ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը մտավ ԱԺ օրակարգ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ մտցրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրով սահմանվում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ զորքերի և միջոցների հիմնական խնդիրների տեղաբաշխման և կիրառման սկզբունքները:

«Դիտարկվող համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծումն է:

Համաձայնագրի դրույթ ների իրականացման համար կողմերի լիազորված մարմիններն են երկու պետությունների պաշտպանության նախարարությունները: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը:

Ինչ վերաբերվում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»,- ասաց Նազարյանը:

Համաձայնագրի դրույթներով նախատեսված է, որ կողմերի լիազորված մարմինները կազմակերպում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ կիրառում ու պլանավորում, հակաօդային պաշտպանության ուղղությամբ իրենց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը:

«Նշված միջոցառումներն ընդգրկվում են կողմերի զինված ուժերի կողմից մշակվող ամենամյա համապատասխան պլանների մեջ: Խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման համար՝ յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով: Միավորված համակարգի զորքերի կայացրած որոշումների ու գործողությունների մասին կողմերի պաշտպանության նախարարությունները ծանուցում են միմյանց»,- ասաց Արա Նազարյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Այն ստորագրել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները: Արա Նազարյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցին, հայտնեց, որ ՌԴ-ում նույնպես սկսվել են համաձայնագիրը վավերացնելուն ուղղված քայլերը, ինչի մասին հայկական կողմին տեղյակ է պահել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Համաձայնագիրը խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շիրակ Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը, Համլետ Հարությունյանը, Արտակ Զաքարյանը: Դեմ քվեարկեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ համաձայնագիրը դրական եզրակացությամբ ընդգրկվում է Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին, թե համաձայնագրով սահմանափակվում են հակաօդային պաշտպանության ոլորտում Հայաստանի գործողությունները: Նա վստահեցրեց, որ նման բան չկա և համաձայնագիրը որևէ կերպ չի խոչընդոտում, որպեսզի Հայաստանը շարունակի ինքնուրույն զարգացնել իր հակաօդային պաշտպանության համակարգը և ազատ լինի իր գործողություններում: Նա վստահեցրեց, որ Հայաստանն ունի կայացած հակաօդային պաշտպանության ուժեր: «Մենք ենք մեր խնդիրը լուծողը, մենք որևէ երկրի վրա հույս չենք դնում, որ գալու են մեզ պաշտպանեն: Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը մենք պետք է դիտարկենք մեր շահերի տեսանկյունից, իսկ այն բխում է մեր շահերից»,- ասաց փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս