«ՀՕՊ հրամանատարությունը գտնվելու է հայկական կողմի մոտ». ԱԺ-ն քննարկում է ՀՕՊ համաձայնագիրը (ուղիղ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Ըստ նրա` համաձայնագրի նպատակը հակաօդային պաշտպանության մակարդակի բարձրացումն է: Ա.Նազարյանը նշեց, որ ընդհանուր համակարգումն իրականացնելու է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական գլխավոր հրամանատարը, իսկ զորային օղակի անմիջական ղկավարումն իրականացնելու է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ պետը: Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով` ինքնաբերաբար երկարացնելու պայմանով:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա Հայաստանի շահերից բխող համաձայնագիր է և պետք է վավերացնել այն: Ըստ նրա` ի տարբերություն Բելառուսի և Ղազախստանի, որոնք ՌԴ հետ կնքել են միասնական համակարգ, ՀՀ դեպքում միավորված համակարգ է, այսինքն` ՀՀ ՀՕՊ ուժերը պահում են ներքին ինքնուրույնությունը և ղեկավարելու է ՀՀ հրամանատարությունը:

Պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` սա առաջին բացառիկ դեպքն է, երբ հայ-ռուսական հարաբերություններում հայկական կողմը բանակցել է և հրամանատարությունը մնացել է հայկական կողմին: Նա հետաքրքրվեց՝ արդյոք ՀՕՊ հրամանատարը «դուխ» ունենալո՞ւ է, որ «կրակ» հրամանն արձակի և խնդիր չունենա, որ կարող է իրեն դրա համար պատժեն:

Ա.Նազարյանը կրկնեց, որ ՀՕՊ հրամանատարությունը գտնվելու է հայկական կողմի մոտ, նաև ավելանում է ռուսական ռեսուրսը, այսինքն` մի բան ավելանում է, այդ թվում` կործանիչ ավիացիան:

Տեսանյութեր

Լրահոս