Խմորասնկերը՝ դեմքի խնամքի միջոց
Եթե ցանկանում եք առողջ և գեղեցիկ մաշկ ունենալ, ապա պետք է ճիշտ խնամեք դեմքի մաշկը:
Ամենահայտնի դիմակներից մեկը խմորասնկով դիմակներն են:
Խմորասնկերը հարուստ են C, D և B խմբի վիտամիններով, ինչպես նաև՝ հանքանյութերով և ֆոսֆոլիպիդներով, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա:
Խմորասնկերը կենդանի սնկեր են, որոնք դրական են ազդում էպիդերմիսի պաշտպանիչ թաղանթի վրա՝ դրանով իսկ վերականգնելով բջիջների նորմալ նյութափոխանակությունն ու կարգավորելով ճարպագեղձերի աշխատանքը: Ունեն հակաօքսիդանտ ազդեցություն, ինչն էլ ակտիվացնում է կոլագենի սինթեզն ու էլաստիկ է դարձնում մաշկը: Խմորասնկերը խորապես մաքրում և նեղացնում են ծակոտիները: Լավացնում են արյան շրջանառությունը՝ ապահովելով մաշկի լավ գույնն ու փայլը:
Նման արդյունքի համար, սակայն, պետք են կենդանի խմորասնկեր, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից:
Դիմակ յուղոտ մաշկի համար
1 ճ/գ խմորասնկերը խառնեք եռացրած նարնջի հյութի կամ վարդի ջրի հետ (1:1 հարաբերությամբ): Ստացված խյուսը քսեք դեմքին, թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք ջրով:
Դիմակ՝ նորմալ մաշկի համար
Կես տուփ խմորասնկերը խառնեք 1 թ/գ մեղրով և նույնքան լոլիկի հյութով, որպեսզի փափուկ խառնուրդ ստանաք: Թողեք մնա տաք վայրում: Երբ մասսան 2-3 անգամ մեծանա, քսեք դեմքին, թողեք մնա 30 րոպե: Եթե այս ընթացքում չորանա, վրայից ջրով կամ հյութով թրջեք:
Դիմակ չոր մաշկի համար
15-20 գ խմորասնկերը խառնեք ջրով, կաթով կամ յուղով: Ստացված թթվասերանման խյուսը քսեք դեմքին և թողեք մնա 15-20 րոպե: Այրոց զգալու դեպքում անմիջապես մաքրեք դիմակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը