Սկսվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով նախկին տեղակալի գործի քննությունը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող կուրսանտ Գնել Թևոսյանի հոր՝ Զարմիկ Մարկոսյանի վերաբերյալ գործի քննությունը:

Զարմիկ Մարկոսյանը կոչումով գնդապետ է, զբաղեցրել է զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոնը, սակայն սպանության դեպքից հետո նշանակված ծառայողական քննության արդյունքներում նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Քրեական գործը քննում է դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով քննում է նաև Հայկազ Բարսեղյանի սպանության գործը:

Դատարանն այսօր ճշտեց ամբաստանյալի տվյալները: Նրա պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությամբ: Փաստաբանն ասաց, որ Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում 2015թ. փետրվարի հրամանով՝ Զարմիկ Մարկոսյանն արձակվել է պահեստազոր՝ զինվորական ծառայության պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու հիմքով. ըստ նրա՝ Զարմիկ Մարկոսյանը, այլ կերպ ասած, ենթարկվել է համապատասխան օրենքով նախատեսված ամենախիստ պատժին: Ընդ որում, ըստ փաստաբանի, խոսքը գնում է, ըստ էության, նույն արարքի մասին, որը մեղսագրվում է Զարմիկ Մարկոսյանին: Արա Զաքարյանն ասաց նաև, որ այդ հրամանի հիմքով Զարմիկ Մարկոսյանը զրկվել է նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքով սահմանված դրամական օգնություն ստանալու հնարավորությունից, որի չափը կազմում է 1 մլն 280 հազար դրամ. ըստ նրա՝ դա հավասարազոր է դատապարտման նույն գումարի չափով տուգանքի:

Արա Զաքարյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված տուգանքների չափն էապես նվազ է 1 մլն 280 հազար դրամից, «ինչից անառարկելիորեն հետևում է, որ միջազգային պայմանագրերի իմաստով Զարմիկ Մարկոսյանը վերջնականապես դատապարտվել է հանցագործության կատարման համար՝ չնայած դրան պաշտպանյալիս նկատմամբ կրկին քրեական հետապնդում է իրականացվում՝ ըստ էության նույն գործողությունների համար»: Մեջբերելով միջազգային պայմանագրերի և ներպետական օրենսդրական նորմեր՝ Արա Զաքարյանն ասաց, որ գտնում են՝ Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ ըստ էության արդեն իսկ առկա է քրեական մեղադրանքի վերաբերյալ վերջնական պատիժ, ինչի պայմաններում նա այլևս չի կարող իր գործողությունների համար կրկին քրեական հետապնդման ենթարկվել:

Մեղադրող Հայկ Հարոսյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով՝ ասաց, որ այն առնվազն ժամանակավրեպ է. մինչև քրեական գործով ապացույցների հետազոտում չկատարվի և չհետազոտվի նաև պաշտպանության նախարարի հրամանը, չեն կարող եզրահանգել՝ Զարմիկ Մարկոսյանը նո՞ւյն արարքի համար է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքից ազատվելու տեսքով: Դատաքննության այս փուլում պաշտպանը չպնդեց իր միջնորդությունը: Նա միջնորդեց պաշտպանության նախարարի հրամանը կցել այս քրեական գործին. այն գտնվում է Հայկազ Բարսեղյանի սպանության վերաբերյալ գործում: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ. հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ. Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:

Ամբաստանյալը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց՝ նշելով, որ մեղադրանքը հասկանալի չէ: Նրա պաշտպան Արա Զաքարյանն էլ ասաց, որ մեղադրանքում պետք է հստակություն լինի, պետք է նշվի կատարման ժամանակը, հանգամանքները, սակայն մեղադրանքում նշված է 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ. հունվարի 28-ը ներառյալ ժամանակահատվածը, նշված չէ՝ ում միջոցով է իրականացվել:

Դատարանը որոշեց հետազոտել գործի նյութերը, հարցաքննել վկաներին, ապա ամբաստանյալին: Այսօր հետազոտվեցին գործի ապացույցները: Հրապարակվեցին ամբաստանյալ Զարմիկ Մարկոսյանի մարտական ուղու և աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը: Ըստ դրանց՝ նա մասնակցել է Արցախի մի քանի գյուղերի պաշտպանությանը, ազատագրմանը, պարգևատրվել մի շարք մեդալներով: Հրապարակվեց պաշտպանության նախարարի հրամանը:

Տեսանյութեր

Լրահոս