Խաչատուր Սուքիասյանը հեռանո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագրից»

Այսօր տեղեկություն տարածվեց, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) հետ։ Սուքիասյանի մամուլի խոսնակն ասել է, թե տարբեր քաղաքական ուժեր գործարարին ընտրություններին մասնակցելու առաջարկ են ներկայացրել, և նա այժմ քննարկումներ է ունենում նրանց հետ:

Սակայն հայտնի էր, որ Խ.Սուքիասյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը։ 168.am-ը  ՔՊ վարչության նախագահ Սասուն  Միքայելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են նշանակում Սուքիասյանի այս հանդիպումները, հնարավո՞ր է՝ խնդիրներ կան ՔՊ-ի ու Սուքիասյանի համագործակցության առումով։ Հայտարարելով, որ իր և Սուքիասյանի միջև հանդիպում չի եղել, Ս.Միքայելյանը հրաժարվեց խոսել ֆինանսական աջակցության մասին և հորդորեց միայն քաղաքական հարցեր քննարկել։

«Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն եմ, իմ հետ նման հանդիպում չի եղել»,- ասաց նա։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի հնարավոր ընդլայնմանը՝ Ս. Միքայելյանը հայտնեց, որ այլ ուժերի հետ բանակցությունները շարունակվում են, բայց առայժմ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. «Գիտեք, որ կոնսենսուսով է, պետք է 3 ուժերը համաձայնություն տան։ Երբ պարզ կլինի՝ կհայտարարենք»։

Տեսանյութեր

Լրահոս