«Ես միշտ ասում եմ` պատերազմը չի ավարտվել, անվտանգության հարցերին այլևս չի կարելի մատների արանքով նայել»

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 8-ին հանդիպելու են Համբուրգում: Ի՞նչ ակնկալել դեկտեմբերի 8-ին Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցն Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

– Պարոն Պողոսյան, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 8-ին հանդիպելու են Համբուրգում: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից, երբ նախկին պայմանավորվածությունները չեն կատարվել, նաև հայտարարվել էր, որ պետությունների նախագահների հանդիպում պետք է լինի, սակայն այժմ այդ մասին խոսք չկա:

– Այն, որ հանդիպում են, վատ չէ: Միշտ ասում ենք, որ, եթե հանդիպումներ են լինում, դրա մեջ կա դրական գաղափար, որ կհանդիպեն և ինչ-որ հարցեր կքննարկեն: Թե ինչի՞ մասին է դա լինելու, չգիտեմ, բայց ամեն կողմն իր շահերով է գնալու այնտեղ: Սպասելիքներ ունենա՞լ, թե՞ ոչ. եթե դուրս կգան հանդիպումից և կասեն, որ պայմանավորվել են Վիեննայի համաձայնություններն ամբողջությամբ կյանքի կոչել, դիտորդական առաքելությունն է ընդլայնվում և հետաքննման մեխանիզմներն են տեղադրվում, գուցե դրա մեջ կարելի է տեսնել ինչ-որ դրական քայլ:

Եթե հանդիպելու են և հանդիպումից հետո համանախագահներն ուղղակի առիթ կունենան ասելու, որ կողմերը մոտեցնում են իրենց դիրքորոշումները, ուրեմն պետք է հասկանալ, որ որևէ պայմանավորվածություն, որևէ բան չի եղել, որևէ իմաստ չի ունեցել, որովհետև, ըստ իս, բանակցություններից, այսօրվա դրությամբ, այս քաղաքական իրավիճակներում, երբ ԱՄՆ-ում ընտրություններ են, երբ Ֆրանսիայի համանախագահը նոր է փոխվել, որևէ մի պայմանավորվածություն Վիեննայի հանդիպումից հետո չի իրականացվում, Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ վարժանքների, որի ծավալը, թվերն այնպիսին չեն, որ միայն վարժանք պատկերացնենք, բացի դրանից, չի զգացվում, որ Ադրբեջանը պատրաստ է որևէ քայլ առաջ գնալու Վիեննայի համաձայնությունները կյանքի կոչելու ճանապարհին, ապա որևէ արդյունք սպասել պետք չէ: Առավել ևս, որ այդ բանակցություններին չի լինելու Արցախի ներկայացուցիչը: Իսկ եթե չկա Արցախի ներկայացուցիչը, ուրեմն որևէ հիմնահարց չեն քննարկում, քննարկում են միայն պրոցեդուրալ խնդիրներ, թե ոնց ներկայացնեն բանակցային պրոցեդուրալ իրավիճակը: Դե, թող հանդիպեն, քննարկեն:

– Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման մասին պարբերաբար խոսվում է: Այսօր առաջնագծում իրավիճակն ինչպիսի՞ն է:

– Մենք պետք է մեր զգոնությունը բարձր պահենք՝ հաշվի առնելով Ադրբեջանում վատթարացող տնտեսական իրավիճակը և հասկանալով, որ Ալիևի վարքագծով պայմանավորված, ելնելով նախկին փորձերից, երբ ամեն անգամ վատանում էր իրավիճակը, ինքը փորձում էր առաջնագծում իրավիճակը սրել, որ հանրության ուշադրությունը շեղի, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող խնդիրները, ինչպես Մերձավոր Արևելքում, Սիրիայում, բոլոր այդ սպասումները, միգուցե Ադրբեջանը կփորձի օգտվել այդ իրավիճակներից: Բայց եթե հասկացավ, որ հայկական կողմը զգոն է, նույնիսկ որևէ մի փոքրիկ խախտում տեղում պատժվելու է և պատժվելու է խստագույնս, ապա իրեն զուսպ կպահի:

Մենք էլ պետք է մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնենք այն բոլոր խնդիրներին ու բացերին, որ ինքներս տեսել ու գիտակցում ենք ապրիլից հետո, և պետք է օր առաջ նոր մոտեցումներ ձևավորենք՝ այդ բոլոր բացերը փակելու, հատկապես` գիտակցելով, որ պետք է պատրաստվել նոր տեսակի մարտահրավերներին, քանի որ մեր թշնամին էլ ուղղակի քնած չի, ինքն էլ է հասկանում՝ ինչն է սխալ արել, միգուցե այժմ այլ ձևով է անելու, և մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք: Իսկ դրա համար տնայինը պետք է լավ աշխատի, տնտեսությանը զարկ տանք, բոլոր այն անարդարության խնդիրները, որ միգուցե եղել են, դրանց վերացմանը միտված քայլեր անենք:

Հուսով եմ, որ այնուամենայնիվ, այսօրվա իշխանությունների կողմից կգիտակցվի, որ անվտանգության հարցերին չի կարելի այլևս մատների արանքով նայել, կամ նույնիսկ, այսպես ասած, փոքրիկ, հանգիստ վիճակով, որ մեր պատերազմն ավարտվել է, այլևս պատերազմ չի լինի: Ես միշտ ասում եմ` պատերազմը չի ավարտվել, պատերազմը գնում է, և մենք պետք է կարողանանք այդ պատերազմական երկրի հոգեբանությունը վերականգնենք և դրանով փոխենք մեր վարքագիծը, մեր վերաբերմունքը մեր ամենօրյա աշխատանքին և պարտականություններին:

– Ղարաբաղում ի՞նչ տրամադրություններ են:

– Շատ լավ, շատ բարձր: Դուխով:

Տեսանյութեր

Լրահոս