Բաժիններ՝

Չավուշօղլուն երկերեսանիության մեջ է մեղադրել Մարտին Շուլցին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի այն հայտարարությունը, թե Եվրամիությունը կդադարեցնի երկխոսությունը Անկարայի հետ՝ դաշինքի անդամակցության վերաբերյալ, եթե երկրում վերականգնվի մահապատիժը, հարուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի դժգոհությունը, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Սպառնալիքները ոչ մի ազդեցություն չեն ունենա Անկարայի վրա։ Ավելի լավ կլինի, որ Եվրոպական խորհրդարանի նախագահը նախ՝ կասեցնի PKK-ի ահաբեկիչների համախոհների գործունեությունը Եվրախորհրդարանում։ Շուլցը կա՛մ ուժ չունի՝ հանդես գալու այս հակաիրավական գործողությունների դեմ, կա՛մ նա անձամբ է նրանց աջակցում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ որոշումներ կայացնելիս Անկարան ուժ է ստանում ժողովրդից և ուշադրություն չի դարձնում սպառնալիքների և ճնշումների վրա։

Հիշեցնենք, որ երեկ Մարտին Շուլցը սպառնացել է Թուրքիայի իշխանություններին երկրում քաղաքական վիճակի զարգացումների լույսի ներքո, որտեղ վերջին օրերին տեղի են ունենում ընդդիմադիրների և լրագրողների զանգվածային կալանավորումներ:

«Մենք Եվրամիությունում պետք է մտածենք, թե ինչ տնտեսական պատժամիջոցներ կարող ենք կիրառել»,- հայտարարել է Շուլցը երեկ Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ մինչև 2016թ. վերջը պետք է տեղի ունենա մաքսային միության բարեփոխում, որն արդեն 20 տարի գործում է Թուրքիայի և ԵՄ-ի միջև:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների կալանավորումներից հետո մենք կընդլայնենք մաքսային միությունը»,- հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս