, թերեւս, «փորձելու» սկզբունքը, փորձելու արվեստը, այն է՝ փորձել թեկուզ անհնարին թվացող իրավիճակներում: Սա այն փոքր քայլերի արվեստն է, որը լուրջ հիմնաքար է հատկապես դիվանագիտության մեջ հաջողություններ ունենալու հարցում՝ փորձել ամեն ինչ, փորձել թեկուզ անհաղթահարելի, անիրականանալի թվալու դեպքում:

Գերմաներենում այսպիսի մի ասացվածք կա, իրականում՝ հռոմեական ծագմամբ՝ տեւական կաթիլները քար են ծակում: Ես այդ կաթիլների կողմնակիցն եմ, ամեն մի հատիկ կաթիլի, որը փոքր, չնչին եւ անուժ է թվում, սակայն դա ընդամենը թվացյալ է, քանզի շատ հաճախ հաջողությունն այդ կաթիլներին հավատալու, նրանց հարատեւությունն ու հաճախականությունն ապահովելու մեջ է:

Հարցազրույցը՝ Արմեն Ղազարյանի

Տեսանյութեր

Լրահոս