Բաժիններ՝

«Մենք շարունակելու ենք բանակի վրա կենտրոնացնել մեր հանրային ռեսուրսի մի զգալի մասը». Վիգեն Սարգսյան

Ազգ-բանակ գաղափարի հիմքում ընկած է աշխարհի լավագույն փորձը, սակայն այն Հայաստանի մոդելն է, հարմարեցված է Հայաստանի առանձնահատկություններին և մարտահրավերներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «ազգ-բանակ» կոնցեպցիայի հիմնական դրույթները:

«Հաճախ լսել ենք, որ սա Իսրայելի, Շվեյցարիայի կամ Սինգապուրի մոդելն է, սակայն սա Հայաստանի մոդելն է` իր բոլոր առանձնահատկություններով, մարտահրավերներով և այլն: Մենք պետք է, սովորելով լավագույն փորձից, շարժվենք մեր ուղով»,- նշեց նախարարը:

Արդյոք բանակի զարգացման նոր մոտեցումն առաջ քաշելով` Վիգեն Սարգսյանը համարում է, որ նախկինում ՀՀ զինված ուժերի զարգացումն ընթանում էր սխալ ուղով. հարցի պատասխանը նախարարի համար միանշանակ է` ոչ:

«Պաշտպանության նախարար նշանակվելու առաջին օրերից առաջ եմ քաշել «ազգ-բանակ» կոնցեպցիան, որը բավականին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ: Մեր անկախության վերականգնումից 25 տարի անց, մեր բանակի գոյության 25-րդ տարում մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է փորձենք բանակաշինության մեջ ազգային բանակ կառուցելուց քայլ կատարել դեպի ազգ-բանակի կառուցում: Ես համարում եմ, որ 25 տարի անցել ենք շատ լուրջ ճանապարհ. պետական համակարգում ամենակայացած համակարգերից մեկը մեր զինված ուժերն են, ՊՆ-ն իր բոլոր կառույցներով: Վստահ եմ, որ «ազգ-բանակ» կարելի է կառուցել միայն գոյություն ունեցող հիմքի վրա: Համարելով, որ այդ հիմքը բավականաչափ ուժեղ է` այդ տեսակետից եմ առաջարկել այս մոտեցումը»,- ընդգծեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը թե՛ մարդկային ռեսուրսի, թե՛ պետության տարածքի համեմատ, անհամաչափ մեծ զինված ուժեր ունի և ունենալու է դեռ երկար ժամանակ` անկախ նրանից, թե ինչպես կզարգանա ղարաբաղյան գործընթացը, ինչքան շուտ այն կգտնի իր լուծումը, ինչպիսին կլինի այդ լուծման կիրառման ճանապարհային քարտեզը: Այնուամենայնիվ, տարածաշրջանային մարտահրավերների բնույթը և Հայաստանի հարևաններն այնպիսին են, որ երկիրը  դեռ երկար պահելու է մեծ զինված ուժեր:

«Շատ հնարավոր է, որ լինեն այնպիսի զարգացումներ, որ ժամանակի մեջ, օրինակ` տասնամյակ անց, մտածենք ժամկետային ծառայության ժամանակը կրճատելու կամ պարտադիր ժամկետայինն ուսուցման ծրագրերով և զորահավաքային կարողությունն ուժեղացնելով փոխարինելու մասին: Ակնհայտ է, որ մենք երկար ժամանակ ունենալու ենք մի վիճակ, երբ յուրաքանչյուր քաղաքացին պաշտպանական համակարգի հետ առնչություն է ունենալու: Մենք շարունակելու ենք բանակի վրա կենտրոնացնել մեր հանրային ռեսուրսի մի զգալի մասը: Հետևաբար` մենք պետք է ընտրություն կատարենք` արդյոք մենք ուզում ենք հնարավորն անել բանակի համար` ֆինանսավորել զինված ուժերը, սպառազինության ծրագրերը և այ լն, ու համարել, որ դա մի բեռ է, մի խաչ է, որը պարտավոր ենք տանել, թե հասկանում ենք, որ սա իրականություն է, որը պետք է դարձնենք առավելություն և դրա վրա կառուցենք մեր առաջընթացի գոնե մի մասը` լինի դա տնտեսության, գիտության, հասարակության դաստիարակության մեջ»,- ասաց պաշտպանության նախարարը` հավելելով, որ աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես փոքր և սահմանափակ ռեսուրսով պետությունները կարողացել են այս գաղափարը դարձնել իրենց առաջընթացի հիմնական շարժիչ:

Նրա խոսքով` այս հարցում առաջին մտահոգությունը հասարակության ռազմականացումն է: Ըստ նախարարի` «ազգ-բանակի» կառուցում բացարձակ չի նշանակում ռազմականացում, այլ զինված ուժերի ժողովրդավարացում և ինտեգրում պետական համակարգի բոլոր ոլորտներ այնպես, որ ռեսուրսն աշխատի ոչ միայն բանակի ու ԶՈՒ վրա, այլև այլ ոլորտների զարգացման վրա:

«Հասկանալի է, որ հեշտ է ասել, քան անել: Ես երկար տարիներ պետական կառավարման համակարգում աշխատելով եկել եմ եզրակացության, որ խոսքը բավականին մեծ կշիռ ունի: Շատ անգամ այն դառնում է ավելի թիրախավորված, երբ դո ւ դա դնում ես ճիշտ կաղապարի կամ կոնցեպտի մեջ: Շատ ավելի հեշտ է քննադատել մի կոնցեպտ, որն ունի կոնկրետ անուն, քան մեր պաշտպանական քաղաքականությունն ընդհանուր առմամբ: Դա նորմալ է, ես այս հարցում պատրանք չեմ ունեցել, դա շատ լավ է, քանի որ դա պարտավորեցնում է ինձ և իմ թիմին, որ մենք մտածենք, թե մեր յուրաքանչյուր քայլ ինչպես է համադրվում մեր գաղափարի հետ»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նաև հավելեց, որ այս կոնցեպցիայի տակ հասարակությունն ակնկալում է կոնկրետ, չափելի և հասկանալի քայլեր: «Այդ մոտեցմամբ ենք կազմել կառավարության ծրագրի պաշտպանությանն առնչվող հատվածը` փորձելով դրանում արտացոլել այն խնդիրները, որոնք չափելի և գնահատելի են»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս