Մերձկասպյան երկրների ﬕջև տարաձայնությունները շարունակվում են. Ադրբեջանի փոխարտգործնախարար
Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման բանակցային գործընթացը շարունակվում է հնգակողմ ձևաչափով՝ ﬔրձկասպյան երկրների ղեկավարների, արտգործնախարարների և փոխարտգործնախարարների, ինչպես նաև Հատուկ աշխատանքային խմբի շրջանակում՝փոխարտգործնախարարների մակարդակով: Այս մասին APA-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով՝ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում ձեռք բերված որոշումներn իրենց ավանդն են ունեցել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հիմնական սկզբունքների համաձայնեցման հարցում ու նպաստել Կոնվենցիայի նախագծի վրա աշխատանքների արագացմանը:
Խալաֆովը հայտնել է, որ մերձկասպյան երկրների միջև անվտանգության ու վստահության ամրապնդման հարցերը դեռ քննարկվում են: «Ծովի իրավական կարգավիճակի որոշման նախագծի պայմանագրում տարաձայնություններ են հարուցում հարցերը, որոնք կապված են ստորջրյա մալուխի և խողովակաշարերի անցկացման հետ», -ասել է Խալաֆովը` նշելով, որ առկա են նաև Համաշխարհային օվկիանոս առափնյա երկրների դուրս գալու հնարավորությունների հետ կապված իրավական հարցեր:
Նա տեղեկացրել է նաև, որ մերձկասպյան երկրների փոխարտգործնախարարների մակարդակով Հատուկ աշխատանքային խմբի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիսին՝ Մոսկվայում և հուլիսին` Աստանայում:
«Հուսով եմ՝ այդ նիստերը նպաստելու են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայնեցման հետագա առաջընթացին»,- ասել է նա:
Խալաֆովը, պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանների սահմանագծման հարցին, հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Բրատչիկովը տեղեկացրել է, որ Ադրբեջան-Ռուսաստան սահմանի սահմանազատման գծով աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:
Վերջինս տեղեկացրել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի երկարությունը կազմում է 480 կմ: Հանդիպումների արդյունքով հաջողվել է համաձայնեցնել 314 կմ պետական սահմանը, ինչի հետ կապված կազմվել են համապատասխան արձանագրություններ:



