Հայփոստի Հրազդանի մասնաճյուղի 13 աշխատակիցները դառնում են գործազուրկ
Հայփոստի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին աշխատակիցները՝ նշելով, որ սա արդեն իրենց երկրորդ գործադուլը կլինի։
Աշխատակիցները նշում են, որ իրենց համար անհասկանալի պատճառներով Հրազդանի մասնաճյուղը լուծարվում է և միացվում է Սևանի մասնաճյուղին, ինչի արդյունքում Հայփոստի 13 աշխատակիցներ մնում են գործազուրկ։
«Հայփոստը մեկնաբանում է, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ մեր մասնաճյուղը լուծարում են և միացնում են Սևանի մասնաճյուղին, այսինքն՝ մեր աշխատանքը մեզանից վերցնում են, տեղափոխում են Սևան, ուրիշ աշխատողների են ընդունում, մենք այստեղ թվով 13 աշխատողներ դառնում ենք գործազուրկ։ Մենք սեպտեմբերի 26-ին կատարել ենք նախազգուշական գործադուլ՝ մեր պահանջները չի բավարարվել, մենք նոր հայատարարություն ենք տվել՝ կրկնակի գործադուլի։ Գործադուլն անելու ենք աշխատավայրում, ներկայանալու ենք աշխատանքի, բայց բոլոր բաժանմունքները փակվելու են, չենք աշխատելու»,- նշեցին մեր զրուցակիցները։
Նրանք հայտնեցին նաև, որ նույնը կատարվում է նաև Հայաստանի բոլոր տարածքներում. Հայաստանում թողնում են 4 մասնաճյուղ՝ մարզերի մասնաճյուղերը փակում են. «Մենք այլ մասնաճյուղերից էլ արձագանքներ ունենք, որ ոչ մեկը չի ցանկանում դա։ Այն քաղաքներում էլ են փորձել բողոքել, բայց վախի մթնոլորտ են ստեղծել, ու աշխատակիցները ստիպված լռել են»։
Մեր զրուցակիցները պատմեցին, որ իրենք դիմել են ՀՀ վարչապետին, որն իրենց դիմումին ընթացք է տվել. «Վարչապետը մեր դիմումն ուղարկել է ՀՀ կապի նախարարություն, մենք սպասում ենք իրենց կողմից պատասխանի, դեռևս չենք ստացել պատասխան, բայց հույս ունենք՝ կստանանք։ Այդ ժամանակ մեր Հայփոստի տնօրինությունը ժամանակ խնդրեց՝ ասելով, 10 օրվա ընթացքում մեր խնդրին լուծում կտրվի, մեզ խաբեցին, ամեն ինչ բանավոր են անում, բայց գրավոր չեն պատասխանում, ոչ էլ մեզ գրավոր նախազգուշացվել է, որ ազատվել ենք, մեզ զանգել-ասել են, որ՝ դուք այսինչ օրն ազատվում եք»։