«ՀԱՊԿ երկրների առաջնորդները Երևանում քննարկել են Ղարաբաղյան հարցը». Պուտին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջում որոնելու անհրաժեշտության համատեքստում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ՀԱՊԿ-ն ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքներին դիմակայելու նպատակով: Մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքենք այն բանին, թե ինչ տեղի է ունենում մեր կողքին, սակայն պետք է ձգտենք նրան, որպեսզի բոլոր խնդիրները, որոնք բաժին են հասել անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջման, որին պատրաստ է գնալ թե՛ մի կողմը, թե՛ մյուսը: Այդ համատեքստում մենք քննարկել ենք Ղարաբաղյան խնդիրը»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Երևանում քննարկվել են նաև «որոշակի լարվածություններ», որոնք առկա են ԽՍՀՄ նախկին մյուս հանրապետությունների միջև:
Պուտինի խոսքով՝ «մեզ համար անգամ կարևոր չէ, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից այս կամ այն երկիրը մտնո՞ւմ է ՀԱՊԿ-ի կազմի մեջ, թե՞ ոչ»:
«Կարևոր է, որ այդ բոլոր երկրների հետ մենք ունենք առանձնահատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ: Եվ նրանք ավելի մոտ են, այդ հարաբերությունները և խորը, քան ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև պարզապես հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- հավելել է Պուտինը:
Պուտինը հոկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել էր ՀԱՊԿ նստաշրջանին: