Կիև-Մինսկ չվերթից իջեցված ՀՀ քաղաքացին մեկնաբանել է կատարվածը
Կիև-Մինսկ չվերթի հարկադիր վայրէջքից հետո ինքնաթիռից իջեցված ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն առաջին մեկնաբանությունն է տվել կատարվածի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Մարտիրոսյանը խոստացել է առաջիկայում մանրամասներ ներկայացնել կատարվածի առնչությամբ:
«Թե ինչ միջոցներ կձեռնարկեմ, կներկայացնեմ փաստաբանների հետ խորհրդատվությունից հետո»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարտիրոսյանը: Միաժամանակ նա նշել է, որ «ընկերոջ զանգը շատ բան է փոխում»: Ներկայում ՀՀ քաղաքացին արդեն Մոսկվայում է:
Արմեն Մարտիրոսյանը հայտնի բլոգեր է, լրագրող, Украина.ru-ի հեղինակ: Մինչև 2014 թվական ապրել է Կիևում:
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանից ուղևորվել է դեպի Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ հոկտեմբերի 21-ին ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան: «Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից եկել է հաղորդում այն մասին, որ ինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Երբ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, ուկրաինական իրավապահ մարմինները չվերթից իջեցրել են մեկ ուղևորի, ով Հայաստանի քաղաքացի է եղել: Նրան մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ: ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կ ողմից ավելի ուշ ազատ է արձակվել և մեկնել Մինսկ: