«Իշխանությո՞ւնն է պարտադրել «Լուսավոր Հայաստանին», «Պայծառ Հայաստանին», «Հրաշալի Հայաստանին»… իրենց կազմած ցուցակներն են, իրենք ստորագրել են, հիմա էլ ասում են՝ 4 հոգի դավաճանել են». Գառնիկ Իսագուլյան
«Եթե ստորագրում եք հուշագիր ու պայմանավորվածությունը խախտում եք, ապա մեղավորը մենակ դուք եք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով երեկ Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի ընտրության մասին։
Գ. Իսագուլյանի կարծիքով՝ երեկ երևաց, որ թեպետ ընդդիմադիր ուժերը մեղադրում են հասարակությանը և իշխանություններին, բայց մեղավորը բացառապես իրենք են.
«Եզրակացությունն այն է, որ ՀՀ ներքաղաքական կյանքը ցանկացած իր զարգացման դեպքում՝ անկանխատեսելի և անքննելի է, կա որոշակի դիսբալանս, որը պետք է լուծում ստանա»։
Նա համեմատելով Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ՝ նշեց, որ երբեմն ցանկություն է առաջանում, որ այն իրավիճակը, որ հիմա կա ԼՂՀ-ում, միշտ այդպես մնա.
«Ստվերը՝ 2 տոկոս, կոռուպցիա չկա: Վախենում ես, որ ինչ-որ փոփոխություն կարող է խաթարել այն ընթացքը, որ կա ԼՂՀ-ում»:
Հարցին, թե ի՞նչ անի շարքային քաղաքացին, երբ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու գործընթացն ամեն օր տապալվում է, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ որևէ տեղ անարդար ընտրություններ անհնար է իրականացնել, եթե ամեն մի տեղամասում տվյալ կուսակցությունն ունենա թեկուզ մեկ վստահված անձ, որն անկաշառ է, վախկոտ չէ.
«Լավ, Վանաձորում ստորագրել էին, չէ՞, այդ ցանկն իշխանությո՞ւնն է պարտադրել «Լուսավոր Հայաստանին», «Պայծառ Հայաստանին», «Հրաշալի Հայաստանին»… Դա իրենց կազմած ցուցակներն են, իրենք ստորագրել են, հիմա էլ ասում են՝ 4 հոգի դավաճանել են, շուտով կբացահայտենք՝ ովքեր են դավաճանները։ Ասել, որ համոզվեցինք, որ Հայաստանում ընտրությունների միջոցով անհնար է, ո՞վ էր ասում՝ անհնար է։ Անտեղի է մեղադրել իշխանություններին»:
168.am-ի հարցին, թե այսինքն՝ իշխանությունը ճի՞շտ է, որ ճնշումներ է գործադրում ընդդիմադիր գործիչների վրա, Գ. Իսագուլյանը խնդրեց կոնկրետ օրինակ բերել։ Մեր դիտարկմանը, թե մամուլում գրվել է բազմաթիվ ճնշումների մասին, Գ. Իսագուլյանն էլ հակադարձեց, որ իր մասին էլ են մամուլում շատ բաներ գրել, որ իրեն զարմացնում էր։
Ըստ Գ. Իսագուլյանի՝ Վանաձորում բացարձակ ճնշումներ չեն եղել ավագանու անդամների վրա.
«Եթե ճնշել են՝ թող ասեն։ Եթե այդ մարդը վախկոտ է, որ իրեն ճնշել են, ու ինքը վախենում է դրա մասին ասել, պատկերացնո՞ւմ եք՝ այդ մարդը գնա պատերազմ, հայրենիք փորձի պաշտպանել։ Թող այդ մարդիկ իրենց ցուցակներում ընդգրկեն նրանց, ովքեր չեն վախենում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։