«Հիմա մենք իրականացնում ենք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ տնտեսական ծրագիրը». Սերժ Սարգսյան

«Ես վստահ եմ՝ եթե լինի միասնական մոտեցում, ապա Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը կգտնվի: Բայց աշխարհն այդպես է զարգանում: Չկա որևէ տարածաշրջանային խնդիր, որը շատ երկրների կողմից չդիտարկվի իրենց ազգային շահերի տեսակետից: Անկեղծ ասած՝ մենք չգիտենք դրա դեմ պայքարելու դեղատոմսը, կամ էլ՝ ընդհանրապես անհրաժեշտություն կա՞ դրա դեմ պայքարելու, թե՞ ոչ, որովհետև յուրաքանչյուր երկիր իր գործողություններում ելնում է իր ազգային շահերից»,- այս մասին արաբական Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նկատեց՝ այսօր Արևելքը Եվրոպայի հետ կապող ամենահարմար ուղիներն անցնում են մեր տարածաշրջանով, և այդ ուղիներից մեկի մի փոքր հատվածը կարող են կազմել Հայաստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան: Բայց ըստ Ս. Սարգսյանի՝ ապրանքները տեշարժվում են այն տեղով, որտեղ ավելի անվտանգ է, որտեղ քաղաքական հարցերը չեն խոչընդոտում տնտեսական հարցերին. «Շատ դեպքերում, իհարկե, քաղաքականը խառնվում է տնտեսականին, տնտեսականը՝ քաղաքականին, անվտանգության խնդիրները խառնվում են տնտեսականին, քաղաքականին և այլն:

Այսինքն՝ զուտ մաքուր, բյուրեղյա տնտեսական խնդիրներ գոյություն չունեն: Մենք անշուշտ ուզում ենք, որ Հայաստանը դառնա տարանցիկ ճանապարհ, և ոչ միայն ուզում ենք, այլև այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ենք իրականացնում: Հիմա մենք իրականացնում ենք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ տնտեսական ծրագիրը և Վրաստանի հարավն ուզում ենք կապել Իրանի հյուսիսի հետ՝ Հյուսիս-Հարավ մայրուղով: Դա մի քանի միլիարդ դոլարանոց ծրագիր է, որի շնորհիվ՝ ժամանակը, որ ծախսվում է այդ ճանապարհը հաղթահարելու համար, կկրճատվի երկու անգամ: Սա կարևոր հանգամանք է, որպեսզի Արևելքից ապրանքները շատ կարճ ժամանակում հասնեն սևծովյա նավահանգիստներ: Հավատացեք՝ Հայաստանում կա գիտակցությունը, որ անկախ կրոնից՝ համակեցությունը լավ ապրելու պայման է: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ կրոնները գոնե ինչ-որ չափով սահման ունեն: Տարբեր կրոնի պատկանող մարդիկ կամ ապրում են հարևանությամբ, կամ ապրում են իրար ներսում, և ծայրահեղականությունը ցանկացած կրոնի կամ կրոնի ներկայացուցչի մեջ՝ միշտ վտանգավոր է հասարակության համար»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, նախագահը նշեց, որ չի կարծում, թե ՀԱՊԿ-ը հակակշիռ է ՆԱՏՕ-ին. «Այո, ՀԱՊԿ-ը ևս ռազմաքաղաքական դաշինք է, որը կոչված է ապահովելու իր անդամ երկրների անվտանգությունը: Լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ՝ մենք մշտապես համոզվել ենք, որ ՀԱՊԿ-ը ձգտում, ցանկություն ունի համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ: Այս առումով դեռևս մենք մեծ հաջողություններ չունենք: Միգուցե ելնելով նրանից, որ ՆԱՏՕ-ն համարում է, որ ինքն ավելի կազմակերպված է, ավելի ընկալելի կառույց է, կամ այլ պատճառներով, դեռևս համագործակցությունը շատ լայն չէ: Բայց մենք չենք դիտարկում մեր շահերն ուրիշների հակասության համատեքստում: Մենք միշտ ցանկանում ենք, որ համընկնեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերը, որպեսզի նրանց մեջ կոնֆլիկտ չլինի: Հակասությունների վրա շահ փնտրելը միշտ վտանգավոր է: Մենք այդպիսի օրինակներ ունենք և՛ մեր տարածաշրջանում, և՛ տարբեր տեղերում: Լինելով ՀԱՊԿ անդամ, այո, մենք սերտ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն ստեղծված չեն նրա համար, որ անպայման իրար հետ կոնֆլիկտ ունենան»:

Խոսելով Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի մասին, նախագահը նշեց, որ արդեն երկար տարիներ Հայաստանում կան S 300 համակարգեր, ու մեր հակաօդային պաշտպանության հիմնական միջոցները հենց դրանք են. «Եվ եթե ՀԱՊԿ-ի ՀՕՊ համակարգում ևս նոր հրթիռներ տեղակայվեն Հայաստանում, դա միայն ու միայն դրական կարող է լինել, որովհետև դրանք պաշտպանողական միջոցներ են: Բայց պետք է ասեմ, որ այդ միասնական համակարգ կոչվածը չի նշանակում՝ ազգային համակարգերի վերացում: Կոնկրետ այս պարագայում՝ Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է ՀՀ ԶՈւ ՀՕՊ պետը, և հրամաններն ինքն է արձակելու: Այսինքն՝ սա ջանքերի համատեղում է: Այսինքն՝ մեր հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք մենք՝ մեր գործընկերների աջակցությամբ»:

Պատրաստեց՝ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս