Նիկոլ Փաշինյանի վտանգավոր, բայց շատ կարևոր քայլը
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը նրա ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքում տարբեր քննարկումների առիթ է դարձել։ Հատկապես ելույթի այն մասը, որը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը, որը, Նիկոլ Փաշինյանի ելույթի տրամաբանությամբ, պետք է հանգի կողմնորոշման բացակայության։ Նրա առաջ քաշած թեզի էությունը հետևյալն է. Հայաստանը չպետք է ունենա ոչ պրոռուսական, ոչ պրոամերիկյան ոչ էլ պրոեվրոպական կողմնորոշում։ Նիկոլ Փաշինյանն ասում է.
«Հարկ եմ համարում առանձնահատուկ ընդգծել. մենք պակաս վտանգավոր չենք համարում քաղաքական դաշտը հեղեղած պրոամերիկյան, պրոռուսական, պրոեվրոպական ուժերին, որոնք հայաստանյան իրականությունը տեսնում են Պետդեպարտամենտի, Կրեմլի կամ Եվրախորհրդարանի պատուհաններից:
Սա վտանգավոր և սեփական ուժերի նկատմամբ մեր ժողովրդի հավատը խաթարող գործելակերպ է, ու մեր կարծիքով՝ պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Մեր երկրում չպետք է լինեն պրոռուսական քաղաքական ուժեր, որովհետև պրոռուսականությունը հակահայկականություն է: Մեր երկրում չպետք է լինեն պրոամերիկյան քաղաքական ուժեր, որովհետև պրոամերիկյանությունը հակահայկականություն է, մեր երկրում չպետք է լինեն պրոեվրոպական քաղաքական ուժեր, որովհետև պրոեվրոպականությունը հակահայկականություն է…»:
Շատ գեղեցիկ է ասված, մոտավորապես այնքան գեղեցիկ, որքան Վազգեն Մանուկյանի՝ հայերի՝ համաշխարհային ազգ լինելու մասին հայտնի հայտարարությունը։ Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է մենք՝ հայերս, լինենք պրոորևէբանական, թող ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիները դառնան պրոհայկական։ Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, և փոքր լինելով՝ այնքան այլ է, որ ժամանակակից աշխարհում՝ որքան էլ դա հաճելի չլինի ազգային ինքնագնահատականի համար, հարաբերությունները կառուցված են որոշակի ընտրությունների ու նախընտրությունների վրա, որոնք քաղաքական ձևակերպմամբ՝ անվտանգության համակարգերի ընտրություններ են, մշակութաբանական ձևակերպմամբ՝ քաղաքակրթական համակարգերի ընտրություններ են։ Եվ ուրեմն, եթե այս կամ այն կողմնորոշման ընտրությունն անխուսափելի է, որևէ ընտրություն հակահայկական անվանելը, որքան էլ հռետորաբանորեն հաճելի, նույնքան վտանգավոր է քաղաքականապես։
Որովհետև վտանգավոր է հավասարության նշան դնելը, ինչն անում է Նիկոլ Փաշինյանն իր ելույթում։ Որովհետև հավասարապես հակահայկական համարել պրոռուսականությունն ու պրոամերիկյանությունը, նշանակում է՝ հավասարության նշան դնել այն մեթոդների միջև, որոնցով աշխատում է Հայաստանի հետ պուտինյան հակադեմոկրատական Ռուսաստանն ու դեմոկրատական ԱՄՆ-ը։ Նշանակում է՝ հավասարության նշան դնել Հայաստանում հակադեմոկրատական ռեժիմների պահպանության ու պաշտպանության ու դեմոկրատական ինստիտուտների կայացմանն ուղղված, թեկուզ ոչ այնքան արդյունավետ, մոտեցումների միջև։
Հավասարության նշան դնելը նշանակում է՝ հավասարեցնել Ադրբեջանին հարձակողական զենք վաճառող Ռուսաստանի ու Լեռնային Ղարաբաղին, թեկուզ ոչ այնքան մեծ, այդուհանդերձ, տարիներ շարունակ աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ի միջև։ Հավասարության նշան դնել նշանակում է՝ հավասարեցնել պերմյակովներ բուծող ռուսական ռազմակայանի և ժամանակակից մեթոդներով գործող ՆԱՏՕ-ի միջև։ Հավասարություն դնել, վերջին հաշվով, նշանակում է՝ հավասարության նշան դնել եվրասիականության ու եվրոպականության միջև, ինչն էլ իր հերթին նշանակում է՝ հավասարեցնել մարդուն «քացու տակ պահելու» ու մարդուն արժանապատիվ կյանքով ապահովելու հայեցակարգերը։
Նիկոլ Փաշինյանի պարագան այս թեմայով բոլոր մյուս արտահայտվողներից տարբերվում է նրանով, որ վստահաբար նա իր մղումներում ազնիվ է, անկեղծ ու իրապես հայրենասեր ու հաստատ չի առաջնորդվում որևէ կենտրոնից, որոնց ազդեցության տակ գործում են այս թեմայով մյուս խոսողները։
Բայց մյուս կողմից՝ մղումների ազնվությամբ հանդերձ, Նիկոլ Փաշինյանի մոտեցումը գրեթե հավասարեցվում է այն հռչակագրերին, որոնք պաշտոնապես դրված են, ասենք, Արտաքին գործերի նախարարության հայեցակարգերում կամ ռազմավարություններում, բայց որոնք, վերջին հաշվով, իրենց հռչակագրային էսթետիկ գեղեցկությամբ հանդերձ, ծառայում են Հայաստանի ռուսագավառացմանը։
Նիկոլ Փաշինյանի այս ելույթը, անկախ ամեն ինչից, անկախ դրանում արտահայտված մտքերի հետ համաձայնությունից կամ անհամաձայնությունից, չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այն առումով, որ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը բերում է քաղաքական օրակարգ, և փորձ է արվում այդ հարցի շուրջ ծավալել հանրային դիսկուրս, որը Ռուսաստանի ու ռուսահպատակների ջանքերով՝ Հայաստանում դարձել է գրեթե տաբու։
Հարություն Ավետիսյան