Բաժիններ՝

Ջիվանու ու Շերամի արձանները կրկին իրենց տեղում են

Վերականգնման աշխատանքներից հետո աշուղներ Ջիվանու ու Շերամի արձանները կրկին իրենց տեղում են: Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել էր Գյումրու «Կենտրոնական» զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն և Շերամին նվիրված արձանախումբը: Պատահարի հետևանքով գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ էր կրել ու դեֆորմացվել. վնասվել էին հիմնականում արձանների ձեռքերի ու ոտքերի հատվածները:

«Օպել» մակնիշի մեքենան բախվել էր քանդակին և ներքև տապալել: Վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, բայց ոչ այնքան հարվածի ուժգնությունն է եղել արձանների տապալման պատճառը, որքան ոչ ամուր պատվանդանը:Վերականգնումից հետո արձանների տեսքը չի փոխվել, փոխված է միայն պատվանդանը՝ այն ավելի բարձր է: Արձանախումբը վերականգնել է նույն վարպետը՝ Արտուշ Պապոյանը իր երեք որդիների հետ: Աշխատանքների իրականացման համար գումարի մի մասն է այս պահին փոխանցվել վարպետին՝ այն էլ ԱՊՊԱ-ի կողմից, իսկ մյուս մասի վճարման համար քաղաքապետարանը կդիմի դատարան՝ ՃՏՊ-ի պատճառ դարձած վարորդից գումարի մյուս հատվածը պահանջելու հայցով:

«Ընդհանուր առմամբ պատահարի հետևանքով արձանախմբին պատճառվել է 3 մլն 658 հազար դրամի նյութական վնաս, որից 1 մլն 800 հազար դրամը ապահովագրական ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, հատուցել է, իսկ գումարի տարբերության համար հայց ենք ներկայացնելու դատարան՝ մեղավորից գանձելու պահանջով»,-տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս