«Պետք է ունենանք մշակութային ռազմավարություն, որը, դժբախտաբար, մեզանում դեռ չկա»
qahana.am. …Երևանի սրտում՝ բլրի վրա, վեր է խոյանում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ որպես հայ մշակույթի վեհասքանչ հուշարձան: Այստեղ մտնում ես ինչպես մի սրբազան տաճար, ուր պահվում են մեր ժողովրդի ստեղծած դարավոր հոգևոր-մշակութային գանձերը: Ճարտարապետ Մարկ Գրիգորյանը Մատենադարանի յուրաքանչյուր պահոց-սրահ կառուցել է միջնադարյան հռչակավոր վանքերի նմանությամբ՝ Գոշավանք, Սանահին…
Մատենադարան տանող ճանապարհը քարքարոտ ու անհարթ է՝ ճիշտ մեր ժողովրդի անցած ճանապարհի նման, որով եկել-մեզ են հասել համաշխարհային մշակույթի այս անանց արժեքները՝ հայկական ձեռագիր մատյանները: Նրանց հիշատակարանները պատմում են մեզ բաժին հասած փորձությունների, տեղահանությունների ու կոտորածների մասին. 14-րդ դարի մի ձեռագրի հիշատակարանում միջնադարի հռչակավոր գրիչ Հակոբ Ոստնացին այսպես է սկսում իր պատմությունը.
«Ձեռագիրն այս գրվել է դառն ու տրտմալից մի ժամանակ, երբ բոլորը` փոքրից մինչև մեծը, ընկճված էին: Մենք սուրբ և տիեզերահռչակ Հովհաննես Որոտնեցու հետ միասին գտնվում էինք համալսարանում և պարապում էինք ընթերցանությամբ և ուսուցմամբ: Եվ այդ մռայլ ժամանակներում Տաթևի համալսարանը ճառագում էր արևի նման…»:
Այսպես է հայը հաղթել բնաջնջման վտանգը՝ թշնամու թրի դեմ իր գիտության սուրը պարզելով:
…Մատենադարանի կոնսերվացման և վերականգնման բաժնում իրենց բուժումն են ստանում «դառն ու տրտմալից ժամանակներից» 21-րդ դար հասած մեր անմահ զինվորները, որոնք շարունակելու են մեզ առաջնորդել գալիք հազարամյակներում: Իսկ «բուժհաստատության» գլխավոր բժիշկը քիմիական գիտությունների թեկնածու ԳԱՅԱՆԵ ԷԼԻԱԶՅԱՆՆ է: Մտնենք ու զրուցենք նրա հետ…
– Մենք ամեն ջանք գործադրում ենք՝ հավատարիմ մնալու ավանդական մեթոդներին. մեր բաժինը զինված է նորագույն տեխնոլոգիաներով, բայց ձեռքի աշխատանքը համարում ենք առաջնային և ձգտում ենք քիչ օգտագործել քիմիական նյութեր: Մեզ համար գլխավոր նախապայմանը ձեռագրերի պատմական տեսքի պահպանումն է: Եվ պետք է ասեմ, որ մեր գործը ետ չի մնում արտերկրի մեր կոլեգաների կատարած աշխատանքից: Լինում են ցավալի դեպքեր, երբ հնագույն ձեռագիրն այնպիսի վիճակում է, որ փշրվում է կամ քարացել է: Այստեղ մեզ օգնության են գալիս արդի տեխնոլոգիաները: Մենք բարդ ձեռագրեր վերականգնելու բազմամյա փորձ ունենք և կարողանում ենք նրանց ևս փրկել կորստից…
– Տիկի՛ն Գայանե, այս պահին քանի՞ ձեռագիր մատյան է գտնվում Ձեր բաժնի հոգածության ներքո:
– Մեր ձեռքի տակ 10 մեծադիր ձեռագրեր են, որոնց վերականգնման աշխատանքները իրականացվում են Գիտության կոմիտեի հովանու ներքո: Զուգահեռաբար աշխատում ենք այլ ձեռագրերի վրա: Կատարում ենք նաև հնատիպ գրքերի, արժեքավոր վավերագրերի մշտադիտարկում, շտեմարանի ստեղծում. ուսումնասիրում և լուսափաստագրում ենք՝ ինչ վիճակում են տվյալ ձեռագրի կազմը, էջերը, եզրահյուսը…Դա մեզ հնարավորություն է տալիս առավել ճիշտ կատարել նյութի և մեթոդների ընտրությունը՝ ձեռագրերը վերականգնելու համար:
– Պատմական ճակատագրի բերումով մեր ժողովուրդը սփռվել է աշխահով մեկ՝ իր հետ տանելով ամենաթանկը՝ հայկական ձեռագրերը: Եվ մեր մշակույթի գանձերը հանգրվանել են օտար թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Սակայն մեր ազգային-մշակութային կյանքում լինում են լուսավոր իրադարձություններ, երբ մեր սրբազան մասունքները վերադառնում են Մատենադարան…
– Այո՛: Բազմաթիվ են դեպքերը, երբ հնագույն ձեռագրերը պահվում են տներում: Եվ մենք երկար բանակցում ենք նրանց տերերի հետ՝ այդ արժեքները Մատենադարան բերելու համար: Դա եզակի զգացմունք է, որ մեր ազգն ունի: Եվ այսքան հայկական ձեռագրեր, որ պահվում են ամբողջ աշխարհում, հենց այդ հատկանիշի շնորհիվ է: Դա մեր ազգի հոգևոր աշխարհի բնորոշ գիծն է: Բայց կան դեպքեր, որ սխալ պայմաններում պահպանվող ձեռագրերը հայտնվում են վատ վիճակում. զարգանում են մանրէներ, սնկեր, որոնք կարող են հանգեցնել հնագույն ձեռագրի կորստին:
Մի հանգամանքի վրա ևս ուշադրություն դարձնենք. տարիներ շարունակ մեր ձեռագրերը սպասարկվել են ընթերցողներին: Բայց հիմա հնարավորություն ունենք ձեռագրերը թվայնացնելու և բնօրինակներն այլևս չենք տրամադրում: Կան ձեռագրեր, որոնք անհապաղ վերականգնման կարիք ունեն: Հիմա կատարվում են ձեռագրերի համատարած թվայնացման աշխատանքներ, որից առաջ նրանք վերականգնվում են: Եվ այդ աշխատանքները կանգ չեն առնում:
– Մեր ժողովրդին միշտ բնորոշ է եղել սերունդներին ձեռագիր մատյաններ ժառանգելը: Եվ Դուք մեր նախորդ զրույցի ժամանակ ասել էիք, որ նպատակ ունեք վերականգնել հռչակավոր «Ծուղրութի Ավետարանը» և «Կարմիր Ավետարանը», որոնք գտնվում են Ախալցխայում ապրող հայ ընտանիքների մոտ և նրանց համար պաշտամունքի առարկաներ են: Ձեզ հաջողվե՞ց արդյոք իրականացնել այդ աշխատանքը:
– Մենք մինչ օրս փնտրտուքի մեջ ենք. հիմա այդ ընտանիքներից նամակ ունենք, որ եթե դրամաշնորհ լինի, կարող ենք գնալ և տեղում իրականացնել այդ ձեռագրերի վերականգնման աշխատանքները: Դրանք խնդրակատար ավետարաններ են, և գյուղը համաձայն չէ, որ այդ գանձերը դուրս բերվեն: Մի քանի օր առաջ մենք ստացանք պատասխան, որ արդեն շահել ենք դրամաշնորհը՝ «Ծուղրութի Ավետարանը» վերականգնելու համար: Եվ մենք հոկտեմբերին 2-3 մասնագետներով կգնանք Ախալցխա և կվերականգնեք ձեռագիրը:
– Գիտենք, որ Մատենադարանը տևական ժամանակ դատական գործընթացի մեջ էր ԱՄՆ-ի Գեթթի թանգարանի հետ՝ կապված Զեյթունի Ավետարանի 8 էջերը ձեռք բերելու խնդրի հետ: Ի՞նչ հանգուցալուծում ստացավ այս հարցը:
– Որոշվեց, որ Զեյթունի Ավետարանից պոկված էջերը պետք է մնան տեղում: Սակայն այս ամբողջ պատմության մեջ մի դրական բան կա. կարողացանք ապացուցել, որ բարձրարվեստ մանրանկարներով այդ արժեքավոր էջերը պատկանում են Զեյթունի Ավետարանին: Մնում է լուծել մի կարևոր խնդիր՝ ցուցափեղկի մակագրության վրա նշել դրանց հայկական լինելը:
– Տիկի՛ն Գայանե, Մատենադարանը 15 տարի ի վեր համագործակցում է Եվրոպայի գիտահետազոտական կենտրոնների հետ: Ի՞նչ նոր համաձայնագրեր եք կնքել վերջին շրջանում, որոնք օգնելու են ձեռագրերի վերականգնման աշխատանքները հասցնել նոր մակարդակի:
– Մենք պայմանագիր ենք կնքել Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտի հետ. նրանց իսկ հրավերով մեկնեցինք այնտեղ և իրենց սովորեցրեցինք, թե ինչպես պետք է ճիշտ վերականգնել հայկական ձեռագրերը: Մյուս կարևոր ձեռքբերումը Բեռլինի Ազգային գրադարանի հետ կնքած պայմանագիրն է. նոյեմբերին այնտեղից Հայաստան կժամանեն առաջատար վերականգնող-մասնագետներ և մեզ համար վարպետության դասընթացներ կվարեն ու կներկայացնեն՝ ինչ նորարարություններ կան մեր ասպարեզում: Մենք այդ միջոցառմանը երկար ենք սպասել: Սերտ կապերի մեջ ենք Եվրոպական հետազոտական-վերականգնման կենտրոնի հետ, որը ղեկավարում է Պատրիցիա Էնգելը: Կենտրոնը գտնվում է Ավստրիայում և կոորդինացնում է այդ աշխատանքները: Այսպիսի համագործակցությունները մեզ օգնում են, որ մենք ևս մասնակից լինենք այդ երկրներում պահվող հայկական ձեռագրերի վերականգնման աշխատանքներին:
– Մեր հնագույն ձեռագրերից շատերն ունեն բարձրարվեստ արծաթյա կազմեր: Ի՞նչ մոտեցումներ են պահանջվում այդ եզակի նմուշները վերականգնելու համար:
– Այդ հարցում մեզ օգնում են գերմանացի ծերունազարդ գիտնականները՝ Մարգարետ Յաշկեն և Ռոբերտ Շթելե ամուսինները, որոնք արծաթյա կազմեր վերականգնող մեծագույն վարպետներ են: Նրանք վաղուց 80-ն անց են և արդեն 16 տարի շարունակ գալիս են Մատենադարան ու անվարձահատույց առաջարկում իրենց աջակցությունը: Նրանք նաև չորրորդ տարին անընդմեջ մեր երիտասարդներին սովորեցնում են արծաթագործություն՝ կապված ձեռագրերի արծաթյա կազմերի նորոգման հետ, ինչի համար մենք երախտապարտ ենք: Պետք է արձանագրեմ մի փաստ. նրանք ստեղծել են հզոր դպրոց, որը մինչ այդ չկար մեզանում, և արդեն 5 երիտասարդներ կարողանում են աշխատել հնագույն արծաթյա կազմերի հետ: Ռոբերտ Շթելեն և Մարգարետ Յաշկեն մեր մշակույթի այդ բարձրարվեստ գոհարները հրատարակել են մի շատ հեղինակավոր ալբոմի մեջ, որը լայն տարածում ունի Եվրոպայում: Ձեռնարկը դեռ միայն գերմաներեն է, և մենք փնտրում ենք միջոցներ այն հայերեն թարգմանելու համար: Իրենք անվերապահորեն սիրահարված են Հայաստան երկրին և հայ մշակույթին: Մեր գերմանացի բարեկամները խոր զգացմունքներ են ապրում, որ հենց իրենց է վստահվել այս գործը: Եվ այս տարիների ընթացքում նորոգել են 200-ից ավելի կազմեր:
– Հայկակայն լեռնաշխարհը հարուստ է դեղաբույսերով, որոնց մասին կարևոր տեղեկություններ են հաղորդում հնագույն բժշկարանները: Հնարավո՞ր է այդ սկզբնաղբյուրներից վերականգնել բաղադրատոմսեր, որոնք կծառայեն ձեռագիր մատյանների վերականգնման նվիրական գործին:
– Միանշանա՛կ: Մենք հայկական ձեռագրերից վերծանված բաղադրատոմսերը օգտագործել ենք հականեխիչ և հակասնկային նյութեր ստեղծելու նպատակով: Կատարում ենք հետազոտություններ՝ դրանց ակտիվությունը բարձրացնելու և հետագայում կիրառելու համար: Այս հարցում մեզ օգնում է Մատենադարանի միջնադարյան բժշկության բաժինը:
– Մի առիթով Դուք հետևյալ միտքն եք ասել. «Մատենադարանը նվիրյալների տեղ է: Եվ դա առաջին պայմանն է»: Որքա՞ն երիտասարդներ են ներգրավված այդ նվիրյալների շարքերում:
– Իհարկե, շատ կարևոր է, որ հիմա մեր բաժնում ավելի շատ երիտասարդներ են աշխատում քան երբևէ, որովհետև մթնոլորտը շատ բարենպաստ է: Մեծերը սիրով են փոխանցում իրենց փորձն ու գիտելիքները: Եվ անգամ ցածր աշխատավարձերը նրանց ետ չեն պահում այս գործից: Դա գալիս է մեր ձեռագրերի հզոր էներգետիկայից:
– Տիկի՛ն Գայանե, կխնդրեի, որ խոսեք նաև Ձեր առաջիկա ծրագրերի մասին:
– Ամենակարևոր ծրագիրը սպասվելիք միջազգային կոնֆերանսն է, որը կրում է «Հիշողության կերպարանքներ» խորագիրը: Մեր սեմինարը նվիրված է գրավոր ժառանգության պահպանման խնդիրներին: Եվ իր գոյության 6 տարիների ընթացքում այն հասցրել է մեծ կշիռ և դերակատարություն ձեռք բերել Եվրոպայում, ԱՄՆ-ում… Մեր բոլոր գործընկերները դրան անհամբերությամբ են սպասում, սոցցանցերում գրում են իրենց վառ տպավորությունների մասին: Հենց այս կոնֆերանսի շրջանակներում էլ Բեռլինի Ազգային գրադարանի մասնագետները կվարեն վարպետության դասընթացները, ինչը կարևոր նշանակություն է ունենալու մեզ համար: Կուզենայի առանձնացնել նաև մեր մյուս ծրագիրը՝ այցելել Երուսաղեմ և իրականացնել Հայկական Առաջնորդարանի ձեռագրերի վերականգնման աշխատանքները: Նրանց թիվը հասնում է 7000-ի: Պետք է ձեռք բերվեն համապատասխան նյութեր, որպեսզի այդ կարևոր գործը բնականոն հունի մեջ դրվի: Մենք նման աշխատանք կատարել ենք նաև Սիրիայում, Լիբանանում (Անթիլիասում ու Զմմառի վանքում) և Ջուղայում: Ցավոք, Սիրիայի պատերազմական իրավիճակի պատճառով մեր հայկական ձեռագրերը նորից սփռվեցին աշխարհով մեկ, և հիմա շատ դժվար է դրանք ի մի բերելը…
– Ի՞նչ պետք է անել, որպեսզի գալիք դարերում ևս կարողանանք պահպանել այն մշակութային գանձերը, որոնք պահեցին-պահպանեցին մեզ…
– Այնպես անել, որ մեր ազգը լինի ավելի՛ հայրենասեր, ինչն իր հետ կբերի բոլոր խնդիրների լուծումը: Թույլ չտա՛նք, որ անորակ, օտարամոլ արժեքները դառնան գերակա և քարոզվեն ֆիլմերում, եթերներում: Մշակույթի նկատմամբ ունենանք հետևողական վերաբերմունք, վեր հանենք մեր ազգային հարուստ անցյալը: Մեր ազգային արժեքները նոր սերնդի հոգում պետք է սերմանվեն դեռ վաղ մանկուց, երբ երեխան գնում է մանկապարտեզ և դպրոց: Պետք է ունենանք մշակութային ռազմավարություն, որը, դժբախտաբար, մեզանում դեռ չկա: Ես հավատում եմ, որ չնայած մեր երկրում առկա խնդիրներին, հայ գենը հաղթելու է: Մեր ազգն այնպիսի բարդ անցյալ ունի, որ եթե մենք կարողացանք այս մշակութային անգին գոհարները ստեղծել ու հասցնել 21-րդ դար, հնարավոր չէ պատկերացնել, որ մեր գենետիկ կոդը փոխվելու է: Մենք պետք է փյունիկի պես վերածնվենք…
Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ