Թաքուն պայթող տպարանի բարձրացրած փոշին ու հարցերը
Համացանցում չի դադարում Երևանի՝ Հանրապետության փողոցում պայթեցման միջոցով քանդված մայրաքաղաքի առաջին տպարանի շենքին վերաբերող բուռն քննարկումների շղթան, որի ճարտարապետներից է եղել Ալեքսանդր Թամանյանը, իսկ շենքը կառուցվել է 1920-ականներին:
Հին Երևանը հիշեցնող արդեն մատների վրա հաշվվող կառույցների ճակատագրով մտահոգ մարդկանց զայրույթն այս անգամ նույնքան տագնապալի է, որքան և հուսահատեցնող: Ինչպիսի անտարբերություն և արհամարհանք կարելի է տածել սեփական երկրի, մշակութային հնագույն հաստատության և այդ ամենով մտահոգ մարդկանց նկատմամբ, որպեսզի շենքի պայթեցումն իրականացնեն օրը ցերեկով՝ անտեղյակ համաքաղաքացիների աչքի առաջ: Ակամա փորձում ես համադրել նորանշանակ վարչապետի բոլորովին վերջերս հնչեցրած խոստումներն ու հորդորներն այն մասին, թե նորընտիր կառավարությունը որդեգրելու է առավելապես թափանցիկ աշխատելու սկզբունքները, ու հանկարծ բոլորի համար անսպասելի՝ քաղաքի կենտրոնում պայթեցվում է հերթական հին երևանյան կառույցը, որ ավելի քան 100 տարվա պատմություն ուներ և, կարելի է ասել, Երևանի պատմության անբաժան մասն էր:
Այն, որ տպարանի շենքը քանդվելու է, լայն հասարակությանը հայտնի չէր, որոշումը հրապարակային չէր՝ շատերի համար անակնկալ: Որ հակառակ պարագայում շենքի պայթեցմանը նախորդելու էին բողոքի ակցիաներ, որոշումը չեղարկելու օգտին հնչելու էին կոչեր ու հորդորներ՝ նույնպես հայտնի է: Իսկ ի՞նչ էր տալու դա արդեն կայացված որոշմանը, հատկապես, եթե այդ որոշման հիմքում կանգնած է սեփականատերը: Հռետորաբանական այս հարցը, սակայն՝ հնչում է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի շուրթերից:
«Եկեք հիմա կառչենք այն մտքից, որ վերացրին հին Երևանը: Այո՛ վերացրինք, այո՛, սխալ ենք արել, այո՛, մեղավորներին պետք է պատժել, այո՛, շատ վատ բան է կատարվել, բայց դրանով ի՞նչ է փոխվելու», – նկատում է իրականության հետ արդեն վաղուց համակերպված Արմեն Ամիրյանը:
Որ քաղաքի պատմամշակութային շերտն աստիճանաբար վերանում է, և դրանում մեծ վտանգ կա, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համամիտ է, սակայն տպարանի հին շենքը, ըստ նորանշանակ նախարարի գնահատականների՝ իրականում այնքան էլ արժեքավոր չէ, և միայն այն պատճառով, որ այն պատմամշակութային արժեքների ցանկում չէ.
«Տպարանի հին շենքի պայթեցման մասին ես տեղեկացա: Պետք է նշեմ, որ այն ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, և ունի սեփականատեր, որը որոշել է քանդել և նոր շենք կառուցել: Շենքն իրականում այնքան էլ արժեքավոր չէր: Եթե արժեքավոր լիներ, մենք, անշուշտ, կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում: Չնայած, իսկապես ցավում եմ, որովհետև ես մեծացել եմ այդ փողոցում: Իմ մանկությունն անցել է հենց այդ տարածքում, բայց ի՞նչ կարող ենք անել, սեփականատիրոջ որոշումն է»,- ասել է նա:
Պատահական չէ՝ համացանցում երևույթը քննադատողների մի մասը, թեև սատիրիկ նմանակությամբ, իրականությունը զուգահեռում են իսլամական պետության ոճով քանդվող քաղաքի հետ, երբ բոլորի համար անսպասելի, թաքուն որոշում ու օրը ցերեկով պայթեցնում են պատմական քաղաքի մի մաս՝ փոշու թանձր շերտով ծածկելով քաղաքի զգալի հատվածը: Արդեն հայտնի է՝ շենքի տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ հյուրանոց, որի սեփականատերն իրեն երկար սպասեցնել չտվեց: Տարածքը պատկանում է «Մաքուր երկաթ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանին, ով ձեռք բերելով «Աստորի ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը, պայթեցված տպարանի տարածքում մոտավորապես 13 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի շրջանակներում բիզնես նախագիծ ունի՝ 9 հարկանի հյուրանոցի, որի մասին իր հարցազրույցների մեկում սեփականատերը մանրամասնում է.
«Մենք ցանկացել ենք, հատկապես՝ Հանրապետության փողոցի հետ համահունչ շինություն ստանալ: Աջ թևը թողել ենք 5 հարկանի: Հյուրանոցը, որը լինելու է 9 հարկանի, մյուս շենքերի հետ չի խոսում: Հետնամասում կառավարության շենքերից է՝ իր բակով: Երբ դիմացից նայում ես, սիրուն բան է ստացվում…»:
Նույն զրույցում, սակայն Գ. Կարապետյանը, ով համատեղությամբ՝ նաև ևրևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սեփականատերն է, նկատում է.
«Եղել է թյուրիմացություն, որ փոշի է բարձրացել: Ես չեմ հասկանում՝ հասարակության հետ, ո՞ւմ հետ պետք է քննարկեինք: Մենք Ճարտարապետների միությունում, անգամ հոկտեմբերի 1-ին լսումներ է եղել: Բոլորի հետ քննարկել ենք, համաձայնեցրել ենք: Նախագծի վրա ամիսներով աշխատում են, տեսքի են բերում: Բոլորը մեզ մեղադրում են, թե այդ տարածքում ինչո՞ւ եք 9 հարկանի շենք կառուցում, ոչ թե՝ 20 հարկանի: Մենք չենք ուզեցել: Ես էլ՝ որպես քաղաքացի, ինձ համար հաճելի չի, որ աղավաղվում է քաղաքի ընդհանուր տեսքը… »:
Ի դեպ, Գ. Կարապետյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ իր ընկերությունը շենքն առանց գույքի գնել է «Աստորի ինվեստ» ՍՊԸ-ից: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների՝ տպարանի այդ շենքը ժամանակին սեփականաշնորհել էր Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որից և գնել է Գ. Կարապետյանը:
168.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն առաջին տպարանի պայթեցման առնչությամբ ափսոսանք հայտնելով՝ նկատում է.
«Ճիշտ է, դա հին շենք էր, բայց հուշարձանների ցանկում չկար ու սպառված էր, բայց որքան տեղյակ եմ՝ շենքի որոշ մասը մնալու է…»:
Նշենք, որ առաջին տպարանի պայթեցումն իրականացրել են «Նորտեղ Շին» ընկերության մասնագետները: Վերջիններս գործել են պրոֆեսիոնալ, պայթեցված շենքի հարևանությամբ գտնվող շինությունները չեն տուժել, իսկ արտաքին պատերը պայթյունի հետևանքով «ծալվել են դեպի ներս»:
Առաջին տպարանի թաքուն իրականացված պայթյունի արդյունքում բարձրացած թանձր փոշին իր հետ առաջ բերեց արդեն տարիներ շարունակ քննարկվող՝ Հին Երևանի աղավաղվող դիմագծի ցավոտ խնդիրը:
Ի դեպ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը մայրաքաղաքի առաջին տպարանի շենքի քանդման հարցով նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականներին՝ պահանջելով փրկել շենքի մնացած հատվածը։
Tert.am-ի հետ զրուցում ճարտարապետն ասել է, որ նամակի պատասխանն արդեն կառավարությունից ստացվել է, նշվել է, որ հարցն ուսումնասիրվում է։ «Փաստորեն, արդեն իսկ վարչապետի ուշադրության կենտրոնում է։ Ուրախ եմ, որ արագ արձագանքեցին, մնում է՝ հետագայում կոնկրետ քայլեր տեսնենք»,- մանրամասնել է Արսեն Կարապետյանը։
«Պայթեցումը և՛ բարբարոսություն է, և՛ հիմարություն, փաստորեն, գործողությունն ԱԻՆ-ն է գաղտնի կատարել՝ առանց բնակիչներին զգուշացնելու, ինչը նշանակում է, որ մարդիկ պիտի ազատվեն աշխատանքից, պիտի խնդրին խիստ արձագանքել,- ասել է ճարտարապետը և ավելացրել,- Շենքի պայթեցումն արդարացված կլիներ միայն այն պարագայում, եթե, օրինակ, քանդման շեմին լիներ, կամ Չինաստանի նման այնքան արագ զարգացող երկիր լինեինք, որ ստիպված տարածքներ ազատեինք ապագա բիզնեսների համար՝ զոհաբերելով հինը։ Այլապես քանդելն աբսուրդ է, վանդալիզմ, անարգանք մեր պատմության, հիշողության նկատմամբ»։
Լուսանկարները՝ Dora Vard-ի ֆեյսբուքյան էջից: