Բաժիններ՝

«Պուտինին չի կարելի հավատալ». Մակքեյնը նախազգուշացրել է Թրամփին

ԱՄՆ Հանրապետական կուսակցության հայտնի սենատոր Ջոն Մակքեյնը խորհուրդ է տվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չմեղմացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը։

«Պուտինը դարձյալ միացել է Բաշար Ասադին՝ սիրիացի ժողովրդի դեմ նրա բարբարոսական պատերազմում, վերսկսելով Հոմսում և Իդլիբում լայնածավալ օդային և հրթիռային հարվածները։ Շուտով տեղի կունենա ևս մեկ դաժան հարձակում Հալեպի վրա»,- հայտարարել է Մակքեյնը։

Սենատորը նշել է, թե չի կարելի վստահել Պուտինի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնելու մասին հայտարարություններին։

«Մենք պետք է վստահենք այդ հայտարարություններին այնպես, ինչպես այլ հայտարարություններին, որ արել է ԿԳԲ-ի նախկին գործակալը, որը իր երկիրը վերածել է բռնապետության, սպանել քաղաքական մրցակիցներին, հարձակվել հարևանների վրա, սպառնացել Ամերիկայի դաշնակիցներին ու փորձել խափանել ԱՄՆ ընտրությունները»,- նշել է սենատորը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու փորձն ավարտվել է Պուտինի՝ Ուկրաինա և Մերձավոր Արևելք ներխուժմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս