«1997 թվականին ՀՀՇ-ի իշխանությունից հեռանալուց հետո չի ձևավորվում Հայաստանի քաղաքական դաշտի լիբերալ թևը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է՝ ի տարբերություն իշխանական դաշտի՝ ընդդիմադիր դաշտում ոչ թե կորիզավորման, բյուրեղացման, խոշորացման գործընթացներ են գնում, այլ շարունակական տրոհման և ուժերի ջլատման: Այսօրվա ասուլիսի ժամանակ նա նշեց, որ, եթե իրենք չկարողանան 2017 թվականի ընտրություններն օգտագործել որպես քաղաքական համակարգի կայացման կարևորագույն հնարավորություն, խոսել քաղաքական համակարգի կայացման երկկողմանի պատասխանատվության մասին՝ իշխանության և ընդդիմության, հնարավոր չի լինելու:

Ա. Աշոտյանը քաղաքական առողջ ծիլեր է տեսնում ընդդիմադիր դաշտում, բայց, ըստ նրա՝ առանձին վերցրած այդ քաղաքական ուժերը չեն կարողանում այս պահի դրությամբ խոշորանալ և սկսել են իրար մեջ երբեմն ավելի շատ պայքարել, քան իշխանական կուսակցությունների դեմ. «Այս պահի դրությամբ և մոտ ապագայում ՀՀԿ-ի ծանրակշիռ դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում հարցականի տակ չեմ դնում»:

Հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մտադի՞ր է դաշինքով հանդես գալ՝ Ա. Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն շարունակելու է համագործակցել քաղաքական բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ այս ընթացիկ համագործակցությունը գնահատելու է արդյունավետ. «Իրավական ձևաչափն ինչպիսին կլինի, այս պահին ժամանակավրեպ է ասել: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կգնա իր քաղաքական գործընկերների հետ նոր ընտրություններին՝ որպես ՀՀԿ»:

Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե միգուցե ՀՀԿ-ն ժամանակին այնպես է արել, որ այսօր այս իրավիճակը ստեղծվի ընդդիմադիր դաշտում, Ա. Աշոտյանը նկատեց, որ քաղաքական պայքարը նաև ենթադրում է քաղաքական կոշտ պայքար: «Ցավոք սրտի, մեր դեմ շատ կոշտ են պայքարել և պայքարում նաև որոշ քաղաքական ուժեր, բնական է՝ մենք երբեմն նույնպես նման արձագանքներ իրականացնում ենք: Մեղադրել ՀՀԿ-ին նրա մեջ, որ այսօրվա ընդդիմադիր դաշտն այս վիճակում է և այլ խնդիրների առջև է, նշանակում է՝ հուսալ, որ իշխանությունները կձևավորեն իրենց համար հարմար ընդդիմությունը: Չենք ուզում լինել այն իշխանությունը, որ իր համար հարմար կառավարելի ընդդիմություն կձևավորի»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Կարդացեք նաև

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական կյանքում լավ ներկայացված են պահպանողականները՝ ՀՀԿ, սոցիալիստները՝ ՀՅԴ, իսկ լիբերալ թևը ՀՀՇ-ի՝ 1997 թվականի իշխանությունից հեռանալուց հետո չի ձևավորվում: Ըստ Ա. Աշոտյանի՝ մենք չունենք գաղափարաբանական ուժեղ լիբերալներ քաղաքական դաշում:

«Հասարակությունն ազատական է դառում, ու լիբերալների պոտենցիալ ձայները շատանում են: Ո՞վ է այն ուժը, որ կտանի հայ հասարակության ազատական հատվածի 10-15 տոկոսը: Ուժեղ անհատականություններ կան, լավ քաղաքական գործիչներ կան՝ Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան, Ալիկ Արզումանյան… կարող եմ թվարկել հայտնի քաղաքական գործիչների, որոնք քաղաքական ինստիտուցիոնալիզացիայի տեսանկյունից դեռ հաջողության չեն հասել: Լիբերալների տեղը քաղաքական դաշտում երևում է, նրանց կարիքը կա, որ Հայաստանի քաղաքական համակարգը դառնա ավելի ստաբիլ: Ցավոք, դա չստացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, չգիտեմ՝ 2017 թվականին ո՞ւմ մոտ դա կստացվի, կամ կստացվի՞, թե՞ ոչ»,- նշեց Ա. Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս