Բաժիններ՝

«3% տնտեսական աճը մոտ 300 մլն դոլար է, որն ընդամենը մեկ նորմալ ներդրումային ծրագրի արժեք կարող է կազմել». Մեսրոպ Առաքելյան

«Վերջին տարիներին տնտեսական ակտիվության նման աճ պարբերաբար է գրանցվում, բայց հաշվի առնելով, որ այդ մակարդակի աճը որևէ էական ազդեցություն չի թողնում տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա, ապա կարելի է ասել, որ սա այդքան էլ լուրջ ազդեցություն չի կարող թողնել, քանի որ պետք է այդ ցուցանիշին նայել ոչ միան տոկոսային արտահայտությամբ, այլ նաև փորձել վերածել բացարձակ թվի: Եթե տարեկան կտրվածքով արձանագրում ենք 3% տնտեսական աճ, և կառավարության կողմից դա բավականին լավ ցուցանիշ է համարվում, այդ նպատակն են նախանշում, ապա դա մոտ 300 մլն դոլարի մասին է խոսքը, որը բավականին փոքր թիվ է: Մեր նման երկրների համար դա ընդամենը մեկ նորմալ ներդրումային ծրագրի արժեք կարող է կազմել, այլ ոչ թե՝ ամբողջ տարվա ամբողջ տնտեսության մեջ ներգրավված սուբյեկտների աշխատանքի արդյունքում արձանագրված աճ: Այդ տեսանկյունից 3% աճը տնտեսության վրա էական ազդեցություն չի կարող ունենալ և, ինչպես տեսնում ենք, չի ունենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ մեկնաբանելով 2016 թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.0% աճը:

Թե տարվա կեսին տնտեսական ակտիվության աճի տեմպերի նվազումն ի՞նչ է խոստանում տարվա վերջի համար, Մ.Առաքելյանը նշեց, որ մինչ այժմ որոշակի աճ ապահովվել է գյուղոլորտի աճի շնորհիվ, սակայն այն արդեն պասիվացել է և տարվա վերջին ավելի կնվազի. «Վերջին մի քանի տարիներին ՀՆԱ աճի հիմնական ապահովող գործոնը գյուղատնտեսությունն է: Առևտուրը և շինարարությունն այս տարվա 7 ամիսների կտրվածքով անկում են արձանագրել, և, եթե մյուս ոլորտներում էական դրական փոփոխություններ տեղի չունենան, ինչի նախադրյալներն այս պահին չեն երևում, ապա, հաշվի առնելով գյուղոլորտում սեզոնայնությունը, որ մինչև տարվա վերջ ունենալու ենք անկում, լավագույն ՀՆԱ աճի ցուցանիշը չի գերազանցի 3%-ը»:

Հիշեցնենք, որ նախորդ ամիսների համեմատ՝ ՏԱՑ-ի աճի տեմպը նվազում է, օրինակ՝ հունվար-հունիսին այն 4.7% էր, հունվար-մայիսին՝ 5.5%, հունվար-ապրիլին՝ 6%, և այլն: Նմանատիպ դինամիկա է նաև ամսական կտրվածքով 1 տարվա համեմատությամբ. եթե այս տարվա մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, տնտեսության ակտիվությունն աճել էր 6.6%, ապրիլին՝ 2015-ի ապրիլի համեմատ՝ 5.7%, մայիսը՝ 2015-ի մայիսի նկատմամբ՝ 5.4%, հունիսը՝ 2015-ի հունիսի նկատմամբ՝ 1.9%, ապա այս տարվա հուլիսին արդեն նախորդ տարվա հուլիսի համեմատ անկում է արձանագրվել՝ 4.3%:

Տնտեսության ճյուղերում հունվար-հուլիսին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ոլորտում՝ 7.9%, գյուղատնտեսության՝ 1.3%, ծառայությունների՝ 7.6%, արտաքին առևտրաշրջանառության՝ 2.3 %, սակայն, եթե արտահանումն աճել է 16.5%, ապա ներմուծումը նվազել է 4.4%:

Տնտեսության մյուս ոլորտներում անկում է գրանցվել. շինարարություն՝ 7.6%, մանրածախ առևտուր՝ 0.4%, էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 5.5%:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս