Կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակից դժգոհ մարդկանց թիվն աճել է

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր ներկայացրեց  «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016»-ի արդյունքները։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի դեպքում ընտրանքը 1527 անձ էր, ամբողջ աշխարհում՝ 58238 անձ։ «Գլխավոր հետևությունը, որ արվել է (սա շատ հետաքրքիր, և ես կասեի՝ անհանգստացնող փոփոխություն է ամբողջ տարածաշրջանի համար) այն է, որ պարզվում է՝ եթե այն ժամանակ մարդիկ խուսափում էին բարձրաձայնել կոռուպցիայի վերաբերյալ ավելի շատ, որովհետև կարծում էին՝ դրանից առանձնապես բան չի փոխվի, մի կողմից՝ ավելի լավ է, որ սկսել են որոշ չափով հասկանալ, որ ինչ-որ բան կփոխվի. բայց նկատվել է մի անհանգստացնող երևույթ՝ մարդիկ սկսել են վախենալ։ Ոչ միայն Հայաստանում»,- ասաց նա։

Ըստ Հոկտանյանի, հարցվածների մեծամասնությունը (53%) գտնում է, որ իրենց իշխանությունները բավարար քայլեր չեն կատարում կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ. ռեկորդակիրն այս դեպքում Ուկրաինան է,որտեղ ցուցանիշը կազմում է 86%, Մոլդավան՝ 84%, Բոսնիան և Հերցեգովինան՝ 82%, Իսպանիան՝ 80%։

Հարցված յուրաքանչյուր 6-րդ քաղաքացի կաշառք է վճարել. 2013թ. համեմատ այս առնչությամբ աճ է նկատվում։ «Լիդերը Տաջիկստանն է՝ 50 տոկոս, Մոլդավան՝ 42 տոկոս։ Շատ հետաքրքիր է, որ լիդերների մեջ հայտնվեց նաև Ադրբեջանը, Ղրղըզստանի հետ միասին՝ 38 տոկոս։ Հայաստանի ցուցանիշն այդ տեսակետից 24 տոկոս է»։

Հարցին, թե որքանո՞վ են հարուստներն ազդում քաղաքականության վրա և այն օգտագործում ի շահ իրենց, շատ ավելի մեծ տոկոս է գրանցվել Արևմտյան Եվրոպայում, քան ԱՊՀ երկրներում։ «Եվրամիության բարեկեցիկ երկրների 65 տոկոսը գտնում է, որ, այո՛, հարուստները բավականին մեծ ազդեցություն են ունենում իրենց երկրի քաղաքականության վրա, այն դեպքում, երբ ԱՊՀ երկրներում դա 46 տոկոսէ»,- ասաց նա։

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ըստ արդյունքների՝ ավելի շատ մարդիկ են կարծում, որ իրենցից ոչինչ կախված չէ։ «Ես այն ժամանակ ասել էի՝ Հայաստանը ռեկորդակիրն էր։ Ասեմ նաև հիմա, որ ռեկորդակիր է մնում, բայց տարածաշրջանում ևս այս թիվն աճում է, և օրինակ՝ Եվրամիության երկրներում հասել է 47 տոկոսի, ինչը բավական տխուր թիվ է»,- ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը՝ նշելով, որ սա պետք է մտորումների առիթ հանդիսանա։

Ներկայացնելով Հայաստանին վերաբերող տվյալները՝ Վարուժան Հոկտանյանն ասաց, որ, եթե 2013թ. հարցված քաղաքացիների 21 տոկոսն էր ասում, որ իշխանությունն ինչ-որ քայլեր անում է՝ կոռուպցիան կրճատելու ուղղությամբ, այժմ  այդ թիվը նվազել է՝ հասնելով 14 տոկոսի. քաղաքացիների թիվը, ովքեր ասումեն, որ որևէ քայլ չի ձեռնարկվում, և դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից, 53 տոկոսից հասել է 65 տոկոսի։

«Ո՞ր կառույցների պետական պաշտոնյաներն են ներքաշված կոռուպցիայի մեջ» հարցի պատասխանների վերլուծության արդյունքում առաջին տեղում պետական պաշտոնյաներն են՝ 45 տոկոս, հանրապետության նախագահը և նրա աշխատակազմը՝ 44 տոկոս, հարկային մարմինների պաշտոնյաները՝ 43 տոկոս։

Հայաստանում հարցվածների 66 տոկոսը մտածում է, որ հարուստներն ազդեցություն են ունենում քաղաքականության վրա։

Հարցվածների 63 տոկոսը գտնում է, որ քաղաքացու ներգրավումից ոչինչ չի փոխվի. ԱՊՀ երկրներում սա ամենաբարձր ցուցանիշն է. Չեխիայում թիվը կազմում է 64 տոկոս։

52 տոկոսը չի ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում. հարցաթերթիկում ներկայացված պատասխաններում խաղաղ մեթոդներ են ներկայացված։ Վարուժան Հոկտանյանի ներկայացմամբ՝ հարցվածների 67 տոկոսն ասել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիայի մասին։

Տեսանյութեր

Լրահոս