«Հայաստանը պետք է հրաժարվի Եվրոպական միության համար անընդունելի կետից». Բորիս Նավասարդյան

«Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում կարող է հայտնվել այն նույն իրավիճակում, ինչ 2013թ., երբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի դիտարկումներին, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններում դժվարանցանելի հարցեր կան:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ կա մեկ դժվարանցանելի հարց ՀՀ-ԵՄ ներկայիս բանակցային գործընթացում, որն ակնհայտ է, և որի շուրջ վաղուց են քննարկումներ ընթանում կողմերի միջև: Ըստ նրա՝ այդ հարցը վերաբերում է ՀՀ-ի առաջարկած կետին, համաձայն որի՝ նոր համաձայնագրում պետք է ներառվի ձևակերպում, թե ՀՀ-ԵՄ տվյալ համաձայնագիրը չի կարող խոչընդոտել ՀՀ-ի մասնակցությանն այլ ինտեգրացիոն կառույցներին և նախաձեռնություններին: «Բոլորին պարզ է, որ խոսքը ԵՏՄ-ի մասին է: Քիչ հավանական է, որ նման դրույթ ընդունվի ԵՄ-ի կողմից: Եթե նույնիսկ ընդունվի, նշանակում է՝ փաստաթուղթը լինելու է անլուրջ, քանի որ խոսքը շրջանակային ու իրավաբանորեն կաշկանդող համաձայնագրի մասին է, և այնտեղ որևէ անորոշություն՝ որևէ դրույթի հետ կապված, չի կարող լինել:

Այսինքն` եթե դրույթներ կան, որոնք ներառված են և վերաբերում են տարբեր ոլորտներում համագործակցությանը, ապա դրանք պետք է կատարվեն, և չի կարող լինել դրույթ, որը կասկածի տակ է դնում մյուս դրույթների կատարումը: Իսկ ՀՀ-ի կողմից առաջ քաշված դիտարկումը, փաստորեն, որոշակի անորոշություն է հաղորդում փաստաթղթին և կասկածի տակ դնում համարյա բոլոր դրույթները, որովհետև պարզ չէ, թե ինչպիսի սահմանափակումներ ՀՀ-ի ինքնիշխանության համար կարող են ձևավորվել ԵՏՄ գործընթացներին մասնակցության հետևանքով, քանի որ կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ենթադրում են ինտեգրացիայի խորացում, որն իր հերթին՝ նշանակում է ինքնիշխանության զիջում վերպետական մարմիններին: Փաստորեն, մենք մոտավորապես նույն իրավիճակում կարող ենք հայտնվել, ինչ 2013թ., երբ դեռ չեղած պարտավորությունները, այլ ընդամենը քաղաքական մակարդակով հայտարարված ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը, արդեն խոչընդոտում էր այն դրույթների կատարմանը, որոնք ներառված էին Ասոցացման համաձայնագրի նախագծում, որի շուրջ բանակցություններն ավարտվել էին:

Բնականաբար, նույն ճակատագիրը ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի դեպքում, կարծում եմ, պետք է որ անընդունելի լինի ԵՄ-ի համար, իսկ եթե, նորից եմ կրկնում, նույնիսկ ընդունելի լինի այդ դրույթը, կնշանակի, որ այդ համաձայնագիրն իրագործման առումով լուրջ հեռանկարներ չունի»,- պարզաբանեց Բորիս Նավասարդյանը:

Նրա փոխանցմամբ՝ ԵՄ-ն մեկ այլ մոտեցում է առաջարկում, համաձայն որի՝ հայկական կողմը պետք է բանակցությունների արդյունքում վերջնականապես պարզի իր հարաբերությունները ցանկացած երրորդ կողմի հետ, և ըստ իր ցանկության՝ այս համաձայնագրում կներառվեն այն դրույթները, որոնք երրորդ կողմերի հետ հարաբերություններին չեն խանգարում: «Բայց նրանից հետո, երբ համաձայնագիրը ստորագրվի, դրա բոլոր դրույթները պետք է անվերապահորեն կատարվեն և իրականացվեն:

Այս մոտեցումն ավելի պրակտիկ է, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը կայանում է նրանում, որ, եթե Հայաստանը շարունակի նույն արտաքին քաղաքականությունը, ինչ վերջերս, լրջորեն կաշկանդված է, և կարող է չստացվի իր մոտ Ռուսաստանի հետ զուգահեռաբար բանակցել ԵՏՄ բոլոր հեռանկարները և ՌԴ-ՀՀ երկկողմանի հարաբերությունները, որոշակիություն ՌԴ-ՀՀ հարաբերություններում, որոշակիություն ԵՏՄ ապագայի հարցում այսօր պատկերացնելը շատ դժվար է, հատկապես, երբ բազմիցս հայտարարվել է, որ ԵՏՄ-ն զարգացող միավոր է և իր վերջնական տեսքը կստանա 2025 թվականին: Իսկ մինչ դա ինչպիսի՞ զիջումներ պետք է լինեն ինքնիշխանության տեսակետից՝ հասկանալի չէ, խոսքն ընդհանուր արժույթի, այլ համակարգերում ինտեգրացիայի խորացման ու ինքնիշխանության զիջման մասին կարող է լինել, որն իր հերթին՝ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին՝ որևէ ոլորտում հարաբերությունների զարգացման համար: Մի խոսքով՝ Հայաստանը պետք է հստակ պատկերացնի, թե մինչև որ սահմանն է պատրաստ ԵՏՄ-ում ինտեգրվել, և ըստ դրա որոշի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների շրջանակը»,- նշեց Երևանի մամուլի ակումբի ղեկավարը:

Ըստ նրա՝ ԵՄ-ն կառուցողական առաջարկություններով է հանդես գալիս ՀՀ անվտանգության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ևս: Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ԵՄ-ն առաջարկում է հայկական կողմին թվարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները, ապա փորձել դրանք լուծել համատեղ ուժերով: «ԵՄ-ն ասում է` եթե կարողանանք երկուսով այդ խնդիրները հաղթահարել, կհաղթահարենք, և դա կազդի նոր պայմանագրի բովանդակության վրա, եթե չկարողանանք, ապա այն հարցերի շրջանակը, որն անվտանգության առումով որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար, կշրջանցենք ու չենք ներառի փաստաթղթում: Միայն այն դեպքում, երբ Հայաստանն ընկալի ու համաձայնի կիրառել այս ամենը, այդ բանակցությունները հաջող ավարտ կունենան»,- նկատեց նա:

Հարցին` հնարավո՞ր է՝ Ադրբեջանը շատ ավելի շուտ համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, քան Հայաստանը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ դժվար է կանխատեսել, թե որքան կտևի ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ անորոշությունը: «Ադրբեջանն այդ առումով ավելի անկաշկանդ է, չնայած մենք վերջերս տեսնում ենք Ադրբեջանի նկատմամբ ՌԴ ազդեցության աճի միտում: Սա կարող է ենթադրել որոշակի սահմանափակումներ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման տեսակետից, սակայն ցանկացած հարց, որն Ադրբեջանը քննարկում է ԵՄ-ի հետ, նույնպիսի խորություն չի ենթադրում, որքան ՀՀ-ԵՄ հարաբերությունների դեպքում է: Ամեն դեպքում, դա լինելու է նեղ ոլորտներում համագործակցություն: Եթե այնուամենայնիվ որոշակիություն չմտցվի մեր բանակցություններում, Ադրբեջանը կարող է ավելի արագ հասնել այդ նեղ ոլորտներում համաձայնությունների, որոնք այսօր քննարկվում են: Եթե մենք այդ անընդունելի դրույթից հրաժարվենք, գործընթացն արագ կընթանա և մինչև հաջորդ տարի գուցե ավարտվի»,- նման հույս հայտնեց Բորիս Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս