Չսիրեցինք մենք պանամական օֆշորը
Մայիսի 9-ի երեկոյան Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (The International Consortium of Investigative Journalists – ICIJ) հրապարակեց 214 000 օֆշորային ընկերությունների և օֆշորային սխեմաներում ներգրավված անձանց ցանկը:
Րոպեներ անց հայկական մամուլում հրապարակվեցին ավելի քան 3 տասնյակ հայերի անուններ, ովքեր ներգրավված են օֆշորային սխեմաներում։
Դրանց թվում էր նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով հենց այս պանամական սկանդալի պատճառով հեռացավ զբաղեցրած պաշտոնից։
Մայիսի 9-ից սկսած ICIJ-ի բազան դարձել է ՀՀ տնտեսական լրահոսի հիթը։ Լրագրողները մի կողմից՝ փորձում են պարզել՝ ովքեր են ցանկում ներկայացված անձինք և ինչ օֆշորային գործարքներ են իրականացրել, մյուս կողմից՝ հետաքրքրվում են, թե պատկան մարմիններն ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այս ուղղությամբ։
Իսկ ինչու ենք ասում՝ չսիրեցինք պանամական օֆշորը։ Որովհետև, եթե դիտարկում ենք ԱՊՀ երկրների տվյալները, ապա Հայաստանից հետաքրքրությունն այս օֆշորային գոտու նկատմամբ բավականին թույլ է։
Ինչպես տեսնում եք, Հայաստանից ICIJ-ի բազայում կարելի է գտնել 37 անձի (officer) անուն (տնօրեններ, բաժնետերեր, շահառուներ), որոնցից 4-ը կրկնվում են։ Հայաստանի հետ փոխկապակցված սուբյեկտներ (entities) ICIJ-ի բազայում չկան (սուբյեկտները ներառում են ընկերությունները, հիմնադրամները և այլն)։ Չկան նաև միջնորդներ (օրինակ՝ իրավաբաններ), որոնք օգնում են բաժնետերերին գրանցել օֆշորային բիզնեսներ կամ հանդես են գալիս նրանց անունից։
Համեմատության համար՝ ICIJ-ի բազայում կարելի է գտնել Ռուսաստանի հետ փոխկապակցված 11516 սուբյեկտ և 6285 անձ։
Աղյուսակում, որը դուք տեսնում եք, մենք ներառել ենք նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների տվյալները՝ հերթականությունը՝ ըստ ICIJ-ի բազայում առկա անձանց և սուբյեկտների քանակի։ Առաջատարը Ռուսաստանն է։ Իհարկե, Ռուսաստանի թվերը կարելի է բացատրել բնակչության և տնտեսության չափերով։ Սակայն երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լատվիան վկայում է, որ բնակչության թիվն այս դեպքում էական չէ։
Լատիշների օֆշորային ներկայությունը ICIJ-ի բազայում 80 անգամ գերազանցում է Հայաստանին (2941 սուբյեկտ, 162 անձ)։ Ճիշտ է, Լատվիայի ՀՆԱ-ն մոտ 3 անգամ մեծ է Հայաստանի ՀՆԱ-ից, սակայն բնակչության թվով այս երկիրը մեզ զիջում է (մոտ 2 միլիոն)։
ICIJ-ի բազայում Հայաստանից ավելի քիչ մասնակիցներ ունեն Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը։
Ընդհանուր առմամբ, օֆշորային այս բազայում գրանցված է նախկին ԽՍՀՄ 15 երկրների փոխկապակցված 23967 սուբյեկտ և անձնավորություն։ Հայաստանի մասնակցությունը դրա մեջ կազմում է 0.15%։
Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք՝ հայերս, օֆշորային գործարքների հետ սեր չունենք ու չենք փորձում մեր գումարներն այնտեղ թաքցնել։ Իհա՛րկե ոչ։ Անգամ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարվող ներդրումների մի զգալի մասը գալիս են օֆշորային գոտիներից։ Հասարակական հնչեղություն ստացած մի շարք գործարքների դեպքում նույնպես գործ ունենք օֆշորային ընկերությունների հետ (օրինակ՝ «Դվին» հյուրանոցի ծրագրի դեպքում)։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան», մասամբ օֆշորային է։ Դրա 74.9%-ը պատկանում է C-QUADRAT INVESTMENT AG-ին, որը 9.4%-ով պատկանում է Laakman Holding օֆշորային ընկերությանը։
Պանամական թղթերում մեր համեստ մասնակցությունը կարելի է 2 ձևով բացատրել։ Կա՛մ հայաստանյան «կորեյկոները» նախապատվությունը տալիս են ոչ թե՝ պանամական, այլ՝ ուրիշ օֆշորային գոտիներին, կա՛մ էլ այնքան են հմտացել օֆշորային սխեմաներում, որ կարողանում են հայկական որևէ հետք չթողնել։ Կա՛մ երրորդ տարբերակը՝ երկուսը միասին (ինչն ավելի հավանական է)։
Իսկ վա՞տ բան է արդյոք օֆշորը։ Նայած՝ ինչ տեսանկյունից: Մի առիթով արդեն գրել ենք, որ օֆշորը՝ որպես այդպիսին, սարսափելի բան չէ։ Այն պարզապես ֆինանսական կենտրոն է, որտեղ հարկային պայմանները և բիզնեսով զբաղվելու ընթացակարգերն առավելագույն չափով թեթևացված են։ Այսինքն՝ ընկերությունները գրանցվում են օֆշորային գոտիներում՝ քիչ հարկեր վճարելու և հեշտ աշխատելու համար։ Օֆշորային ընկերությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի հիմնական պատճառն այն է, որ դրանք թափանցիկ չեն՝ սեփականատերերի և գումարների ծագման մասին տեղեկությունները գրեթե անհասանելի են։ Այդ իսկ պատճառով քաղաքացիները, իսկ որոշ դեպքերում՝ անգամ պետական կառույցները, վերապահումով են մոտենում օֆշորային ընկերություններին և նրանց գործունեությանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ երեկ խոսելով պանամական փաստաթղթերի բացահայտման մասին՝ ասել է, որ Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ. «Եթե հարկերը վճարվում է օֆշորում, պետք է պարզվի՝ օֆշորում գործող օրենսդրությանը համապատասխա՞ն է գործում, թե՞ ոչ, հիմա մեր խնդիրը ո՞րն է, բացահայտել՝ ճի՞շտ է օֆշորում վճարում հարկերը, թե՞ ոչ: Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ, այլ հարց է՝ դրա արդյունքում կարո՞ղ է՝ հայկական ընկերությունը պակաս է վճարել իր հարկերը, թե՞ ոչ»:
Իհարկե, այս առումով՝ օֆշորից ողբերգություն սարքելու հիմքեր չկան։ Սակայն Հայաստանում օֆշորը հասարակության լայն շերտերի կողմից ընկալվում է՝ որպես մի վայր, որտեղ հայրենի պաշտոնյաները պահում են ժողովրդից թալանած փողերը։
Մի քանի օր առաջ հրապարակվեց Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Հենրիի հետազոտությունն օֆշորների վերաբերյալ։ Գիտնականն օֆշորային գոտիների «բնակիչների» մասին խոսելիս՝ այսպիսի համեմատություն էր արել. «Դա նման է «Աստղային պատերազմներ» ֆիլմին. մի անկյունում նստած են հարկերից խուսափողները, մյուսում՝ զենքի առևտրով զբաղվողները, երրորդում՝ կոռուպցիոներները։ Կան նաև այնպիսիք, որոնք օֆշորն օգտագործում են փողերի լվացման կամ խարդախությունների համար»։
Այնպես որ, մեր տեսանկյունից կարևոր է ոչ այնքան՝ օֆշորը, որքան այն, թե որ անկյունում և ում ընկերակցությամբ են նստած մեր հայրենակիցները։