«Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում չամրապնդեց երկրի միջազգային հեղինակությունը»
«Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակադրակի վրա»,- այս մասին հայ լրագրողների հետ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի միջամտությամբ կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին։
Գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ Սիխարուլիձեն ասաց, որ Վրաստանն ու Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Նրա խոսքով՝ այդ հետաքրքրությունների միջուկը բարիդրացիական հարաբերություններ պահպանելու՝ երկու երկրների ձգտումն է։
«Անվտանգությունն ու կայունությունը մեր երկրների զարգացման հրամայական և որոշիչ գործոններն են։ Ես նույնիսկ ավելին կասեի, որ Հարավային Կովկասում մենք միմյանցից շատ ավելի շատ ենք կախված, քան մեզ թվում է։ Դժվար է պատկերացնել մի երկրի ամբողջական հաջողությունը՝ առանց մյուսի հաջող պետականության։ Աշխարհաքաղաքական կողմնորոշման ընտրությունը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Ես կարծում եմ, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրացիան չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն՝ Վրաստանի, այլև՝ ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա»,- ասաց վրացի դիվանագետը՝ հավելելով, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն լավ հարաբերություններ, թեև միշտ կատարելագործման տեղ կա։
Նա նշեց, որ կարող ենք և պետք է աջակցենք համատեղ առևտրի, տրանսպորտային և այլ կոմունիկացիաների հետագա ամրապնդմանը, բիզնեսի ու միջանձնային հարաբերությունների զարգացմանը, ավելին՝ քաղաքական տեսանկյունից նշանակություն չունի այն հանգամանքը, որ մենք դեռևս չունենք սահմանի մասին համաձայնագիր։ Հարցին, թե ինչպե՞ս են Հայաստանի ու Վրաստանի ընտրած արտաքին քաղաքական հակադիր ուղիներն անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա, հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Աբխազիայից և Հարավային Օսեթիայից փախստականների հարցով բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունը՝ Սիխարուլիձեն պատասխանեց, որ այդ բանաձևի բովանդակությունը հումանիտար որոշում է։
Նրա գնահատմամբ՝ այն ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ավելին, փախստականների ու հարկադիր տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը Վրաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունն է։ «Սա իր թվով ՄԱԿ ԳԱ-ի իններորդ բանաձևն էր, և տարեցտարի կողմ քվեարկած երկրների թիվն ավելանում է։ Այս տարի 76 երկիր աջակցեց բանաձևին, 15-ը դեմ եղան։ Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումն այս բանաձևի հարցում ոչ միայն բացասական է անդրադառնում մեր երկկողմ հարաբերությունների վրա, այլև չի ամրապնդում Հայաստանի միջազգային հեղինակությունը»,- պնդեց վրացի քաղաքական գործիչը։ Խոսելով Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա ռազմական համագործակցության և այն տեսակետների մասին, թե այդ համագործակցությունը կարող է սպառնալիք լինել Հայաստանի համար՝ վրացի դիվանագետն ասաց, որ սպառնալիք չկա։
«Տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը Վրաստանի հիմնական հետաքրքրությունն է և անվտանգության բաղադրիչը։ Վերոնշյալ եռակողմ համագործակցությունը երբեք չի եղել և ներկայումս ուղղված չէ որևէ կողմի դեմ, և բոլոր կողմերն ամբողջությամբ համաձայն են այս հարցում։ Համագործակցությունը կենտրոնացած է հատուկ կարևորության ենթակառուցվածքների պաշտպանության վրա»,- ասաց Սիխարուլիձեն։
Վրացի քաղաքական գործիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին, ասաց, որ ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող հակամարտություն է, որի առկայությունը դժվարացնում է տարածաշրջանային համագործակցության զարգացումն ավելի քան 2 տասնամյակ՝ բացասական ազդեցություն ունենալով Հարավայկին Կովկասի բոլոր երկրների զարգացման և մոդեռնիզացիայի գործընթացների վրա։
Նրա որակմամբ՝ հակամարտության խաղաղ կարգավորումը ոչ միայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ՝ Վրաստանի կենսական շահերից է բխում։ «Հուսով եմ, որ հակամարտությունը չի սրվի հետագայում ևս։ Դա որևէ հարավկովկասյան երկրի շահերից չի բխում և կարող է կործանարար ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի զարգացման վրա։ Կարծում եմ նաև, որ խաղաղ քաղաքական կարգավորումը կգտնվի կողմերի և միջազգային հանրության մեծ ջանքերի շնորհիվ»,- ասաց նա։