«Այս ծայրահեղ լարվածությունը գալիս է նախ՝ սոցիալական անհավասարությունից». Դավիթ Գասպարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Երևանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձությունների մասին՝ գրականագետ Դավիթ Գասպարյանն ասաց, որ հասարակությունը ծայրահեղ լարվածության մեջ է:
«Սա կուտակվել է ժամանակի ընթացքում, սա մեկ օրվա բան չէ: Այս ծայրահեղ լարվածությունը գալիս է նախ՝ սոցիալական անհավասարությունից, մեր ժողովրդի մեջ կուտակված զարհուրելի դժգոհությունից, այս հայրենիքից հեռանալուց»,- ասաց նա՝ նշելով. որ լարվածությունն այլ հիմքեր ևս ունի:
«Ես շատ ծանր տարա այս իրավիճակը, և իմ վերաբերմունքը հետևյալն է՝ Ժիրայր Սէֆիլյանն ազգային հերոս է: Այդ մարդը կռվել է Ղարաբաղում, հաղթանակ է տարել, ապահովել է մեր առաջընթացը, եթե առաջընթաց կա գոնե Ղարաբաղի հետ հարցերի լուծման գործում: Ինչպե՞ս ենք մենք վարվում մեր հերոսների հետ: Սամվել Բաբայան կար, հերոս մարդ էր: Ի՞նչ արեցինք, տարանք, Շուշիի բանտում նստեցրինք: Ժիրայր Սէֆիլյանին տարել, բանտում նստեցրել ենք: Ինչո՞ւ»,- ասաց նա՝ նշելով, որ հասարակությունը զարգանում է, դժգոհություններ ունի, ամուր պետություն է ուզում, առաջընթաց, և, երբ դա չի լինում, ոտքի է կանգնում:
«Այդ պատճառով բանը չպիտի հասցնել այսպիսի լարվածության, պետք է աստիճանաբար լուծել, մեղմ լուծել, մարդկանց զրույցի, երկխոսության կանչել, հրապարակային քննարկումներ պիտի լինեն»,- ասաց նա՝ հիշելով Համո Սահյանի խոսքերը՝ պետությունն իշխանավորներինն է, բայց երբ պետության վիճակը վատանում է, պետության անունը դնում են հայրենիք և տալիս ժողովրդին:
«Մենք պիտի ձգտենք, որ «պետություն» և «հայրենիք» հասկացությունները միավորվեն, դառնան մեկ ընդհանուր, բոլորինս»,- ասաց նա՝ նշելով, որ այս ծանր վիճակը պետք է օր առաջ հանգուցալուծվի. «Այդ տղաները զոհ են, ի վերջո: Նրանք այս դժգոհության, լարվածության կրողներն են, որ դիմեցին այս քայլին: Դաժան է: Եղբայրը՝ եղբոր, հայը՝ հայի դեմ զենք վերցնելն ահավոր բան է: Կարծում եմ՝ օր առաջ պետք է զենքը վայր դնել, բայց գտնել հարցի լուծման շատ խոհեմ ճանապարհ»: