«Մենք պետք է կարողանանք կազմակերպել մեր տնտեսությունը՝ հաշվի առնելով բոլոր բնակլիմայական ռիսկերը»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ճգնաժամերի կանխման և վերականգնամ գրասենյակի կողմից իրականացվող «Կլիմայական ռիսկերի միասնական կառավարում» ծրագիրը կօգնի դիմակայել կլիմայական փոփոխություններին և դրա հետևանքով առաջացող վտանգներին՝ կլիմայի ռիսկերի մասին տեղեկացվածության միջոցով: ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կազմակերպած եռօրյա սեմինարի ընթացքում մասնակից երկրները կկատարեն փորձի փոխանակություն և կնեկայացնեն այս ուղղությամբ տարած աշխատանքները: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է Հայաստանում, Հոնդուրասում, Ինդոնեզիայում, Քենիայում, Նեպալում և Ուգանդայում և նախատեսված է 2013-2016 թթ. համար:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ 2015 թ. սեպտեմբերին կառավարությունը ազգային մակարդակով հավանության է արժանացրել գործողությունների ծրագիր, որտեղ նախանշված են այս հանդիպման ընթացքում քննարկվող հիմնահարցերը: Այդ գործողությունների ծրագրով առաջին անգամ նախատեսվում է զարգացող երկրների՝ ներառյալ Հայաստանի ներգրավվածությունը: Հայաստանն իր վրա է վերցնում ջերմոցային գազերի արտանետումների սահմանփակման գործողությունները: «Առաջնային խնդիրը Փարիզում ընդունված համաձայնագրի ստորագրումն է և դրա վավերացումը, ինչից հետո կառավարությանը կներկայացվի ստույգ միջոցառումների ծրագիր, որն ուղղված կլինի այդ համաձայնագրով նշված պարտավորությունների կատարմանը»,- ասաց Պապյանը: Նա հավելեց, որ սկզբունքորեն, այդ պարտավորությունները պետք է չխոչընդոտեն Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը, այլ հակառակը՝ օգնեն զարգացնել այն:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրում կլիմայի փոփոխությունների ծրագրի ղեկավար Դիանա Հարությունյանի խոսքով՝ եթե գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 0,85 աստիճանով, ապա Հայաստանում՝ 1,13-ով, ինչը պայմանավորված է գոտիականությամբ: Հայաստանի համար խոցելի են համարվում սակավաջուր տարիները, արտակարգ եղանակային երևույթները, որ 2 անգամ ավելացել են, ինչպես նաև կարկուտը, հեղեղումները, շոգ օրերի երկարատևությունը և սողանքային տարածքները, որ մեզ մոտ բավականին բնակեցված են:
«Մենք պետք է կարողանանք կազմակերպել մեր տնտեսությունը՝ հաշվի առնելով բոլոր բնակլիմայական ռիսկերը: Դրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է վերականգնել բուսածածկը»,- ասաց Հարությունյանը: