«Մոսկվան հայաստանյան ներքաղաքական զարգացումներում բարդ դրության մեջ է հայտնվել». Ալեքսանդր Սկակով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սկակովը

– Պարոն Սկակով, խորհրդարանական ընտրություններից առաջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով համարվում էր իշխող ՀՀԿ-ի երկրորդ դեմքը, հայտարարեց կուսակցությունը լքելու մասին։ Քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ընտրություններին ընդառաջ` դաշինք է փորձում ձևավորել։ Այս իրադարձությունների ֆոնին փոքր-ինչ ստվերում մնաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Մոսկվա, ինչը ևս կարելի է դիտարկել ՀՀ ներքաղաքական զարգացումների ֆոնին։ Ինչպե՞ս կարելի է գնահատել այս այցի արդյունքները` հաշվի առնելով տեսակետները, թե Կարապետյանն ավելի արդյունավետ կարող է բանակցել ռուսական կողմի հետ, քան նախկին վարչապետները։

– Կարծում եմ, որ տարբեր պատճառներով, այդ թվում` ելնելով Կարապետյանի ռուսական կապերից, որոնք նախորդել են նրա նշանակմանը վարչապետի պաշտոնում, հաշվի առնելով հեղինակությունը` որպես ոչ այնքան քաղաքական գործիչ, որքան լավ կառավարիչ, Մոսկվան ամենադրական վերաբերմունքն ունի Կարապետյանի նկատմամբ։ Կարող եմ ասել, որ մեր վերաբերմունքն այդքան էլ միանշանակ չէ ՀՀ ներկայիս նախագահի նկատմամբ, քանի որ նրա որոշ քայլեր թվում են անտեղի, անժամանակ, հայաստանյան իրողություններին չհամապատասխանող, ոչ այնքան համարժեք, բայց ես կարծում եմ, որ Կարապետյանի նշանակումը ճիշտ քայլ էր, և դա ըստ արժանվույն գնահատվեց Մոսկվայում։ Ուստի կարծում եմ, որ այցի արդյունքները ևս կարելի է արդյունավետ համարել. այցն անցավ աշխատանքային մթնոլորտում, ինչպես փաստեցին իրենք` վարչապետները։

– Այդ այցը Հայաստանում շատերը քննարկում են նաև ներիշխանական իրողությունների և հայաստանյան նախընտրական իրավիճակի զարգացման տեսանկյունից։ Իրականում այդ այցը դիտարկվում է ներքաղաքակա՞ն, թե՞ արտաքին քաղաքական տիրույթում։

– Կարծում եմ, որ կարելի է տեսնել և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական բաղադրիչ։ Եթե Մոսկվան համակրում է Կարապետյանին, դեմ չէ ցույց տալ նրա նկատմամբ վերաբերմունքն ընտրություններին ընդառաջ։ Լրացավ Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը, ու կարծում եմ, որ այցն այս արդյունքներով սպասված էր և տեղին։

– Ուշագրավ էր նաև օրերս շրջանառության մեջ հայտնված տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանում է եղել ՀՀ նախկին վարչապետ Աբրահամյանը, ով ներկայումս, ըստ էության, փորձում է իրեն նորովի դիրքավորել քաղաքական դաշտում և նախընտրական փուլում։ Ավելին, նա հանդիպել է ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ։ Ըստ Ձեզ` դա կարո՞ղ է որևէ կերպ ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումների վրա։

– Ես չեմ կարծում, որ Մոսկվան նրան դիտարկում է` որպես հեռանկարային քաղաքական գործիչ։ Հանդիպման այս ժամկետը պատահականություն եմ համարում։ Հարցն այն է, որ Մոսկվայում լուրջ բիզնես լոբբի կա Հայաստանի հետ կապված, այդ թվում` նախկին վարչապետի հետ բիզնես կապեր կան։ Ուստի, անկասկած, ամենաբարձր մակարդակով Աբրահամյանն օգտագործում է շփումը, իր նախկին կապերը սեփական բիզնես շահերի առաջմղման համար` գուցե հույս ունենալով, որ այդ հանդիպումը կդիտարկվի` որպես Մոսկվայի կողմից աջակցություն։ Բայց Մոսկվան խաղադրույքներ չի կատարի նախկին վարչապետի վրա` որպես քաղաքական գործիչ, չեմ կարծում, որ որևէ մեկը դա լուրջ դիտարկում է` հաշվի առնելով նրա ծայրաստիճան ցածր վարկանիշը և անցյալի վարած քաղաքականությունը։

– Իսկ ո՞ր ուժի կամ գործչի վրա խաղադրույքներ կկատարի Մոսկվան, որը սովորաբար հետխորհրդային խաղադրույքներ է կատարում իշխող ուժերի և գործող նախագահի վրա։

– Ինչպես ասացի, այս դեպքում նախագահի հետ հույսեր կապելը Մոսկվայի համար շատ բարդ է, քանի որ, չնայած նրա նկատմամբ այստեղ առկա շատ լավ վերաբերմունքին, նրա ոչ բոլոր քայլերն են թվում ադեկվատ ներկայիս իրավիճակում։ Ուստի լուրջ, մեծ խնդիր է առաջացել, քանի որ չկա որևէ ուժ, չկա մի գործիչ, որի վրա խաղադրույք կարող է կատարել Մոսկվան։ Մի կողմից` մենք ունենք սովորույթ, ինչպես նշեցիք, հույսեր կապել իշխող ուժի հետ, այս դեպքում` Հանրապետական կուսակցության հետ, բայց լիարժեք վստահություն իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ Մոսկվայում չկա, չկա նաև վստահություն, որ առկա մարտահրավերներին ժամանակին կկարողանա լուծում տալ։

– Սարգսյանի ո՞ր քայլերի մասին է խոսքը։

– Կարող եմ նշել դրանցից մեկը։ Սահմանադրական բարեփոխումները, որոնց հաստատումն արագ կարգով կազմակերպվեց։ Սա անհասկանալի քայլ էր։

– Փաստորեն, ըստ Ձեզ` Մոսկվան լինելու է դիտորդի դերում այս ընտրություններին ընդառաջ։

– Այո, ներկայումս Մոսկվան դիտորդի դերում է, քանի որ չգիտի, թե ում հետ կարելի է հույսեր կապել։ Հաշվի առնելով ներկայիս իշխանությունների ցածր հեղինակությունը, որը բոլորին է հայտնի, այդ հեղինակությանը մեծ հարված հասցրին նաև ամառվա իրադարձությունները ՊՊԾ գնդի շուրջ, այդ պաշարումը բացահայտեց առկա վերաբերմունքը հիանալի կերպով։ Սակայն, մյուս կողմից, իհարկե, վարկանիշը ցածր է, բայց իշխանությանն այլընտրանք Մոսկվայում չեն տեսնում, Մոսկվային այդ այլընտրանքը տեսանելի չէ, գուցե Երևանում հասարակության համար կան այլընտրանքներ, բայց Մոսկվայի համար` ոչ։ Ուստի, Մոսկվան բավականին բարդ դրության մեջ է հայտնվել։

– Հայաստանում մի շարք փորձագետներ գտնում են, որ Կարեն Կարապետյանը կարող է նման այլընտրանք դառնալ։ Ի՞նչ եք կարծում այս պնդումների մասին։

– Դա կախված է լինելու հենց Կարեն Կարապետյանից և նրա հետագա գործունեությունից։ Սկզբունքորեն` ինչո՞ւ ոչ։ Եղել են դեպքեր, երբ ի սկզբանե տեխնիկական ֆիգուրները, ինչպիսին Կարապետյանն է, ովքեր այսպես թե այնպես հաղթահարել են իրենց առջև դրված տեխնիկական խնդիրները, դարձել են քաղաքական ֆիգուր։ Ինչո՞ւ ոչ, գուցե դիտարկվի այլընտրանք, սակայն այս պահին դա դժվար է ուրվագծվում։

– ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դաշինք է ձևավորում։ Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն են Ծառուկյանի հնարավորությունները` հաշվի առնելով նրա քաղաքական անցյալը։

– Անկեղծ ասած, հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ և ինչպես, ինձ թվում էր, որ նա չունի որևէ հնարավորություն քաղաքականություն վերադառնալու համար։ Այսինքն` առնվազն նա կարող է փորձել վերադառնալ, ինչն էլ ներկայումս անում է, բայց չափազանց աղմկահարույց և ամոթալի կերպով նա հեռացավ քաղաքականությունից։ Ես չեմ տեսնում հաջողության հնարավորություն նրա համար։

Տեսանյութեր

Լրահոս