Բաժիններ՝

Հայկական արմատներով Joomag ընկերությունը թողարկել է 13 միլիոն ամսագիր

Հոկտեմբերի 1-ին մեկնարկած թվով 12-րդ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ ոչ միայն՝ Հայաստանից, այլև՝ արտասահմանյան տարբեր երկրներից: Ցուցահանդեսում տաղավարներ  ունեն նաև Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թայվանը, Գերմանիան և Հնդկաստանը ներկայացնող ընկերությունները:

Ցուցահանդեսին մասնակցում է նաև Joomag ընկերությունը, որն առաջին ինովացիոն հարթակն է, որը թույլ է տալիս ստեղծել  թվայնացված ինտերակտիվ ամսագրեր, բրոշյուրներ, կատալոգներ:

Joomag-ը հայկական արմատներով ամերիկյան ընկերություն է: 2009 թվականին ստեղծված ընկերությունն աշխատանքի 7 տարիների ընթացքում արդեն իսկ ունի 450 հազար հրատարակիչ ողջ աշխարհում: Joomag-ի միջոցով արդեն իսկ ստեղծվել են 13 միլիոն ամսագրեր:

Joomag-ի միջոցով մարդիկ կարող են ստեղծել ամսագիր 0-ից, ամբողջությամբ ինտերակտիվ դարձնել այն, տարածել, ստանալ վիճակագրություն այն մասին, թե որքանով է ամսագիրը հետաքրքրում մարդկանց, և վաճառել այդ ամսագիրը:

Ընկերությունը հնարավորություն է տալիս կարդալ ամսագրերն օֆլայն ռեժիմում, իսկ ընդամենը մեկ գործառույթի շնորհիվ ընթերցողը կարող է ստանալ ամսագիրը՝ տպագիր տարբերակով: Դրա համար անհրաժեշտ է առավելագույնը 15 օր:

Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այսօր առաջնային խնդիր ունեն՝ ընկերությունը ներկայացնել Հայաստանում: Ընկերությունը ցանկանում է հնարավորություն տալ հետաքրքիր, ստեղծարար երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ծրագրային զարգացումներով, և ստեղծել աշխատատեղեր Հայաստանում:

Joomag-ը նաև ցանկանում է լսել այն  երիտասարդների ձայնը, ովքեր ունեն հետաքրքիր և տարբերվող գաղափարներ: Եթե գաղափարը հետաքրքրի ընկերությանը, ապա վերջինս կօգնի դրանք իրականություն դարձնել:

Joomag-ի արմատները Հայաստանում են: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ գաղափարն առաջացել է Հայաստանում, սակայն  գործում է Սիլիկոնային հովտում: Այժմ ընկերությունն ունի 5 գրասենյակ աշխարհում: Վերջին գրասենյակները բացվել են Մյունխենում և Մոսկվայում:

Joomag ընկերությունը ոչ միայն առաջարկում է ստեղծել ինտերակտիվ ամսագրեր, այլև իր գործունեության առանցքում դրել է ինտերակտիվությունը: Ընկերությունն ունի հավելվածներ iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Joomag-ը թույլ է տալիս հրատարակիչներին ունենալ սեփական հավելվածները՝ Custom App գործառույթի շնորհիվ:

«ԴիջիԹեք 2016»-ին Joomag-ի  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, որպես նորություն, ներկայացնում են այն աճն ու ցուցանիշները, որոնք գրանցել են վերջին տարիներին: Ընկերությունը գրանցել է աշխատակիցների թվի զգալի աճ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք պատրաստ են ընդունել ցանկացած երիտասարդի, ով ունի հետաքրքիր գաղափարներ և ստեղծարար մտածողություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս