Բաժիններ՝

Ադրբեջանում Իրանի դեսպանը պատասխանել է Միլի մեջլիսում Իրանի՝ Հայաստանի հետ ունեցած «ռազմավարական հարաբերությունների» մասին քննադատություններին

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Աինը հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված երեկ Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) Իրանի հասցեին հնչած քննադատությունների վերաբերյալ:

APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանում Իրանի դեսպանության կայքին, հայտնում է, որ դեսպանը հայտարարել է, թե հնչած կարծիքները չեն նպաստում երկու բարեկամ և եղբայրական երկրների միջև կապերի զարգացմանը:

Իրանցի դեսպանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «նման դրական կապեր Թեհրանի և Բաքվի միջև չեն եղել երբեք»:

«Հայաստանի արտգործնախարարի այցը Թեհրան կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության՝ հարևան երկրների հետ քաղաքական կապերի կարգավորման շրջանակում: Այդ այցն ուղղված չի եղել ինչ-որ երկրի դեմ»,- ասել է դեսպանը:

Մոհսուն Պակ Աինն ասել է, որ որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նորություններն այն մասին, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մոտ ժամանակներս այցելու է Երևան, իրականում հիմնված են հավանականությունների վրա:

«Իրանի նախագահի այցի ծրագիրը և դրանց հստակ ժամկետը կազմվում է պատմական, ազգային հետաքրքրությունների շրջանակում:

Իհարկե, յուրաքանչյուր այցից առաջ նախագահի աշխատակազմը տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունը՝ կապված դրա հետ: Վերջին 3 տարում Իրանի և Ադրբեջանի նախագահները 6 անգամ հանդիպել են, ինչը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին: Հանդիպումների նման քանակություն երկու երկրների նախագահների միջև նման ժամանակահատվածում և երկրների միջև ստորագրված փաստաթղթեր չեն եղել Իրանի հետ հարևան ոչ մի երկրի հետ»,- ասել է իրանցի դեսպանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ Ադրբեջանի խորհրդարանում Արաքս գետի վրա «Խուդաֆերին» ու «Գըզ Գալասը» հիդրոկայանների ու հիդրոհանգույցների շինարարության վերաբերյալ Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև համաձայնագրի հաստատման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, Իրանի հասցեին հնչել են քննադատություններ:

Պատգամավոր Զահիդ Օրուջը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ներկայում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են գտնվում, չեղյալ է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը, իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատրաստվում է այցելել Երևան:

«Ես չեմ ցանկանում Հասան Ռուհանիին խորհուրդ տալ՝ այցելե՞լ, թե՞ չայցելել Երևան: Սակայն չնայած նրան, որ Իրանն իրեն աշխարհում ներկայացնում է որպես մուսուլմանների պաշտպան, մենք ադրբեջանական հողերի օկուպացիայի հարցում նրանից չենք տեսնում պաղեստինյան հարցի նկատմամբ համարժեք վերաբերմունք:
Միջուկային խնդրի թեժ ժամանակ մենք թույլ չտվեցինք, որ Ադրբեջանը վերածվի Իրանի դեմ ուղղված հարթակի: Իրանը ցանկանում է Ադրբեջանի՞ հետ հաստատել բարեկամական հարաբերություններ, թե՞ ընտրել այլ ուղի»,- հայտարարել է նա:
Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը խորհուրդ է տվել Օրուջին չհավատալ նրան, ինչ գրված է: «Ես չեմ հավատում, թե Հասան Ռոուհանին կգնա Հայաստան»,- ասել է նա:

«Դուք, հղում կատարելով տարբեր աղբյուրների, ասում եք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Հայաստան, սակայն չեք խոսում Ադրբեջան պլանավորվող այցի մասին»,- ասել է նա:

Ասադովը նաև ասել է, որ Իրանի հետ կապված որոշ հարցեր պետք է ստանան իրենց լուծումը: «Սակայն Իրանի խորհրդարանում չեն հնչում նման հայտարարություններ Ադրբեջանի վերաբերյալ: Հարցերն ունեն իրենց լուծումները …. Իրանն անկախ պետություն է: Ինչ քաղաքականություն վարի Իրանը, նույնպիսի ադեկվատ պատասխան կստանա Ադրբեջանից»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս