«Եթե համակարգը չես փոխում, անունները չեն կարող ազդել մեր կյանքի որակի վրա». Զարուհի Փոստանջյան

Եթե համակարգը չի փոխվում, անունները չեն կարող ազդել մեր կյանքի որակի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Անդրադառնալով 2017թ. ապրիլին անցկացվելիք ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ընտրությունն անցկացնելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն ապահովված չեն։ Նրա խոսքով՝ այսօրվա քաղաքական համակարգը և իրավական հիմքն այդ պայմանները չեն ապահովում։ Ըստ նրա՝ մենք պարզապես ևս մեկ անգամ գնում ենք մի քաղաքական միջոցառման, որի ընթացքում պետք է վերընտրվեն այն բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են 25 տարիների ընթացքում։

«Նրանք չեն ցանկանում փոխել ընդհանուր համակարգը։ Նրանք չեն ցանկանում փոխել գործող քաղաքական մոդելը, որն այս պահին գործում է ՀՀ-ում։ Երբ ինձ հարց են հղում, թե՝ ինչ ակնկալիքներ ունեք այս վարչապետից, անուններ են փոխվում, մարզպետ է փոխվում, նախարարներ են փոխվում, ես ասում եմ՝ ես չեմ կարող որևիցե ակնկալիք ունենալ, որովհետև համակարգը չի փոխվում։ Եթե համակարգը չես փոխում, անունները չեն կարող ազդել մեր կյանքի որակի վրա։ Հետևաբար՝ պետք է փոխվի քաղաքական համակարգը։

Վերջերս մի խորհրդաժողով էր, որտեղ ելույթ էր ունենում նաև մեր հայրենակից, հանրահռչակ դասական Տարոն Աճեմօղլին, և նա ասաց, որ ճիշտ է՝ ինքը Հայաստանի մասնագետ չէ, բայց, այնուամենայնիվ, գտնում է, որ Հայաստանում խնդիրը քաղաքական է, այլ ոչ թե տնտեսական, և եթե քո քաղաքական ինստիտուտները չեն աշխատում, ապա դու տնտեսական հաջողություններ չես կարող ունենալ։ Սրան պետք է ավելացնեմ նաև մեր մեկ այլ հայրենակցի հարցազրույցից մեջբերում, որ ինքը ժամանակին՝ դեռ 2008թ. էր, երևի թե, խորհուրդ  տվել Սերժ Սարգսյանին, թե նա ինչ պետք է անի, որպեսզի Հայաստանը զարգանա, մինչդեռ Սերժ Սարգսյանը նրան չէր լսել։ Այո՛, եթե մենք ուզում ենք զարգանալ, պետք է փոխենք քաղաքական մոդելը։ Քաղաքական մոդելի փոփոխության համար առաջին անհրաժեշտ պայմանը սահմանադիր, ընտրական օրենսդրությունն է, «Կուսակցությունների մասին» օրենքը, Ընտրական օրենսգիրքը և մեր քաղաքացիների լիարժեք մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում մնացել է քիչ, խոցելի բնակչություն, որի վրա ազդելու թե վարչական, թե տնտեսական լծակներ կան։

«Այս ազդեցության ներքո նրանք ՀՀ-ն բաժանել են 13 ընտրատարածքի, և այս 13 ընտրատարածքներով փորձելու են ապահովել իրենց վերարտադրությունը։ Իհարկե, այս փորձից հետո, հաշվի առնելով նաև տնտեսական ճգնաժամային վիճակը, մենք հասկանում ենք, որ ցնցումները դառնում են անխուսափելի։ Այս ցնցումներն անխուսափելի են դառնում ոչ միայն մեր ներքին, այլև արտաքին խնդիրների պատճառով։ Հետևաբար՝ ցնցումներից հետո քաոսի վերածվելու հնարավորությունն ավելի է մեծանում։ Բոլորիս խնդիրն է՝ և՛ այսօր գործող բռնապետական ռեժիմի, և՛ ողջ հայության, կազմակերպել, ներդնել այնպիսի համակարգ, որը պետք է կարողանա դիմակայել մարտահրավերներին»։ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ներքին ռեսուրսներով ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն չունենք։ Նրա պատկերացմամբ՝ ընտրական օրենսդրությունը պետք է նախատեսի ընտրական տեղամասեր աշխարհի բոլոր երկրներում, որտեղ հայաշատ բնակչություն է առկա։ «ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին, մինչդեռ դա շուրջ 25 տարի մեզ արգելվել է»,- ասաց նա։

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Վանաձորում ընտրություններից հետո տեղի ունեցած քվեարկությանը չի ցանկանում անդրադառնալ, քանի որ դա այն պատկերն է, որը նախանշվում է. «Ոչինչ չի փոխվելու։ Եթե մենք գնում ենք այդպիսի տրամաբանությամբ ընտրությունների, ապա ոչինչ չի փոխվելու»։

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դա հիշեցնում է Մոսկվայի պայմանագիրը, որը գործում է։ «Դա Թուրքիայի և Ռուսաստանի միջև եղբայրության և բարեկամության պայմանագրի ներքո է։ Եվ այսօր էլ մենք այսքան խոցելի ենք, որովհետև Թուրքիան և Ռուսաստանն իրար հետ եղբայրական և բարեկամական հարաբերություններ ունեն։ Երբ գալիս է Ռուսաստանի շահը, ապա, միանշանակ, հայ ժողովրդի շահը զոհաբերվում է»։

Տեսանյութեր

Լրահոս