Բաժիններ՝

«Ստամբուլի ահաբեկչությունը որոշ առումով ձեռնտու էր նաև Թուրքիային». արաբագետ

Ստամբուլի ահաբեկչական գործողությունն ինչ-որ տեղ ձեռնտու էր նաև Թուրքիային: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին:

«Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մեղավոր նշվեց «Իսլամական պետություն»-ը, սակայն վերջինս չստանձնեց պատասխանատվությունը: Նշեմ, որ առհասարակ «Իսլամական պետություն»-ը միանգամից ստանձնում է իր կողմից իրականացրած ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը: Այո, Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության դեպքում երևում է «Իսլամական պետության» ձեռագիրը, բայց կարող եմ ասել, որ այդ ահաբեկչությունը ձեռնտու էր Թուրքիային: Ահաբեկչությունը մեղմեց այն աղմուկը, որը կարող էր ի հայտ գալ Ռուսաստանի հետ հաշտեցման գործարքի հետ կապված»,-ասաց Արմեն Պետրոսյանը: Դրանից բացի, նկատվում է, որ սիրիական գործընթացներում թուրքական իշխանությունները փոխելու են իրենց գործելաոճը: Ըստ նրա` նախորդ տարիները ցույց տվեցին, որ սիրիական գործընթացում թուրքական քաղաքականությունը ձախողվել է, և չի բացառվում այժմ առավել հստակ գործողություններ «Իսլամական պետության» դեմ:

«Եվ եթե հաշվի առնենք այն տարածվող տեղեկությունները, որ սկսվել են գաղտնի բանակցություններ Սիրիայի իշխանությունների ու Թուրքիայի միջև, դրանք թույլ են տալիս կարծելու, որ առաջիկայում սիրիական գործընթացներում ականատես ենք լինելու Թուրքիայի քաղաքականության շրջադարձային փոփոխություններին»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և’ Ռուսաստանի, և’ Թուրքիայի համար փոխշահավետ քայլ համարեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Տարածաշրջանային զարգացումներով պայմամանավորված՝ երկու երկրներն էլ դժվարին իրավիճակում էին հայտնվել, ու փոխադարձ ձեռնտու է հարաբերությունների կարգավորումը: Լևոն Հվսեփյանը նկատեց, որ այդ մասին է վկայում Թուրքիա- Ռուսաստան նամակային դիվանագիտությունը:

«Սիրիական հիմնախնդրի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը ձախողվեց ու լուրջ ռիսկերի առաջ կանգնեց: Աշխարհաքաղաքական մանևրի առումով Թուրքիայի համար Ռուսաստանը միշտ կարևոր գործոն է եղել: Այն խնդիրները, որ կային Թուրքիա-Արևմուտք, մասնավորապես, Թուրքիա-ԱՄՆ հարաբեություններում, բարդ իրավիճակ էր ստեղծել Անկարայի համար, Ռուսաստանը նրան պետք է որպես այլընտրանքային գործոն, որից զրկված էր»,- ասաց Լևոն Հովսեփյանը: Թուրքագետը նկատեց, որ երկու երկրները կհամագործակցեն տնտեսական ոլորտում, սակայն աշխարհաքաղաքական առումով զգուշավորությու ն կպահեն:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան գործընթացի վրա, ապա թուրքագետը նշեց, որ այս փուլում դա քիչ հավանական է:

«Ռուս-թուրքական սերտ հարաբերություններն իր հետ բերում են այնպիսի խնդիրներ, երբ երկու երկրներն իրենց համար զգայուն հարցերի վրա աչք են փակում: Բայց այն, ինչ այս ընթացքում տեղի է ունենում, չեմ կարծում, որ էական փոփոխությունների կբերի Հայաստանի կամ արցախյան գործնթացի համար: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի»,- ասաց թուրքագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս