«Սանկտ Պետերբուրգից հետո ԱՄՆ-ն կփորձի «գցել» ՌԴ-ին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում». Գրիգորի Տրոֆիմչուկ

«Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնեցված չեն գործում արդեն բավականին վաղուց (վերջին անգամ երկու մայրաքաղաքները համաձայնեցված գործել են 1975թ. «Ապոլլոն-միություն» ծրագրի շրջանակում)»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությանը:

Նա նշեց, որ ուկրաինական և սիրիական պատերազմների շուրջ իրավիճակն այդ չհամաձայնեցվածությունը բավականին հստակ ցույց է տալիս:   Ըստ Տրոֆիմչուկի, այնուամենայնիվ, պետք չէ բացառել, որ «համաձայնեցված քայլերի» ներքո ԱՄՆ-ը կփորձի «գցել» Ռուսաստանին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «Որպեսզի հետո, օգտագործելով Բաքվի դժգոհությունը, արմատապես ուժեղացնի իր ազդեցությունը ոչ միայն՝ հենց ԼՂՀ-ի նկատմամբ, այլև՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանում: Ամեն դեպքում Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո Վաշինգտոնը մեծացնելու է ճնշումը Մոսկվայի նկատմամբ, քանի որ չարձանագրեց սենսացիաներ, որը նրանից ակնկալում էին: Ավելի ճիշտ, Վաշինգտոնն իր համար պարզ եզրակացություն է կատարել, որ այս դաշտում Մոսկվան արդեն սպառվել է»,- ասաց Տրոֆիմչուկը: Վերջինիս համոզմամբ, իրականում շփման գծում վերահսկողությունը ոչինչ չի տալու, քանի որ յուրաքանչյուր կողմ հակառակորդին է մեղադրելու, պնդելու իր դիրքորոշումը՝ խախտումների սեփական հաշվարկները ներկայացնելով:

«Ղարաբաղյան պատերազմը կանխված չէ, այն պարզապես հետաձգված է ժամանակավորապես: Իրականում, գնահատման և իրավիճակի հետագա զարգացման գլխավոր թեստը դառնում է այն նեղ տարածքային գոտին, որը վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից ապրիլի 5-ից հետո: Եվ քանի որ այդ մասին որևէ մեկը չի խոսել, որևէ մեկն ուշադրություն չի դարձրել այս հարցին ոչ Վիեննայում, ոչ Պետերբուրգում, ապա պետք է մտածել, որ Ադրբեջանն իր համար կանի գլխավոր և միակ եզրակացությունը՝ կարելի է հանգիստ առաջ շարժվել»,- ասաց Տրոֆիմչուկը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս