Երվանդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին
Կյանքի 76-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, 1977 թվականից ՀԳՄ անդամ Երվանդ Պետրոսյանը: Երվանդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 18-ից, Երևան, Բագրևանդի փողոցի սգո սրահում (Նորքի զանգվածից Ջրվեժ տանող ճանապարհին)։ Հուղարկավորությունը՝ հունիսի 14-ին ժամը 12-14-ին` Հայաստանի գրողների միությունից: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի գրողների միությունից:
Երվանդ Պետրոսյանը ծնվել է 1940թ. փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում։ Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում։ Մանուկների և մեծահասակների համար գրված ավելի քան 25 գրքերի հեղի նակ է, այդ թվում՝«Պատուհան» (1968), «Անվախճան օր» (1977), «Ժամանակի ծառը» (1982),«Հեքիաթի խնձորը» (1985), «Պապ ու թոռ» (2003), «Շարժասանդուղքի վրա» (2011), «Ծաղկաձորյան լուսաբաց» (2013), ինքնակենսագրական «Ինքս իմ հետևից» (2016) և այլն:
Կատարել է նաև թարգմանություններ (ռուսերենից և էստոներենից)՝ Վլ. Մայակովսկի, «Այս գրքույկը» (համահեղինակ) (1983), Լ. Տունգալ, «Յոթ ծովից այն կողմ» (2011), «Ժամանակակից ռուս մանկագիրները մանուկներին» (2011)։
Երկար տարիների գրական վաստակի և գործունեության համար Երվանդ Պետրոսյանն արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների: 1989թ. «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999թ. «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն՝ «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007 թ. «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերը՝ ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի:
2010 թվականին Երվանդ Պետրոսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2011 թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի։