«Հակամարտությունը կարող է ավելի խորանալ. Տաբուներ են անընդհատ հանվում». Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ նախորդ տարիների համեմատ՝ 2016 թվականը կարևորագույն տարի էր.

«Իհարկե, առաջին հերթին՝ խոսքն ապրիլյան պատերազմի մասին է, որը կարծես թե սթափեցրեց կողմերին, հիշեցրեց այն մասին, որ խնդիրը լուծված չէ, որովհետև մինչ այս գոնե Հայաստանի իշխանությունների մոտ կար հանգստություն, թե խնդիրը լուծված է, և այս ստատուս- քվոն կարելի է հավերժ պահել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա այսպես չէ, և կարծես իշխանություններն էլ որոշ դասեր առան. պաշտպանության նախարար փոխվեց: Հույս ունեմ, որ հիմա տանկերում արդեն վառելիք կա, ակումուլյատորները տոնովաճառում այլևս չեն վաճառվում… Հետևություններ կային, բայց դրանք միշտ չէ, որ ճիշտ էին. խոսքը 1000 դրամների մասին է, որ, փաստորեն, պետության պարտականությունները կրկին դրվեցին քաղաքացիների վրա»:

Ըստ նրա՝ 2016թ. տարածաշրջանում տեղի ունեցավ սպառազինությունների ինտենսիվ ներհոսք. «Ոչ միայն շատ սպառազինություններ եկան, այլ նաև դրանք ավելի մահաբեր էին, ավելի վտանգավոր: Քանի որ նորմատիվ սկզբունքները չեն գործում՝ Ադրբեջանը կիրառեց զենքեր, որոնք մինչև հիմա արգելված էին, սա ցույց է տալիս, որ հակամարտությունը կարող է ավելի խորանալ: Տաբուներ են անընդհատ հանվում»:

Քաղաքագետի խոսքով՝ 2016թ. բանակցային պրոցեսում տեսանք երկու փուլ. «Առաջինը հենց պատերազմից հետո էր, երբ Հայաստանն ու համանախագահներն ուզում էին անմիջապես Ադրբեջանին բերել բանակցային սեղանի մոտ, քանի որ բանակցությունները պատերազմը կանխելու միջոց են, և մենք ունեինք դրա կարիքը: Սեպտեմբերից հետո մենք տեսնում ենք, որ հիմա կարծես Ադրբեջանն է ավելի շահագրգիռ բանակցությունների հարցում, բայց Հայաստանն է խուսափում: Ես սա կկապեի սեպտեմբերին իսկանդերների ցուցադրման, նոր տեխնիկայի ձեռքբերման հետ: Այսինքն՝ մենք ավելի շատ սկսեցինք հույսը դնել ռազմական գործոնի վրա»:

Կարդացեք նաև

Ա. Ենոքյանի կարծիքով՝ այս տարին բնորոշվեց Ռուսաստանի գործոնի կտրուկ ավելացմամբ. «Մենք տեսանք, որ նույնիսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Ռուսաստանը սկզբում ցանկանում էր անցկացնել պարզապես իր հովանու տակ և շատ ավելի ուշ ստիպված եղավ ներգրավել նաև ԵԱՀՄ ՄԽ համանախագահներին, և գոնե գրվեց, որ դա ՄԽ պրոցեսի մաս է: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն անմիջապես իր ձեռքն է վերցնում պրոցեսը, որովհետև հենց նա է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առանձին պայմանավորվում, թե ինչպիսին պետք է լինեն լուծումները: էլ չեմ խոսում այն մասին, որ ամբողջ հակամարտության ինտենսիվությունը Ռուսաստանի կողմից կառավարվում է՝ իր կողմից մատակարարվող սպառազինություններով»:

Ամփոփելով՝ փորձագետը նկատեց՝ կարելի է ասել, որ իրավիճակն ավելի վատ է, քան մեկ տարի առաջ, որ պատերազմի հավանականությունը չի վերացել, որովհետև խնդիրները լուծված չեն, որ ներքին որևէ ընդվզում սրա դեմ՝ իշխանությունները կարողանում են կառավարել. «Խոսքը վերաբերում է նույն «Սասնա ծռերի» հետ կապված խնդրին, որ կարողացան այնուամենայնիվ իշխանությունները հանգիստ անցնել այդ փուլը, խոսքը վերաբերում է նույն 800 հա-ին, որ սկզբում կարծես լուրջ խնդիր էր, և հիմա ընտրություններին մնացել է ընդամենը 3-4 ամիս, բայց որևէ ընդդիմադիր ուժ այս խնդիրը կրկին չի բարձրացնում: Սա նշանակում է, որ այս բոլոր հարցերն իշխանությունները կարողանում են լուծել, ներքին սպառնալիք նրանք չեն տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս