Հայաստանը կործանող մուղամը՝ հայտնիների կատարմամբ

Հայաստանը ժողովրդավարական երկիր է և ամեն օր ավելի հաստատուն քայլերով է գնում դեպի ժողովրդավարություն։ Տարիներ շարունակ այս են համոզում իշխանության բոլոր ներկայացուցիչները։ Համոզում են այնքան պարտադրող, որ անգամ ամենաանհավատները, քիչ է մնում՝ հավատան։ Բայց դժվար է, եթե հավատացողի համար մարդը ոչ թե անձնագրի հետ նույնականացվող դեմքն է, այլ ֆիզիկականից բացի՝ նաև հոգևորով այդպիսին կոչվողը։

Դժվար է, եթե հավատացողի համար տղամարդը ոչ միայն շալվար հագնողն է, ինչպես ժողովրդավարության մասին երգերի կատարողները, այլ արժանապատվություն ունեցողն առաջին հերթին, որը միանգամից բացառում է այլ շալվարավորի առաջ կռացումը։ Այսինքն՝ ժողովրդավարության մասին ակապելան ի սկզբանե դառնում է կեղծ, բայց կեղծ լինելով անգամ՝ սղոցում է մեր ունկերն ու ուղեղը՝ վաստակավորի կոչում ստացած բայաթի երգողների նման։

Հավատալը դժվար է, եթե գոնե որևէ դասագրքում հավատացողը կարդացել կամ հանրային բթացման պայմաններում մի րոպե է գտել ու մտածել, որ ժողովրդավարությունը ոչ միայն՝ ձև, այլև՝ բովանդակություն ունեցող կացութաձև է, ու բովանդակություն ունենալով՝ նաև ֆունկցիա ունեցող կացութաձև է։ Իսկ ֆունկցիան ազդեցությունն է՝ ժողովրդավարության գործիքների ազդեցությունը ժողովրդավարության հիմնական կանոնի՝ մեծամասնության ձայնի, իմա՝ ժողովրդի իշխանության ձևավորման վրա։ Ու եթե ժողովրդավարության այդ ֆունկցիան չի գործում, ուրեմն այն, ինչ ներկայացվում է՝ որպես ժողովրդավարություն, դառնում է համարյա չլսվող կենաց ու չկարդացվող գիրք, կամ չքծնվող պաշտոնյա ու ազգային լիբերալ, կամ լիբերալ քրիստոնյա ու նժդեհական ռուսահպատակ։ Կամ ընդդիմադիր դաշնակ։ Անպետք՝ մի խոսքով։ Անբովանդակ ձև, ավելի ընդհանուր առմամբ։

Ժողովրդավարության հիմնական գործիքի՝ ընտրական ինստիտուտի անգործության մասին խոսվել է շատ ու խոսվելու է այնքան ժամանակ, քանի դեռ գոնե մի անգամ այդ գործիքը չի աշխատել, ու ընտրությունը չի դարձել իշխանության ձևավորման հիմք։ Այս հավերժական խոսակցությունն ընտրությունների միջոցով բռնապետվող իշխանությանը սպասարկող գործիքներից մեկն է։

Ընտրությունից՝ ընտրություն ընտրությունները կեղծվում են ավելի կատարելագործված, իսկ դրանց արանքում հասարակությունը, քաղաքական ուժեր կոչվածներն ու մտավորականներ նշանակվածները խոսում են ժողովրդավարության, բանավիճում՝ դրա կայացման ու ընթացքի տեմպերի մասին։ Այդ խոսակցությունը նմանեցնելով նրան, ինչին ղարաբաղցիներն ասում են «մասլահաթ», որը զրույցի այն տեսակներից է, որը դատարկ զրույց է, ոչնչի մասին զրույց է ու ոչինչ չտվող զրույց է։

Այսպիսով, Հայաստանն ապրում է պերմանենտ ընտրությունների ու «տղերանց մասլահաթի» (տղերանց՝ տղաների կամ տղերքի. յուրաքանչյուրը կարող է հասկանալ իրեն ծանոթ անուն-ազգանունները կամ դրանց հավաքականությունը) հարափոփոխ շրջապտույտում՝ արժեզրկելով ազատության հիմնական ինստիտուտները՝ ընտրությունն ու խոսքը։ Ազատ խոսքը, որը նրանց անտեսանելի պատվերով դարձել է դատարկ խոսք։ Որովհետև ազատ խոսքն այն իմաստով, որ կիրառվում է, կշիռ ու ազդեցություն ունեցող խոսքն է, հետևանք ունեցող խոսքն է ու որոշումների կայացմանը մասնակցող խոսքն է ու որոշումներ կայացնողներին փոխող խոսքն է։

Հայաստանում խոսքի ազատությունն ու ազատ խոսքը հավասարեցվել են զավզակության, որից հրճվում են այն հասցեատերերը, որոնց մասին է խոսքը ու որոնց դեմ է խոսքը՝ իբրև թե։ Ու զավզակությունը, որ թվում է՝ ամեն ինչի ու բոլորի ու ամենայնի մասին խոսելու ազատության նման է, խոսողների անորակությամբ ու լսողների հանցավորությամբ իրականում ամեն ինչ լղոզելու ֆունկցիա ունի, որն իմպերատիվ ֆունկցիա է՝ խոսել ամեն ինչի մասին այնպես, որ խոսակցությունը լինի ոչնչի, ու կարևորը՝ ոչ մեկի մասին։ Այդպիսով, հանրային օրակարգը լցվում է ամենայնով, ինչը հեռացնում է իրերն իրենց անուններով կոչելու պարզ, մարդկային ու, այդպիսին լինելով՝ նաև հանրային ու քաղաքական անհրաժեշտությունից։

Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, և չունենք այն, ինչ պետք է ունենանք, այսը չունենալու համար։ Ունենք գերհարուստ պաշտոնյաների փոքրամասնություն ու չունենք արժանապատիվ կենսապայմաններ ունեցող քաղաքացիների մեծամասնություն։ Ունենք այդ փոքրամասնությանը սերտաճած գողականների փոքրամասնություն ու չունենք արդադատություն իրակացնող դատավորների մեծամասնություն։ Ունենք ապօրինի ճանապարհով հարստացող օլիգարխների փոքրամասնություն ու չունենք օրինական ճանապարհով ձեռներեցությամբ զբաղվող ու չհարստահարվող գործարարների մեծամասնություն։ Ունենք կեղծված ընտրություններով իշխանություն դարձողների փոքրամասնություն ու չունենք իրական ընտրությամբ իշխանություն ընտրողների ու իրենց քվեին տեր կանգնողների մեծամասնություն….

Սրանք հայտնի ճշմարտություններ են, որոնց բարձրաձայնումը որևէ ֆունկցիա չունի, ինչպես որ ֆունկցիա չունի կաշառակեր պաշտոնյայի անվան ու ազգանվան, անգամ նրա զոքանչների ու վարորդների, մարդասպան պաշտոնյային արդարացնող դատախազի կամ նույն այդ մարդասպանին իր պաշտոնում վերանշանակող նախագահի կամ վարչապետի անունների ու ազգանունների հրապարակումը։

Իմանալ-չհայտնելը, կարծեմ՝ Քրեական օրենսգրքում տեղ ունեցող սահմանում է, ու սահմանում լինելով՝ նաև պատասխանատվություն նախատեսող հոդված։ Բայց Քրեական օրենսգրքում ոչինչ գրված չէ իմանալ-հայտնելու, բայց հայտնումից հետո որևէ արդյունքի բացակայության պարագայի համար։ Որովհետև Քրեական օրենսգիրքը գրել են նրանք, ովքեր, եթե հայտնումն ունենար ֆունկցիա, չէին ունենալու ամենայնը, որը նրանց տալիս է քրեական ու մնացյալ օրենսգրքեր գրելու հանցածին հնարավորություն։

Իմանալը, եթե խոսքն իմաստունի պայծառատեսության մասին չէ, այլ քաղաքացիական իմացումի, ֆունկցիա ունի միայն հայտնելու հետ, ինչպես պատասխանատվությունն է լիազորության անքակտելի զուգակիցը։ Սակայն իմանալ-հայտնելը ֆունկցիա ունի միայն այնտեղ ու այն ժամանակ, որտեղ կան օրենքով գործող իրավապահ մարմիններ ու անկախ դատարաններ և որտեղ չկան ոստիկանի համազգեստ հագած գողականներ ու պատմուճան հագած գողականի վարձկան դատավորներ ու գողական «օբշչակից» սնվող պաշտոնյաներ։ Իմանալը ֆունկցիա ունի այնտեղ, որտեղ հայտնելը ոչ թե գործ տալն է ու մեկի գլխին սարքելը, ինչպես համահայկական ընկալման մեջ, այլ սեփական անձը հարգելն է ու պետություն շինելը նաև՝ բառի դրական ու հայերեն,  ոչ թե՝ գողական ու դեպուտատական իմաստներով։

Հայաստանը հասել է դեգրադացիայի այն աստիճանին, որտեղ իրերն իրենց անուններով կոչելու համար ոչ միայն քաղաքացիական համարձակություն է պետք, այլ նաև դաստիարակության բացակայություն։ Որովհետև պետության հետ այսօր կատարվողին ու կատարողներին իրենց անուններով կոչելու համար պետք է ունենալ համարյա պատգամավոր դառնալու համար պարտադիր համարվող բռիության ու հայհոյախոսության ցենզ ու վստահություն, որ հայտնածներն ու գրվածները չեն լսելու ու չեն կարդալու կանայք և երեխաները։

Ու քանի դեռ այդ ցենզին բավարարողները կազմում են մեծամասնություն՝ դժբախտաբար, ու քանի դեռ մեր ընթերցողների սեռային կառուցվածքը միատարր չէ՝ բարեբախտաբար, շարունակելու ենք լսել ժողովրդավարության մասին մուղամը, ցավոք սրտի։ Շալվարավորների մեծամասնության կատարմամբ, որոնց վիճակագրությունն ու ընտանիքի պլանավորման ազգային կենտրոնը որակում է՝ որպես տղամարդ։
Մասլահաթը շարունակվում է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս