Պատերազմը կդադարի՞, արդյոք Ադրբեջանը չի շարունակի՞ ռազմական գործողությունները
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ողջունելի է համարում նախագահող երեք պետությունների միջեւ կոնսենսուսի առկայությունը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպմանը, նա նշեց, թե 3 խոշոր պետություններն էլ հանդես են գալիս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:
«Շատ կարեւոր մի բան կարելի է նկատել այստեղ, այն է՝ այս երեք երկրների քաղաքական հստակ ուղղվածությունն ընդդեմ Թուրքիայի, քանի որ դա այն պետությունն է, որն այս հարցում դեմ է այդ խաղաղ լուծմանը եւ միմիայն խոսում է խնդիրը միլիտարիստական դիրքերից լուծելու օգտին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծում եմ՝ այն կա՛մ հրաժարվում է, կա՛մ զգուշանում է այն գերակա դիրքորոշումից, որն ունի Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, ղարաբաղյան հարցում: Դա, բնականաբար, ունի իր պատճառները՝ խնդիրներ արտաքին քաղաքականությունում, սիրիական հարցը, Ուկրաինայի խնդիրը, արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի որոշակի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանին, այնպես որ դրությունը բավականին ծանր է: Եվ այդ փոփոխությունները կարծես որոշակի առումով ոգևորում են Մինսկի խմբի մյուս նախագահներին՝ ղարաբաղյան հարցում աշխուժացնելով նրանց գործունեությունը»,- Ասաց դեսպանը:
Դեսպանն ընդգծեց, որ ոգևորված չէ այս հանդիպումից, սակայն միաժամանակ չի ցանկանում լինել վատատես. «Բոլոր դեպքերում բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, բայց արդյո՞ք պատերազմը կդադարի, արդյո՞ք Ադրբեջանը չի շարունակի ռազմական գործողությունները: Ես, անկեղծ ասած, կասկածում եմ»:
Նրա խոսքով՝ Հայաստանի հիմնական նպատակը պետք է լինի այժմ Ղարաբաղը բանակցային դաշտ վերադարձնելը:
«Ամեն ինչ պետք է անենք դա իրականացնելու համար, իսկ արդեն հաջորդ քայլը կարող է լինել արդեն ճանաչման հարցը, որը նույնպես կարեւոր է: Կարծում եմ, որ այսօր Ղարաբաղի ճանաչման հարցը, թերեւս, կապված է մեծ ռիսկի հետ: Նման քայլ անելու համար 22 տարվա ընթացքում մեր դիվանագիտությունը պետք է աշխատեր հնարավոր բոլոր երկրների հետ, որպեսզի երբ պահը գար, ճանաչման գործընթացը սկսվեր: Սակայն հրաժարվել այդ հարցից մենք իրավունք չունենք»: