Միլանի բարերից մեկում ուժգին պայթյուն է որոտացել
Իտալիայի Միլան քաղաքի բարերից մեկում այս գիշեր՝ հոկտեմբերի 2-ին, ուժեղ պայթյուն է որոտացել, որին հրդեհ է հաջորդել: Պայթյունի հետևանքով տուժել է 10 մարդ:
Որոշ տուժածներ հոսպիտալացվել են, նրանց վիճակը բավարար է, հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Պայթյունի պահին հաստատությունն արդեն փակ է եղել: Բոլոր տուժածները բնակիչներ են, որոնց շենքի առաջին հարկում տեղակայված է եղել բարը:
Պայթյունից հետո սկսված հրդեհը սկսել է տարածվել բնակարաններում, որոշ տուժածներ թունավորվել են գազից:
Հրդեհը հաջողվել է արագ մարել, մարդիկ վերադարձել են իրենց բնակարանները:
Ոստիկանությունն ու հրշեջները փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառը, դիտարկվում են տարբեր վարկածներ՝ կենցաղային գազի արտահոսքից մինչև դիտավորյալ գործողություն: