Ֆրանսիան պահանջել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի շուրջն ընթացող ԵՄ-ի բանակցությունները

Ֆրանսիան Գերմանիայից անմիջապես հետո հանդես է եկել Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից արտաքին առեւտրի պետքարտուղար Մատիաս Ֆեկլը:

«Ֆրանսիան պահանջում է դադարեցնել բանակցությունները TAFTA-ի (Ազատ առեւտրի անդրատլանտյան գոտի) եւ TTIP-ի (Անդրատլանտյան գործընկերություն առեւտրի եւ ներդրումների բնագավառում) շուրջը»,- այս մասին  Twitter-ի իր էջում գրել է պետքարտուղարը:

Նախօրյակին Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել էր ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջն ընթացող բանակցությունների ձախողման մասին:

Առեւտրի եւ ներդրումների բնագավառում անդրատլանտյան գործընկերության շուրջ բանակցությունները նպատակամղված են ազատ առեւտրի՝ մարդկության պատմության մեջ խոշորագույն տարածքի ստեղծմանը, որը կներառի մոլորակի երկու գլխավոր տնտեսական կենտրոնները՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն:

Բանակցությունները դժվար են ընթանում Ամերիկայի եւ Եվրոպայի սոցիալ-տնտեսական մոդելների եւ գործարար ավանդույթների էական տարբերության պատճառով: ԵՄ-ում դրանց դեմ հանդես են գալիս ազդեցիկ խմբեր, որոնք կարծում են, որ TTIP-ի ստեղծումը կքայքայի զարգացման «եվրոպական սոցիալական մոդելը» եւ բացասաբար կանդրադառնա քաղաքացիների աշխատանաքային իրավունքների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս