Թուրքիայի հետախուզությունը հերքում է Պենտագոնին
Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մարտիկները չեն լքել իրենց դիրքերը Եփրատ գետից արևմուտք, քրդերի` արևելյան ափ հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, թե քրդերի ինքնապաշտպանական ուժերը կդառնան թուրքական բանակի թիրախը Սիրիայի հյուսիսում, եթե հետ չքաշվեն Եփրատից արևելք:
Դրանից հետո Agence France-Presse գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին, հայտնել էր, թե քրդական ջոկատները թողել են գետի արևմտյան մասում իրենց դիրքերը:
Anadolu-ի զինվորական աղբյուրը հայտնել է, որ քրդերն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայում ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ` գրոհելով թուրքական ստորաբաժանումներին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ «Քրդական աշխատավորական» կուսակցության ղեկավարները հրամայել են սիրիացի քրդերին չթողնել իրենց դիրքերը Եփրատից արևմուտք` Մանբիջ քաղաքի շրջանում: