«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը հետաձգվեց ռուս-բելառուսական տարաձայնությունների պատճառով». Տարասով
«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը խնդիր չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում պնդեց «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին։ Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան աշխատանքային այցով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Երկու ամիս առաջ երևանյան գագաթաժողովի ժամանակ նախատեսվում էր, որ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչը, սակայն նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել: Նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովին:
Սակայն գագաթաժողովի ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրեց, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է և քննարկվելու է ապրիլին կայանալիք գագաթաժողովի ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով պետերբուրգյան գագաթաժողովից, պնդել էր, որ քննարկվելու է գլխավոր քարտուղարի հարցը և քննարկվում է մի քանի թեկնածություն։ Նշենք նաև, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցում սահմանվել է ռոտացիոն փոփոխության ընթացակարգ, համաձայն որի՝ Բորդյուժայից հետո հաջորդ գլխավոր քարտուղար դիտարկվել է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ձգձգումը պետք է դիտարկել ռուս-բելառուսական տարաձայնությունների առանցքում։ «Նախ՝ նշեմ, որ այս անգամ հարցը կրկին հետաձգվեց, քանի որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր ժամանել մասնակցելու ԵՏՄ և ՀԱՊԿ նիստերին, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման համար անհրաժեշտ էր քվորում ունենալ, ինչը չապահովվեց։
Հարցը, միանշանակ, ՀՀ ներկայացուցիչը չէ, հարցն այն է, որ վերջերս լուրջ խնդիրներ են ծագել Մոսկվայի և Մինսկի միջև։ Այդ խնդիրները վերաբերում են ուկրաինական ճգնաժամին, ապա Բելառուսը ցանկանում է խաղարկել ազգայնական էլեմենտները, Բելառուսի իշխանությունները կալանավորեցին որոշ ռուս բլոգերների՝ սահմանափակելով նրանց գործունեությունը։
Մինսկի այս քայլերը որոշակի խնդիրներ են առաջացրել Մինսկ-Մոսկվա հարաբերություններում։ Այս դեպքում Բորդյուժայի փոխարեն՝ ՀՀ ներկայացուցչի նշանակումը խնդիր չէ, սա հանգամանքների համընկնում է, բայց կրկնում եմ, որ հարցը Հայաստանը չէ։ Հայաստանի թեկնածուի շուրջ տարաձայնություններ չկան, կան երկկողմ մակարդակում տարաձայնություններ»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը՝ բացառելով այն տեսակետների իրատեսականությունը, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ գլխավոր թեկնածուի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը խոչընդոտում են Ղազախստանն ու Բելառուսը՝ չցանկանալով, որպեսզի ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ հարթակն օգտագործի՝ ի օգուտ ԼՂ հակամարտությունում հայկական դիրքերի ամրապնդման։
Խոսելով ՀԱՊԿ դերակատարման մասին ԼՂ հակամարտության գոտում և ՀՀ անվտանգության հիմնահարցերում՝ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ-ը հանրայնորեն իր անհանգստությունն է հայտնում այն բացասական զարգացումների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում հակամարտության գոտում։
Ըստ նրա, ՀԱՊԿ-ն դոկտրինի մակարդակում չի նախանշում իր դիրքորոշումն այս հարցում, քանի որ կան իրավաբանական նրբություններ։ «ՀԱՊԿ-ը պաշտպանում է ՀՀ տարածքը, Ղարաբաղը չեզոք գոտի է դիտարկվում, իրավաբանորեն իբրև թե Ադրբեջանին է ենթարկվում, բայց, փաստորեն, իրականում նման բան գոյություն չունի։
ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում բոլորը կիրթ մարդիկ են և հիանալի հասկանում են, որ, եթե լինեն լուրջ, վտանգավոր զարգացումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա ՀԱՊԿ-ը ստիպված է լինելու միջամտել, ուստի ՀԱՊԿ-ը ներկայումս իրեն դիտարկում է զսպող դերակատարության շրջանակում։
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կա ուժերի անհամապատասխանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանը «Իսկանդերներ» տրամադրեց, միացյալ խմբավորում ձևավորվեց, ՀՕՊ համակարգ, սա նշանակում է, որ Հայաստանն ունի հզոր գործընկերներ՝ ի դեմս Ռուսաստանի, իսկ մնացած երկրներն իրենց դեռ չեն դրսևորում։ Ի դեպ, Սանկտ Պետերբուրգում Ղազախստանը, որը մշտապես զբաղվում էր Ադրբեջանի լոբբինգով, հիանալի կերպով հարաբերվեց Սերժ Ազատովիչի հետ, ինչը դրական ազդանշան է այն մասին, որ Նազարբաևը սկսում է հաշվի նստել նոր իրողությունների հետ»,- ասաց Տարասովը։