«Մենք թվացյալ, վախի մթնոլորտում ծնված վստահության կարիք չունենք». Էդուարդ Շարմազանով
Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը
– Պարոն Շարմազանով, ՀՀԿ համագումարից առաջ շատ են խոսակցությունները, որ կուսակցության գործադիր մարմնի կազմը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու, նաև փոխնախագահն է փոխվելու։ Ձեր կարծիքով` կա՞ այս կարգի փոփոխությունների անհրաժեշտություն։
– Ես սովորաբար կուսակցության կանոնադրական և ծրագրային փոփոխությունների մասին խոսում եմ կուսակցության գործադիր մարմնի նիստերի ընթացքում և առաջարկություններ եմ ներկայացնում նախագահ Սարգսյանին։ Եվ չեմ կարծում, որ քանի դեռ կուսակցությունում քննարկումները չեն ավարտվել, և ես իմ ամբողջական առաջարկները չեմ ներկայացրել, կոռեկտ է մամուլի էջերում կարծիք ներկայացնել։ Ուրբաթ օրը կլինի ԳՄ նիստ, որի ընթացքում կքննարկենք բոլորիս առաջարկությունները և կգանք որոշման և այդ որոշմամբ կգնանք դեպի համագումար։
– Դուք նախկինում ասել էիք, որ ղեկավար կազմում փոփոխությունները չեն բացառվում։
– Այո, ես այսօր էլ մնում եմ այն կարծիքին, որ գործադիր մարմնում փոփոխությունները չեն բացառվում, և գոնե 1-2 փոփոխություն կամ առնվազն համալրում կլինի, որը շատ տրամաբանական է, քանի որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, և մշտապես համագումարից համագումար մեզ մոտ բնական փոփոխություն կատարվել է։ Օրինակ` ես չեմ ծնվել ՀՀԿ ԳՄ անդամ, ես եղել եմ շարքային անդամ, հետո` խորհրդի անդամ, հետո` 2008թ.-ից, ԳՄ անդամ, ինչպես Սամվել Նիկոյանը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, դրանից հետո Տիգրան Սարգսյանն է դարձել ՀՀԿ անդամ, ապա` ԳՄ անդամ։ Վերջին համագումարի ժամանակ Վահրամ Բաղդասարյանը դարձավ ԳՄ անդամ։ Այսինքն` պարբերաբար, մշտապես մեզ մոտ որոշակի փոփոխություններ եղել են, և հաշվի առնելով այդ ամենը` ես չեմ բացառում, որ նաև նոր ավյունով կհամալրվի ՀՀԿ գործադիր մարմինը։ Թե ինչքան կլինի դա քանակական առումով, չեմ կարող ասել, կքննարկենք, ուրբաթ կասեմ։ Բայց մեզ մոտ մշտապես շտկումներ մտցվում են արդյունավետ կառավարման և կուսակցական կյանքն արդյունավետ դարձնելու համար։
– Այդ փոփոխություններն ու ավյունն արդյոք կնպաստե՞ն, որպեսզի կուսակցության հանդեպ հանրության վստահությունը բարձրանա։
– Վստահությունն ավելի շատ զգացմունքային կատեգորիա է, և մենք կարող է տարակարծիք լինենք այդ հարցում։ Քաղաքական ուժերի նկատմամբ վստահության լավագույն ցուցիչն ընտրություններն են։ ՀՀԿ-ն` որպես ժողովրդավարական արժեքների դավանող կուսակցություն, երբեք չի հավակնել ունենալ 100%-անոց վստահություն։ Դա չունի ոչ մի քաղաքական ուժ աշխարհում։ 100%-անոց վստահությունը պարտադրված վստահություն է, որը հատուկ է տոտալիտար երկրներին։ Թվացյալ 100%-անոց վստահություն եղել է Հյուսիսային Կորեայում, ԽՍՀՄ-ում, բայց մենք կարիք չունենք թվացյալ, վախի մթնոլորտում ծնված վստահության։ Մեզ պետք է անհրաժեշտ վստահություն, որի չափը ցույց կտան ընտրությունները։
Համենայն դեպս, ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտում ամենավստահելին ու ծանրակշիռը ՀՀԿ-ն է։ Եթե կա մի ուժ, որ կարող է մրցակցել ՀՀԿ-ի հետ քաղաքական վստահության առումով, ապա խնդրում եմ` անուն տվեք։ Բոլորը խոսում են ՀՀԿ-ի դեմ պայքարելու մասին։ Ես չեմ ասում, որ թերություններ չունենք, բայց այդ թերություններով հանդերձ` ՀՀԿ-ն է այն քաղաքական ուժը, որ բարեփոխելու է Հայաստանը։
– Բայց չէ՞ որ անցած տարիների ընթացքում, լինելով իշխանության ղեկին, ՀՀԿ-ն իր խոստումները չի կատարել, տնտեսական ցուցանիշները չի ապահովել։
– Կներեք, տնտեսական անկում գրանցվել է եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, և տնտեսական ցուցանիշների ոչ բավարար լինելն այլ բան է։ Ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ։ 2004-06 թթ., երբ ունեինք երկնիշ տնտեսական աճ, մամուլը երբեք չի գրել տնտեսական վստահության և ՀՀԿ-ի բարձր վարկանիշի մասին։ Ձեր գործը քննադատելն է, մեր գործը` աշխատելն ու հաջողությունն արձանագրելը։ Իսկ հաջողության հասնելու համար մենք պետք է ունենանք մրցունակ թիմ, մրցունակ գաղափարախոսություն, մրցունակ ծրագիր և, ամենակարևորը, տեսնենք անհաջողության պատճառներն ու դրանք շտկենք։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։
– Բայց մարդիկ կյանքի բարելավում չեն զգում։ Ապրիլյան պատերազմի ու «Սասնա ծռերի» հետ կապված իրադարձություններից հետո Դուք վստահության անկում չե՞ք զգում, մարդկանց դժգոհությունը չի՞ ավելացել։
– Դժգոհություն կա բոլոր երկրներում, նաև մեր երկրում։ Եվ, այո, մեր խնդիրն է, որ այդ դժգոհությունը մեղմենք։ Ես չեմ ասում, որ դժգոհություն չկա, բայց այդ թերություններով ու դժգոհությամբ հանդերձ` ամենաառանցքային ուժը Հանրապետականն է։
– Հովիկ Աբրահամյանի, Սուրիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի հեռացումից հետո սպասում կար, որ պաշտոնանկությունների ալիքը կշարունակվի։ Սակայն դա չեղավ, իսկ այդ անձինք շարունակում են մնալ ՀՀԿ անդամ, նախընտրական շրջանում աշխատելու են կուսակցության համար։ Արդյոք սա բացասական տրամադրվածություն չի՞ ստեղծում` հաշվի առնելով նրանց վարկանիշը։
– Ուրեմն, վարկանիշը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է, իսկ մենք ժողովրդավարական քաղաքական ուժ ենք, և ժողովրդավարությունն ինքը մրցակցություն է։ Կմասնակցեն` կտեսնենք։ Վարկանիշը երևալու է ընտրությունների արդյունքում։ Եթե այդ մարդկանց նկատմամբ ավելի մեծ անվստահություն կա, թող մյուսները թեկնածություն դնեն, հաջողության հասնեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ բոլորն ուզում են հաղթել ՀՀԿ-ին, բայց մի պայմանով` ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին։ Է, եթե ՀՀԿ-ն չմասնակցի, իմ 9 տարեկան տղան էլ կհաղթի։
Փառք Տիրոջը, այսօր ՀՀԿ-ի շնորհիվ այնպիսի մի Ընտրական օրենսգիրք ունենք, որը գործնականում 0-ի է հասցնում խախտման հնարավորությունը, և ընդդիմությունն ինչ պահանջել է, այսօր ԸՕ-ում արձանագրված է, ընդհուպ` մինչև ցուցակների հրապարակում։ Բոլոր պայմանները ստեղծված են ազատ և արդար ընտրությունների համար, թող գնան և հաջողության հասնեն։