«Թուրքիան և Ռուսաստանը միմյանց միջև բաժանել են Սիրիայում ազդեցության գոտիները». Վիկտոր Նադեին Ռաևսկի
«Սիրիական հակամարտության պատճառով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այլևս երբեք չեն լարվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամում ձևավորվող նոր իրողություններին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Արևելյան Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է զինյալ խմբավորումներից։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը, առաջնորդվելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով, հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրվել է քաղաքի տարածքը, որտեղ ապրում է Հալեպի ավելի քան 90 հազար բնակիչ»։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել էր նաև Սիրիայի պետական հեռուստաալիքը։ Նշենք նաև, որ Կրեմլին անհանգստացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի օրերս հնչած հայտարարությունն այն մասին, թե թուրքական ուժերը Սիրիայում են արդարություն հաստատելու և Ասադի ռեժիմը տապալելու նպատակով։
Վիկտոր Նադեին Ռաևսկին գտնում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի կարգավորվելու մոտ ապագայում, քանի որ բոլոր կողմերը հաստատակամ են իրենց դիրքորոշումներում։ «Դրա վառ ապացույցն էր օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, թե թուրքական ուժերը Սիրիայում են Ասադի ռեժիմը տապալելու համար, ինչի համար Կրեմլը բացատրություն պահանջեց։ Թվում էր, թե ռուս-թուրքական ջերմացումը պետք է էապես հարթեր տարաձայնությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև նաև Սիրիայում, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է Ասադի ռեժիմի ու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը։
Իհարկե, այս հայտարարությունը որոշ հարցեր բարձրացրեց, ինչը պարզաբանվեց Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում, որում Թուրքիայի նախագահը ևս շեշտել է, որ հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին։ Պետք է հաշվի առնենք, որ Էրդողանը երկակի և զգացմունքային կերպար է, ինչը հատկապես Սիրիայի պարագայում նույնիսկ հասկանալի է, քանի որ օրեր առաջ Սիրիայում հարձակվել էին թուրքական ուժերի վրա, սա ևս անհանգստացնում է Անկարային։
Այնուամենայնիվ, հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ որոշ հարցերում նույնիսկ համաձայնություն կա, և չի բացառվում նույնիսկ համագործակցություն երկու ուժերի միջև Սիրիայում։ Սա հեշտացնում է ճգնաժամի հետագա ընթացքը, քանի որ թվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը միմյանց միջև բաժանել են Սիրիայում ազդեցության գոտիները։ Բացի դրանից, ինչպես ցույց տվեց ժամանակը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են զիջումների գնալ Սիրիայում, քանի որ հարաբերությունների վատթարացման գինը շատ ավելի թանկ է»,- նման կարծիք հայտնեց թուրքագետը՝ շարունակելով, որ միայն Ռուսաստանից և Թուրքիայից Սիրիայում ոչինչ կախված չէ։
Ըստ նրա՝ առաջիկա մեկ ամիսը որոշիչ է լինելու սիրիական ճգնաժամի հետագա ընթացքի համար, քանի որ Սիրիայի ազգային բանակը նպատակադրվել է ազատագրել Հալեպ քաղաքը, բայց հայտնի չէ՝ զարգացումներն ինչ ուղիով կգնան։
«Պարզ է մեկ բան, որ սիրիական հակամարտության պատճառով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այլևս երբեք չեն լարվի, ինչն արդեն իսկ որոշակի կայունություն կապահովի Սիրիայում, իսկ թե ինչպես կդրսևորեն իրենց մյուս ուժերը, ցույց կտա առաջիկա մեկ ամիսը»,- ասաց Նադեին-Ռաևսկին։