«Եթե հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, մինչև 2060թ. ՀՀ-ն կկորցնի գրեթե 93.000 կին». մասնագետ
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման դեպքերի թեկուզ չնչին մակարդակով նվազումը արդեն իսկ խրախուսելի է:
«Երբ 2011 թվականին սկսեցինք հետազոտությունը նորածինների հարաբերակցությունը կազմում էր 114 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ ընդունելի ցուցանիշներն են 102-106 տղա 100 աղջկա դիմաց: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ վերջին 3-4 տարիների ընթացքում տեղեկատվության տրամադրման, ինֆորմացիոն քարոզարշավների շնորհիվ նկատվում է նվազում՝ արդեն մոտ 113, ընդ որում` այն մարզերում, որոնք միշտ ամենաբարձր ցուցանիշներն են գրանցել: Եթե 2011 թվականին Գեղարքունիքում այդ հարաբերակցության մեջ տղաների թիվը 124 էր, ապա այսօր այն 117 է: Կրկին մնում է այդ մեծ տարբերությունը, սակայն շատ լավ է, որ այսքան նվազել է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գարիկ Հայրապետյանը՝ ընդգծելով այս հարցում մարդկանց իրազեկվածության բարձրացման կարեւորությունը:
«Մարդիկ չէին էլ մտածում, որ նման երեւույթ կա, եւ թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ երկրի ապագայի վրա: Սեռով պայմանավորված ընդհատումների հիմնական պատճառը մնում է կին-տղամարդու անհավասարությունը, այսինքն՝ ծնողները չեն հավատում, որ աղջիկը մեծահասակ տարիքում կկարողանա իրենց ֆինանսապես կաջակցել: Եվ քանի որ մենք տեսնում ենք, որ կանայք դառնում են ավելի կայուն, անկախ եւ կարող են նաեւ իրենց ծնողների մասին հոգ տանել, ինձ թվում է՝ կամաց-կամաց այդ մտածելակերպը փոխվում է»,-եզրափակեց նա:
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2013 թվականի ուսումնասիրությունների՝ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակներից մեկը: Վերջին մարդահամարի տվյալներով՝ 1996 թվականից հետո մինչև 15 տարեկան տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին գրեթե 39.000-ով։
Իսկ ըստ կանխատեսումների՝ եթե հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ ապագա մայր, իսկ տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060 թվականը կհասնի 2000-ի: