Միքայել Մելքումյանը` Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին. «Քաղաքականությունը ռեալ պոլիտիկ է»

Այսօր մի խումբ ԲՀԿ-ականներ երթով գնացել են Գագիկ Ծառուկյանի տան մոտ` խնդրելով նրան վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Մեկնաբանելով կուսակիցների այս քայլը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա ոչ թե կուսակցության, այլ տեղական կառույցների նախաձեռնությունն է:

«Դրա մասին շատ է խոսվել վերջին ժամանակահատվածում: Մեր տարբեր տեղական կառույցներ և համակիրներ տարբեր նախաձեռնություններ են արել, իրենց մտադրությունը չեն թաքցրել և որոշել են այսօր գնալ իրենց ցանկություններն արտահայտել: Դա հատուկ չի քննարկվել, տեղական նախաձեռնություն է, բայց մենք տեղյակ ենք եղել»,- ասաց Մ. Մելքումյանը:

Նա նշեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարզերում մարդկանց են հանդիպել, որոնք նույնիսկ տեղյակ չեն եղել, որ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել, և նրան ուղղված նամակներ են տվել, որպեսզի փոխանցեն:

Կվերադառնա՞, ի վերջո, Ծառուկյանն ակտիվ քաղաքականություն. պատգամավորը հորդորեց «եթե»-ներով չխոսել` «քաղաքականությունը ռեալ պոլիտիկ է»:
Նա հերքեց նաև այն լուրերը, թե կուսակցության վերնախավը հանդիպել է Գ. Ծառուկյանի հետ. «Ոչ, համենայն դեպս, որքան որ ես գիտեմ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս