Նազարբաևը պատրաստվում է մինչև 2020 թվականը նախագահել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ նախագահական ընտրություններում իր մասնակցությանը և իր իրավահաջորդի մասին հարցին, հայտնում է Sputnik Kazakhstan-ը։
«Իմ երեխաների ժառանգականությունը չեմ նախատեսում, կարծում եմ՝ այդ հարցը մեզ համար չէ։ Իշխանության փոխանցումն ամրագրված է մեր Սահմանադրությամբ»,- ասել է Նազարբաևը՝ հավելելով, թե դեռ ոչինչ չի կարող ասել իր իրավահաջորդի մասին։
Հարցին՝ արդյոք կմասնակցի նախագահական հաջորդ ընտրություններին, Նազարբաևը ասել է, որ դա կախված է իր առողջական վիճակից և հասարակական աջակցությունից։
«Մինչև 2020թ․ կաշխատեմ, իսկ 2020թ․ մենք ձեզ հետ կհանդիպենք»,- ասել է Նազարբաևը՝ չբացելով փակագծերը։